168.am-ը գրում է.

Ղարաբաղյան պատերազմի օրերին՝ Արցախին օգնելու համար, համայն հայությունը հանգանակություններ էր անում «Հայաստան» համահայկական հիմնադրամին։ Հավաքվեց ավելի քան 170 մլն դոլար, որի մեծ մասը՝ անհասկանալի հանգամանքներում, վերանվիրաբերվեց կառավարությանը և մտավ պետական բյուջե։

Այդ գումարների հաշվին մի շարք սոցիալական ծրագրեր են իրականացվել ու իրականացվում, որոնք կառավարությունը հիմա փորձում է վերագրել իրեն։

«Արցախում հաշվառված քաղաքացիների աջակցության ծրագրից օգտվում է շուրջ 87 հազար շահառու, կառավարությունն այս նպատակով հատկացրել է 6,4 մլրդ դրամ։ Հաջորդ միջոցառումը՝ Արցախի վերահսկողությունից դուրս գտնվող համայնքների բնակիչների աջակցության ծրագրով ունենք ավելի քան 2000 շահառու, կառավարությունը հատկացրել է մոտ 600 մլն դրամ։ Արցախում դեկտեմբեր ամսվա կենսաթոշակները և նպաստները վճարելու նպատակով Արցախի կառավարությանը գումար հատկացնելու մասին որոշում ենք կայացրել, որի շրջանակում հատկացրել ենք շուրջ 940 մլն դրամ: Արցախում պետական աշխատողների դեկտեմբեր ամսվա աշխատավարձերը վճարելու նպատակով Արցախի կառավարությանը հատկացրել ենք մոտ 3,1 մլրդ դրամ: Արցախի բնակչության վերջին 3 ամսվա կոմունալ վճարումների ամբողջական անհատույց հատուցում. Արցախի կառավարության հետ համատեղ այս նպատակով հատկացրել ենք շուրջ 1 մլրդ դրամ»,- անդրադառնալով Արցախում իրականացվող ծրագրերին՝ կառավարության վերջին նիստում հայտարարեց վարչապետը՝ հավելելով, որ, բացի նշված ծրագրերից, որոնք իր հայտարարած ճանապարհային քարտեզի շրջանակներում են, կառավարությունը հաստատել է ևս 8 միջոցառում, որոնց իրականացման վերաբերյալ հաշվետվությունները կներկայացվեն առաջիկայում։

«Ես ուղղակի ցանկացա այս տեղեկատվությունը բարձրաձայնել, որովհետև այս կայացված որոշումների հետ կապված՝ մենք շատ լայն տեղեկատվություն չենք տարածում՝ նաև նկատի ունենալով, որ այս ամեն ինչը մեր պարտականությունն է, ու դա շատ թմբկահարելու անհրաժեշտություն չկա։

Բայց մյուս կողմից՝ այս պայմաններում փորձ է արվում տպավորություն ստեղծել, թե մենք Արցախին հոգսերի հետ միայնակ ենք թողել»,- փորձեց արդարանալ կառավարության ղեկավարը։

Թե շոուների սիրահար վարչապետը, ով առիթը բաց չի թողնում գովազդելու իր կառավարության նույնիսկ չեղած ձեռքբերումները, ինչու է այս անգամ իրեն այդքան համեստ փորձում ձևացնել, դժվար չէ հասկանալ. այդ ծրագրերն արվում են ոչ թե կառավարության, այլ համայն հայության հանգանակությունների հաշվին։ Ուստի դրանց մասին կառավարությունը չի ուզում շատ խոսել, որովհետև իրականությունը հանկարծ կարող է ջրի երես դուրս գալ, ու պարզվի, որ այդ ծրագրերի ֆինանսավորման հետ կապված՝ կառավարությունը ոչ մի կապ չունի, որքան էլ վարչապետը փորձում է նման տպավորություն ստեղծել։

Հիմնադրամը, որը հատկացրել է այդ գումարները, մնացել է ստվերում, փոխարենը՝ առաջին պլանում է հայտնվել կառավարությունը։

Դեռ այն ժամանակ, երբ Հիմնադրամի փողերը նվիրաբերվեցին կառավարությանը, ակնհայտ էր, թե դրանով ինչ խնդիր են փորձում լուծել իշխանությունները։

Շուրջ 52 մլրդ դրամը կամ ավելի քան 100 մլն դոլարը, որը Հիմնադրամից մտել է պետության գանձարան և հայտնվել կառավարության տրամադրության տակ, փոքր գումար չէր բյուջեի համար։ Հատկապես հիմա, երբ բյուջեն ֆինանսական միջոցների լուրջ խնդիր ունի։ Չեն ապահովվում նախատեսված եկամուտները։ 52 մլրդ դրամը եկավ համալրելու բյուջեի եկամտային մասը։

Դրանք գումարներ էին, որոնց մասին կառավարությունը նույնիսկ չէր կարող երազել։ Այդ գումարները հնարավորություն տվեցին նվազեցնել բյուջեի եկամտային մասի ճեղքվածքը։

Մյուս կողմից էլ՝ կառավարությունը հնարավորություն ստացավ այդ գումարները, որոնք հավաքվել էին համայն հայության ջանքերի, նվիրվածության ու հանգանակությունների արդյունքում, ծառայեցնել սեփական փիառի համար։

Գումարները հանգանակվել էին՝ որպես օժանդակություն արցախահայությանը։ Եթե դրանք չմտենին բյուջե, ապա Հիմնադրամը պիտի իրականացներ այդ ծրագրերը։ Այնպես, ինչպես հանգանակությունների հաշվին մինչև հիմա իրականացված մյուս ծրագրերը։

Հիմա, երբ գումարները մտել են բյուջե և տեղաբաշխվում են բյուջեի միջոցով՝ կառավարությունը դրանց հաշվին իրականացվող ծրագրերը փորձում է վերագրել իրեն։ Ուշադրություն դարձրեք վարչապետի շեշտադրումներին՝ «կառավարությունը գումար հատկացրեց» այս կամ այն ծրագրի համար։

Այնինչ, կառավարությունը որևէ առնչություն չունի այդ գումարների հետ։ Դրանք գոյացել են համայն հայության հանգանակությունների հաշվին ու պիտի ծառայեին իրենց նպատակին՝ անկախ նրանից՝ կմտնեին պետական բյուջե՞, թե՞ կմնային Հիմնադրամում և կտեղաբաշխվեին Հիմնադրամի միջոցով։

Մինչ արցախահայությանն օգնելու և օժանդակելու համար կառավարությունը ձեռքը տարել է Հիմնադրամի գրպան, ինքը շարունակում է շռայլել պետության փողերը և ճոխ պարգևավճարներ բաժանել։ Այն դեպքում, երբ այդ գումարները կարող էին ծառայել շատ ավելի կարևոր խնդիրների լուծման, այդ թվում՝ Զինծառայողների ապահովագրության հիմնադրամում առաջացած ֆինանսական բեռը թեթևացնելու համար։ Խնդիր, որն առաջացել է ղարաբաղյան վերջին պատերազմի ժամանակ՝ իշխանությունների թույլ տված սխալների ու արկածախնդրության հետևանքով։ Պատերազմի զոհերի ու հաշմանդամների թիվն այնքան է ավելացել, որ Հիմնադրամի միջոցներն այլևս բավարար չեն բոլորին օգնելու համար։

Ու դրա համար կառավարությունը երկար-բարակ մտածելուց հետո «հանճարեղ» լուծում է գտել. ֆինանսական բեռը որոշել է դնել քաղաքացիների վրա։

Նախկին հազարի փոխարեն՝ Հիմնադրամի նվազագույն վճարը կդառնա 1,5 հազար։ Բայց դա կվերաբերի մինչև 100 հազար դրամ ստացողներին։ Մինչև 200 հազար ստացողները կվճարեն կրկնակի, և այդպես շարունակ։ Աշխատավարձի աճին զուգընթաց՝ կավելանա նաև Հիմնադրամին վճարվող գումարը։

Այն, ինչ մտադիր է անել կառավարությունը, ֆինանսական, եթե կուզեք, հարկային բեռի ուղղակի ավելացում է, որը կրելու են աշխատող քաղաքացիները։ Նաև նրանք, ովքեր ստանում են նվազագույն աշխատավարձ։

Եվ սա՝ այն դեպքում, երբ իշխանություններն իրենց իրավունք են վերապահում շուրջ 19 մլրդ դրամ բյուջետային միջոցներ հատկացնել հարկատուների գումարներից՝ պարգևավճարներ վճարելու համար։ Մինչդեռ, եթե հրաժարվեին պարգևավճարներից, ապա Հիմնադրամի վճարներն ավելացնելու և աշխատողների վրա ֆինանսական բեռը մեծացնելու խնդիր հաստատ չէր լինի։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել