168.am-ը գրում է․

ԱՄՆ-ի American Airlines Group Inc. խոշորագույն ավիաընկերությունը դեկտեմբերի 29-ին վերսկսել է Boeing 737 MAX ինքնաթիռների թռիչքները, որոնք դադարեցվել էին գրեթե երկու տարի առաջ տեղի ունեցած երկու ավիավթարներից հետո:

Առաջին չվերթը, որի ուղեւորների թվում եղել է ավիաընկերության նախագահ Ռոբերտ Այսոնը, տեղի է ունեցել Մայամիից Նյու Յորք: American Airlines-ը պլանավորում է Boeing 737 MAX ինքնաթիռներն աստիճանաբար վերադարձնել շահագործման այն բանից հետո, երբ ԱՄՆ-ի քաղաքացիական ավիացիայի դաշնային վարչությունը (Federal Aviation Administration, FAA) նոյեմբերին համապատասխան թույլտվություն տվեց:

Ավիաընկերությունն սկսել է ուղեւորներին լրացուցիչ հաղորդել այն մասին, թե որ ինքնաթիռով է իրականացվում չվերթը, որպեսզի նրանց ծանուցեն MAX-ով առաջիկա թռիչքի մասին, գրում է The Wall Street Journal-ը: Boeing 737 MAX-ի թռիչքներն ամբողջ աշխարհում կասեցվել էին 2019 թվականի մարտին տեղի ունեցած երկու ավիավթարներից հետո:

2019 թվականի մարտին Ethiopian Airlines ավիաընկերության այդ մոդելի ինքնաթիռի կործմանման հետեւանքով զոհվել է 157 մարդ: 2018 թվականի հոկտեմբերին Lion Airինդոնեզական ընկերության Boeing 737 MAX-ի կործանման զոհ է դարձել 189 մարդ: Ավիաընկերություններից առաջինը, որը վերսկսել թռիչքները Boeing 737 MAX ինքնաթիռներով, դարձել է բրազիլական GOL Linhas Aereas Inteligentes SA-ն: Ամերիկյան մյուս ավիաընկերությունները՝ United Airlines Holdings Inc.-ը եւ Southwest Airlines Co.-ն, պլանավորում են MAX ինքնաթիռները շահագործման վերադարձնել 2021 թվականի փետրվարին եւ մարտին՝ համապատասխանաբար, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել