Panorama.am-ը գրում է․

«Ինքնագիր»  գրական հանդեսում հրապարակվել է գրող, հրապարակախոս Վահան Իշխանյանի հոդվածը՝  «հեղափոխություն թե էգոիզմ. Նոր տարվա խոստովանության հրավեր հիասթափված հեղափոխականներին» վերնագրով.

«Արի խոստովանենք, որ, ցավոք, ապրիլ֊մայիսին եղածը հեղափոխություն չէր, որ եղել է հեղափոխության պատրանք իշխանությունը զավթելու համար, և բոլորս ենք այդ պատրանքին խաբվել, այո, ուզել ենք խաբվել, կարող ենք բացատրել թե ինչու ենք խաբվել, որ նախորդ իշխանությունը անտանելի էր դարձել, բա ինչ անեինք, որ մեկ անձը որոշել էր հավերժ իշխանության մնար, ինչքա՞ն էր մնալու, էլի 10 տարի՞, թե՞ 20տարի, և հանուն ինչի՞, որ փխրուն անվտանգություն ունեցող երկրը մինչև վերջ դատարկվի՞։

Այո, ամեն ինչ ճիշտ է, բայց խոստովանենք, որ մեզ խաբել են, ոչ միայն, մենք ենք մեզ խաբել առանց քննելու ու վերլուծելու ընդդիմադիր տրիբունի գաղափարները՝ մոռացության մատնելով նրա նախկին գործունեությունը, կամ էլ, եթե հիշեցրել են, ասել ենք՝ տեսեք, նա փոխվել է, այլևս այն ագրեսիվ այլատյացը չի, սեր ու համերաշխություն է քարոզում, և մեր զգացմունքը մտքից ուժեղ է եղել, հաղթել է մտքին, հրճվել ենք նրա կոչերով ու հասարակ մարդու հանդերձավորմամբ՝ ուսապարկով ու շապիկով։

Կարող ենք արդարանալ՝ թե գիտեք, մենք հեղափոխությանը մասնակցեցինք ոչ թե Նիկոլի համար, այլ որ փոփոխության ճամփա բացվի, որ Հայաստանի ընթացքին խոչընդոտող քարը մի կողմ դրվի և հասարակությունը բացվի, լայն շերտեր հնարավորություն ունենան իշխանությանը մասնակցել, մենք ի՞նչ իմանայինք, որ մի իշխանամոլին փոխարինելու է մի ուրիշ իշխանամոլ, որոնց մեջ ոչ մի գաղափարախոսական տարբերություն չկա, որոնց համար իզմերի դարաշրջանը վաղուց ավարտվել է, բայց կառչած են մի իզմից՝ էգոիզմից, ընդ որում, նոր վարչապետը՝ շատ ավելի, քանի որ եսասիրության և հայրենասիրության երկընտրանքի մեջ միշտ ընտրում է եսասիրությունը. մտասևեռումը՝ կալանվորել նրան, ով խանգարել է մի անգամ իր թայֆային իշխանությունը զավթել ու մեղադրել այն նույն հանցանքում, որով ինքն է դատապարտվել(եթե վերանձնային պատճառ էլ կա ապա այն է, որ երկրորդ նախագահը իշխանությունից հեռացրել է այն բոլոր անձանց, ովքեր ձևավորել են ժողովրդի վարչապետի քաղաքական հայացքները և ինչպես բազմաթիվ մարդկանց, նրան էլ ներշնչել իրենց ատելությունը և դարձրել իրենց թշնամանքի զոհը։ Բայց գուցե չէ, գուցե իսկապես ժողովրդի վարչապետը ավելի շատ էգոիստ է, քան հիմար)։ Երկրի համար կարևոր անվտանգության կառույցում՝ ՀԱՊԿ֊ում պաշտոնանկ է անում Հայաստանի ներկայացուցչին, ու երբ ՀԱՊԿ֊ի երկրները թափուր աթոռի վրա զառ են գցում, ասում է՝ «Հարց տանք ինքներս մեզ՝ ՀԱՊԿ-ին լու՞րջ վերաբերվել, թե՞ ոչ», իսկ պատասխանը երկիրն է ստանում՝ քայքայվող հարաբերություններ այն հզոր երկրի հետ, որից զենք է գնում իր դյուրակեզ սահմանները պաշտպանելու համար։ Ապա  հետախուզությունը ձախողած զինվորականին ու 2016֊ի ապրիլյան զոհերի պատասխանատուներից մեկին՝ խորհրդական դարձնում մի իրեն ձեռնտու ցուցմունքի խաթեր և այլն, և այս ամենը ինչի՞ համար, որ մարտի 1֊ը վրայից մաքրելով՝ պսպղացնի սեփական եսը, սեփական էգոն՝ տեսեք ինչպես է անթերի ճառագում առաջնորդը(չընդունենք այն վարկածը, թե այս ամենը արվում է Ադրբեջանի ախորժակը հեշտ բավարարելու համար և երկրորդ նախագահը բանտ է նետվել, որ չկարողանա կանխել Ալիև֊Մամեդիարովի Ադրբեջանի կազմում Ղարաբաղին ինքնավարություն տալու ցեղասպանական ծրագիրը, համարենք, որ այս վարկածը տարածում են երկրորդ նախագահի կողմնակիցները)։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել