168.am-ը գրում է․

«Ոստիկանության ծառայողի, քննիչի, դատախազության աշխատակցի, առհասարակ ուսադիր կրող յուրաքանչյուր անձի համար պատիվն ու արժանապատվությունը, որ ձեռք են բերում ողջ կյանքի ընթացքում, վեր են ամեն ինչից, նույնիսկ՝ կյանքից: Եվ իրենց համար խոր ցավ պիտի լինի յուրաքանչյուր դավաճանական քայլ՝ անկախ նրանից՝ ում կողմից դա կլինի»,- 168.am «Ռեվյու» հաղորդաշարի հերթական թողարկման ընթացքում ասաց ՀՀ Քննչական կոմիտեի (ՔԿ) Վերահսկողության գլխավոր վարչության նախկին պետ, արդարադատության գեներալ-մայոր Թաթուլ Պետրոսյանը:

Ըստ նրա՝ արտաքին ծառայություն իրականացնող ոստիկանների պարտականությունն է՝ ապահովել հասարակական կարգը, և համազգեստով նրանք ծառայություն են իրականացնում այնտեղ, որտեղ այդ օրն իրենց նշանակել են ծառայության:

«Ես Ազգային ժողովի մոտ տեղի ունեցածի տեսագրությունն եմ դիտել, ու այնտեղ հստակ պատկերված էր, թե ինչից վեճն առաջացավ: Քաղաքացիները խաղաղ անհնազանդության ակցիա էին իրականացնում, և դա արգելված չէ որևէ իրավական ակտով: Իրենց ակցիան իրականացնելու ժամանակ նրանք կանգնած էին պատգամավոր Սիսակ Գաբրիելյանի մեքենայի մոտ: Մեքենան կանգնած էր, և դա նույնպես էական հանգամանք է, որովհետև եթե այն շարժման մեջ լիներ, կարող էր վթարային իրավիճակ առաջանալ: Զարմանալին այն էր, որ ԱԺ պատգամավորն այդ դրվագում հարձակողական վարքագիծ դրսևորեց, նախահարձակ եղավ, և սկսվեց հայհոյանքների տեղատարափ, ինչն անընդունելի է հասարակության մեջ, ուր հաստատապես նաև կանայք ու երեխաներ կային»,- ասաց արդարադատության գեներալ-մայորը՝ անդրադառնալով ԱԺ-ի մոտ իմքայլական նախկին լրագրող պատգամավոր Սիսակ Գաբրիելյանի մասնակցությամբ տեղի ունեցած միջադեպին: Թաթուլ Պետրոսյանի պնդմամբ՝ ակնհայտ է, որ այս պարագայում պատգամավորի գործողություններին պետք է տրվի իրավական գնահատական:

Ինչ վերաբերում է դատական համակարգի դեմ սկսված հարձակումներին, Թաթուլ Պետրոսյանն ասաց, որ մեր ժողովրդին ճիշտ պետք է բացատրել՝ ինչ ասել է քրեական արդարադատությունը:

«Դատարանն ինքնաբերաբար չի իրականացնում քրեական արդարադատություն: Դատական ակտը կայացվում է նաև հետաքննական դատախազական աշխատանքի արդյունքում: Հիմա դատարանները բազմաթիվ ձերբակալությունների որոշումներ դիտում են ոչ իրավաչափ և շատ դեպքերում մերժում են կալանքը որպես խափանման միջոց կիրառելու միջնորդությունները: Դատարանն այդ որոշումներն օդից չի վերցնում»,- ասաց Թաթուլ Պետրոսյանը՝ հավելելով, որ շատ հաճախ դրանք մերժվում են ոստիկանների ու քննիչների թերի կամ ոչ բավարար աշխատանքի արդյունքում:

Շատերն էլ, ըստ արդարադատության գեներալի, ձերբակալության որոշում են կայացնում, որ պատասխանատվությունն իրենց վրա չմնա:

«Չէ՞ որ բոլորի համար ակնհայտ է, որ իրավապահ մարմիններն այսօր անկախ որևէ գործունեություն չեն կարողանում իրականացնել: Եվ այդպես գնում է դատարան, իսկ դատարանը բոլոր դեպքերում կիրառում է օրենքը»,- ասաց Թաթուլ Պետրոսյանը՝ շեշտելով, որ թեպետ այսօր շատ փորձառու և պրոֆեսիոնալ քննիչներ կան, ովքեր լավ գիտեն օրենքի տառը, սակայն ոստիկանության շատ աշխատակիցներ ու քննիչներ կատարում են քաղաքական պատվեր, չեն կարողանում չլինել իրենց վերադասի կամ իշխանական թևի կամակատարները:

Մանրամասները՝ տեսանյութում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել