168.am-ը գրում է․

Սյունիքի մարզում հայկական բոլոր շահեկան դիրքերը թշնամուն հանձնելուց հետո, մարզի մի շարք համայնքներ հայտնվել են թշնամու թիրախում, քանի որ այդ գյուղերից որոշակի տարածքներ գտնվում են թշնամու վերահսկողության տակ։

Որոտանում և Շուռնուխում իրենց հասանելիք տարածքները ստանալուց հետո թշնամին հասել է նաև Քարահունջ։

««Քարահունջ» ՀԷԿ-ի տնօրենի հաղորդմամբ, թշնամին այսօր գնացել է «Քարահունջ»  ՀԷԿ-ի տարածք ու աշխատողներին ասել է, որպեսզի վաղվանից աշխատողները չգնան, քանի որ այն իրենց տարածքն է»,- այս մասին 168.am հետ զրույցում ասաց Քարահունջ վարչական  համայնքի ղեկավար Լուսինե Ավետյանը։

Ինչ վերաբերում է Քարահունջ համայնքին, ապա, ըստ վարչական ղեկավարի, իրենց որևէ բան չեն ասել, քանի որ թույլ չեն տվել մասնակցել սահմանազատման աշխատանքներին։

«Քարտեզագրման, չափագրման աշխատանքներին մենք չենք մասնակցում, դրա համար չգիտենք էլ՝ ինչ տարածք են տալիս, ինչ են անում։ Մեզ մարզպետարանից ասել են, որ հատուկ խումբ կա, որը մասնակցում է այդ սահմանազատման աշխատանքներին։ Մեր գյուղից թշնամին 3-4  կիլոմետր հեռավորության վրա է։ Ըստ նրանց քարտեզագրման, թշնամու ճանապարհը պետք է անցնի Քարահունջ համայնքի միջով, ես չգիտեմ՝ ինչ է լինելու»,- նշեց Լուսինե Ավետյանը։

«Քարահունջ» ՀԷԿ-ի տնօրեն Մարատ Հովհաննիսյանն էլ մեզ հետ զրույցում ասաց, որ արդեն 3-4 օր է՝ ՀԷԿ-ը չի աշխատում։

«Մենք ունենք սեփականաշնորհման վկայական, գնել ենք Հայաստանի տարածքում գտնվող հողը և այնտեղ ՀԷԿ ենք կառուցել։ Փաստաթղթերը ցույց ենք տվել, որ այդ ՀԷԿ-ը մերն է, դրանից 200 մետր հեռավորության վրա է գտնվում Ադրբեջանի սահմանը։  Թշնամին եկել ասում է՝ սա ձեր տարածքը չէ, մերն է, թողեք գնացեք։ Ուզում էին մոնտաժ կատարել, չեմ թողել։  ՀԷԿ-ի մի մասը, շենքի ու խողովակաշարի մի մասը, էլեկտրական գծերը մնացել է նրանց տարածքում, ՀԷԿ-ը չի աշխատում։ Պատկան մարմինները որևէ բան չի ասել, մեր քաղաքապետարանը տեղյակ է, գիտի, որ իրենց փաստաթղթերով այդ տարածքը համարվում է հայկական։ Հիմա անորոշ վիճակ է։ Մենք տարեկան պետությանը 100 մլն դրամի չափ հարկ ենք վճարում, ունենք 15 աշխատակից, այսինքն՝ սա միայն իմ խնդիրը չէ, այլ պետության խնդիրն է»,- շեշտեց ՀԷԿ-ի տնօրենը։

Հիշեցնենք՝ նոյեմբերի 10-ին հրապարակվել էր Հայաստանի Հանրապետության վարչապետի, Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի նախագահների հայտարարության պաշտոնական տեքստը, որով դադարեցվում է Արցախում Ադրբեջանի սանձազերծած պատերազմը։ Պատերազմի ավարտի ու կրակի դադարեցման մասին համաձայնագրում նշված է` պատերազմող երկու կողմերը կանգնում են այն դիրքերում, որտեղ կանգնած են, Հայաստանը մինչև նոյեմբերի 15-ը Ադրբեջանին է վերադարձնում Քարվաճառը, մինչև դեկտեմբերի մեկը՝ Բերձորի շրջանը, թողնելով 5 կմ լայնությամբ միջանցք, որն ապահովելու է Հայաստանի կապը, սակայն չի շոշափելու Շուշին։ Արցախում տեղակայվելու են ռուս խաղաղապահներ։ Այնուհետև ՌԴ-ի միջնորդությամբ Քարվաճառի հանձնումը երկարաձգվեց 10 օրով՝ մինչև նոյեմբերի 25-ը։ Նոյեմբերի 25-ին՝ Քարվաճառն ազատագրող Մոնթե Մելքոնյանի ծննդյան օրը, այնտեղից դուրս բերվեցին հայկական զորքերը։

Եռակողմ համաձայնագրի արդյունքում նաև՝ տարածաշրջանում բոլոր տնտեսական և տրանսպորտային կապերն ապաշրջափակվում են: Հայաստանի Հանրապետությունը երաշխավորում է տրանսպորտային կապերի անվտանգությունը Ադրբեջանի Հանրապետության արևմտյան շրջանների և Նախիջևանի Ինքնավար Հանրապետության միջև` երկու ուղղություններով քաղաքացիների, տրանսպորտային միջոցների և ապրանքների անխոչընդոտ տեղաշարժը կազմակերպելու համար։ Նաև՝ տեղի է ունենում ռազմագերիների, պատանդների և պահվող այլ անձանց ու մահացածների մարմինների փոխանակում: Ներքին տեղահանված անձինք և փախստականները ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակի վերահսկողության ներքո վերադառնում են Լեռնային Ղարաբաղի տարածք և հարակից տարածքներ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել