168.am-ը գրում է.

ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովն առաջարկում է փետրվարի 1-ից սպառողների մի մասին վաճառվող էլեկտրական էներգիայի սակագինը բարձրացնել, որպեսզի էլեկտրաէներգետիկական համակարգում ֆինանսական ճեղքվածք չառաջանա։ ՀԾԿՀ աշխատակազմի հաշվարկների համաձայն՝ սպառողներին վաճառվող էլեկտրական էներգիայի միջին կշռված սակագինն անհրաժեշտ է բարձրացնել 2.27 դրամ/կՎտժ-ով (ներառյալ՝ ԱԱՀ-ն)։

Առաջարկվում է՝ սոցիալապես անապահով ընտանիքների և ամսական մինչև 400 կՎտժ սպառում ունեցող բնակիչ-բաժանորդների համար գործող սակագները թողնել նույնը, իսկ մնացած սպառողների համար բարձրացնել 3 դրամ/կՎտժ-ով (ներառյալ՝ ԱԱՀ-ն)։ Հանձնաժողովի հաշվարկներով՝ բնակիչ-բաժանորդների շուրջ 90%-ի համար սակագինն անփոփոխ է մնում:

Էներգետիկ անվտանգության փորձագետ, «Մեկ Հայաստան» կուսակցության քաղխորհրդի անդամ Վահե Դավթյանի համար էլեկտրական էներգիայի սակագնի բարձրացումն անսպասելի չի եղել:

Նրա խոսքով՝ մի քանի գործոն սակագնի բարձրացման պատճառ է հանդիսացել:

«Շատ տարածված է այն կարծիքը, որ Արցախի ՀԷԿ-երի կորցնելու հետևանքով է պայմանավորված սակագնի բարձրացումը, բայց ասեմ, որ Արցախի ՀԷԿ-երի տեսակարար կշիռը հայաստանյան էլեկտրաէներգետիկ համակարգում բավականին ցածր էր: Ճիշտ է, 2018 թվականից ի վեր Արցախից մենք էլեկտրաէներգիա ենք ներկրում, որը, իհարկե, անհամեմատ ավելի էժան էր, քան Հայաստանում արտադրվածը, քանի որ այն արտադրվում էր հիդրոէլեկտրակայաններում, իսկ փոքր ՀԷԿ-երը, ինչպես գիտենք, արտադրում են ամենացածր ինքնարժեք ունեցող էլեկտրաէներգիան, բայց լավագույն դեպքում ներկրումը տարեկան հասնում էր 200-250 միլիոն կվտժ-ի: Մինչդեռ Հայաստանում տարեկան արտադրվում է 7-7.2 միլիարդ կվտ/ժ էլեկտրաէներգիա: Եվ ասել, որ այս պատերազմի արդյունքում է, որ գինը բարձրանում է, կարծում եմ, որ այնքան էլ արդարացված մոտեցում չէ»,- 168.am-ի հետ զրույցում ասաց էներգետիկ անվտանգության փորձագետը՝ ընդգծելով, որ կան շատ խորքային, կառավարչական բնույթի խնդիրներ, որոնք ստեղծել են այս իրավիճակը:

«Առաջինը դա երկրի էներգետիկ համակարգում կուտակված հսկայական վարկային միջոցներն են: Ընդ որում, Հայաստանի էներգետիկ համակարգն առանձնանում է իր ավելցուկային հզորություններով: Սա նշանակում է, որ խոշոր հաշվով մեր էներգետիկ ռազմավարությունը պետք է խարսխված լինի էլեկտրաէներգիայի կայուն արտահանման վրա: Այսինքն, որքան շատ էլեկտրաէներգիա ենք մենք արտահանում արտաքին շուկաներ, այնքան մեծ է հնարավորությունը երկրի ներսում էներգետիկ համակարգի արդյունավետությունն ապահովելու ու սոցիալակենտրոն սակագներ ապահովելու համար:

Մինչդեռ մենք վերջին 2 տարվա ընթացքում վերջնականապես կորցրել ենք Վրաստանի էլեկտրաէներգետիկ շուկան, այսինքն՝ այլևս Վրաստանի ուղղությամբ էլէներգիա չենք արտահանում: Սա ևս ունի իր պատճառները: Խնդիրն այն է, որ իշխանությունները, որոնք, ինչպես գիտենք, տառապում են յուրաքանչյուր բան սեփական կետից սկսելու բարդույթով, 2018թ. հայտարարեցին, որ պետք է վերանայվեն Հայաստան-Վրաստան բարձրավոլտ նոր օդային գծի կառուցման, ինչպես նաև «Դդմաշեն» ենթակայանի կառուցման նախագծերը: Նախագիծ, որը մաս է կազմում Հյուսիս-Հարավ էներգետիկ միջանցքի և կոչված է Հայաստանից էլեկտրաէներգիայի արտահանմանը խթանելուն: Առ այսօր այդ նախագիծը վերանայում են, այն հաստատված չէ և, արդյունքում, ամբողջությամբ վրացական շուկայում զիջել ենք մեր դիրքերն ադրբեջանական «Ազերէներջի» ընկերությանը»,- նշեց Վահե Դավթյանը:

Փորձագետի դիտարկմամբ՝ իրանական ուղղությամբ ևս սպասվում են շատ լուրջ զարգացումներ:

«Թեև այս ուղղությամբ շարունակում ենք կայուն էլեկտրաէներգիա արտահանել, բայց այնտեղ ևս վերջին շրջանում ակտիվացել է Ադրբեջանը, ինչպես նաև՝ Թուրքմենստանը, և մի քանի շաբաթվա ընթացքում մենք տեսնում ենք, թե ինչպես Թեհրանն ու Բաքուն բազմաթիվ ռազմավարական բնույթի պայմանագրեր են կնքում համատեղ էներգետիկ օրակարգի ձևավորման մասով: Եթե այս միտումները շարունակվեն՝ կարծում եմ, որ վաղ թե ուշ կկորցնենք նաև Իրանի էլեկտրաէներգետիկ շուկան:

Հիմա ի՞նչ է ստացվում. ունենք ավելցուկային հզորություններ, արտահանման հսկայական հնարավորություններ, սակայն մեր ձախողված արտաքին քաղաքականության արդյունքում չենք կարողանում էֆեկտիվորեն օգտագործել այդ ներուժը: Սրան գումարվում է երկրի ներսում էներգետիկ համակարգում կուտակված հսկայական վարկային բեռը, ինչպես նաև սպառման բավականին համեստ դինամիկան ներքին շուկայում: Եվ որպեսզի այդ վարկը, որն արդեն մոտ 1 միլիարդ ԱՄՆ դոլար է, համակարգը կարողանա մարել, այդ համակարգի պատասխանատուները ստիպված դիմում են սակագնային կարգավորման մեթոդների: Այսինքն, բարձրացնելով սակագները՝ քիչ թե շատ կայուն միջավայր են ստեղծում այս վարկերը մարելու նպատակով»,- մանրամասնեց էներգետիկ անվտանգության փորձագետը:

Երկրորդ խնդիրը, ըստ մեր զրուցակցի, 2020թ. հուլիսի 19-ին 10.000 խմ-ից ավելի սպառողների համար գազի սակագնի բարձրացումն է՝ 5-6 տոկոսով: Այստեղ թիրախում են հայտնվել ոչ միայն ջերմոցային տնտեսությունները, վերամշակող կազմակերպությունները, այլև ջերմաէլեկտրակայանները:

«ՋԷԿ-երն արտադրում են ՀՀ-ում արտադրվող էլէներգիայի 40-42 տոկոսը: Բնականաբար, նրանք ավելի բարձր սակագին են վճարում գազի համար, հետևաբար, դա ուղղակիորեն անդրադառնում է նրանց կողմից արտադրված էլէներգիայի ինքնարժեքի և վերջնական գնի վրա:

Բազային երրորդ խնդիրն ատոմակայանն է: Ինչպես գիտենք, 2021 թվականին ատոմակայանը կանգնեցվելու է 140 օրով՝ վերանորոգման աշխատանքների իրականացման նպատակով:

Ըստ ՀՀ էներգետիկ անվտանգության ապահովության մոդելի, երբ ատոմակայանը կանգնեցվում է նորոգման աշխատանքների համար, հիմնական գեներացիոն բեռն իրենց վրա վերցնում են ՋԷԿ-երը, որոնք աշխատում են անհամեմատ ավելի բարձր սակագնով: Եվ ստեղծված իրավիճակում, կարծում եմ, որ էլէներգիայի սակագնի բարձրացումը ժամանակի հարց էր և անխուսափելի:

Ամեն ինչ սկսվեց նրանից, որ լուծարելով Էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարությունը, փաստորեն, խարխլեցին ՀՀ ազգային անվտանգության առանցքային հենասյուներից մեկը՝ էներգետիկ անվտանգությունը: Դրանից հետո, փոխանցեցին Հայաստանի երկարաժամկետ էներգետիկ զարգացման ծրագրի մշակման աշխատանքներն օտարերկրյա USAID կազմակերպությանը, որը մշակեց մինչև 2036թ. ոլորտի զարգացման ծրագիր: Այնտեղ չեք գտնի գեթ մեկ դրույթ, որը բխում է Հայաստանի ազգային էներգետիկ շահից: Համադրելով այս ամենը՝ կարող ենք ասել, որ թևակոխել ենք էներգետիկ ճգնաժամի բարդ փուլ, որից դուրս գալը հեշտ չի լինելու»,- ասաց Վահե Դավթյանը:

Նրա դիտարկմամբ՝ էլէներգիայի սակագնի բարձրացումը կազդի տնտեսության վրա, շուկայում արդեն առկա է բավականին լուրջ գնաճ, և այս միտումները շարունակվելու են:

«Պետք է հասկանանք, որ էլեկտրաէներգետիկ համակարգը կորելացվում է երկրի ընդհանուր տնտեսական վիճակի հետ»,- հավելեց փորձագետը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել