168.am-ը գրում է․

Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Ջոնաթան Լաքոտը գալիք տոներին ընդառաջ իր շնորհավորանքներն է հղել հայ և ֆրանսիացի ժողովուրդներին: Դեսպանը «Ֆեյսբուք»-ի իր էջում նշել է, որ Հայաստանի համար 2020 թվականը լի էր փորձություններով:

«Թանկագին հայ ընկերներ, հայաստանաբնակ թանկագին հայրենակիցներ, Հայաստանի համար այսքան փորձություններով լի 2020 թվականի ավարտին մտքով առաջին հերթին այն ընտանիքների հետ եմ, որոնց օջախներում սեղանի շուրջ աթոռներից մեկը դատարկ կմնա: Այժմ տոնակատարության ժամանակը չէ, բայց առավել քան երբևէ կցանկանայի կիսվել այն հույսով, որն այս երկիրը շարունակում է ինձ ներշնչել»,- գրել է դեսպանը:

Ջոնաթան Լաքոտը Հայաստանին մաղթել է ապրել խաղաղ և անվտանգ` առանց վախենալու տեսնել կրկին առաջնագիծ մեկնող իր երիտասարդներին:

«Իր պատմությունը հազարամյակներով չափող Հայաստանին մաղթում եմ վստահություն ունենալ իր ապագայի հանդեպ: Մաղթում եմ Հայաստանին երբևէ չկասկածել իր գեղեցկության, իր ուժի և տաղանդի մեջ: Մաղթում եմ հայերին զերծ մնալ տարաձայնություններից և վայրագ հողմերից: Մաղթում եմ հայերին միասին նույն ուղղությամբ նայել: Մաղթում եմ հայերին հպարտ լինել այս երկիրն իրենց զավակներին ավանդելու համար»,- նշել է Լաքոտը:

Հայաստանում Ֆրանսիայի դեսպանն իր երկրին մաղթել է միշտ լինել Հայաստանի կողքին:

«Մաղթում եմ Ֆրանսիային հիշել, թե ինչ են իրեն տվել հայերը: Մաղթում եմ ֆրանսիացիներին գալ Հայաստան կամ երբեմն այստեղ իրենց հայացքը սևեռել։ Մաղթում եմ ֆրանսիացիներին միշտ սիրել Հայաստանը, ինչպես Հայաստանն է դեռևս սիրում մեզ: Յուրաքանչյուրին մաղթում եմ, որ 2021 թվականը լինի խաղաղության, երջանկության և բարգավաճման տարի»,- եզրափակել է Լաքոտը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել