168.am-ը գրում է․

Արտահերթ ընտրություններ՝ իր հրաժարականի փոխարեն. սա վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջարկած նոր օրակարգն է: Այն նախ՝ դեկտեմբերի 25-ին ֆեյսբուքյան գրառմամբ, ապա՝ նաև դեկտեմբերի 27-ին, «Առաջին ալիքի» եթերում վերջնական ձևակերպում ստացավ:

Վարչապետը նշեց, որ նախատեսում է խորհրդակցություններ սկսել խորհրդարանական ուժերի հետ, քանի որ այսօրվա օրենսդրությամբ՝ խորհրդարանական արտահերթ ընտրություններ իրականացնելու երկու մեխանիզմ կա՝ վարչապետի հրաժարականից հետո ԱԺ-ն երկու անգամ վարչապետ չի ընտրում, և նշանակվում են արտահերթ խորհրդարանական ընտրություններ, և կամ՝ այլ տարբերակ՝ Սահմանադրության մեջ փոփոխություններ են իրականացվում, և խորհրդարանը ստանում է ինքնալուծարման և արտահերթ խորհրդարանական ընտրություններ նշանակելու լիազորություն:

Հայրենիքի փրկության շարժման միասնական թեկնածու Վազգեն Մանուկյանը չի կարծում, որ Նիկոլ Փաշինյանն իսկապես գնալու է արտահերթ ընտրությունների, ըստ նրա՝ դա վարչապետի կողմից դաշտը տրոհելու հերթական փորձն է.

«Սովորական տրյուկն է՝ հին-նոր, սև-սպիտակ, էլիտա-ժողովուրդ, կուսակցություներ, որ հիմա ուզում են գնալ արտահերթ ընտրությունների- ոչ. մենք հստակ ասել ենք՝ ոչ մի ընտրություն Նիկոլ Փաշինյանի ղեկավարությամբ չի կարող լինել Հայաստանում»:

Վարչապետի՝ արտահերթ ընտրությունների գնալու ցանկությունը, քաղաքագետ Ստեփան Դանիելյանի կարծիքով ևս, միանշանակ չէ. 168.am-ի հետ զրույցում նա մասնավորապես նշեց. «Գործող վարչապետն ուզում է իր հրաժարականի շուրջ դիսկուրսը փոխել նոր ընտրությունների դիսկուրսով, դնել քննարկման և մաքսիմալ փորձել այդ քննարկումները երկարացնել. ինքն ուզում է ժամանակ շահել»:

Հարցին, թե ինչո՞ւ, քաղաքագետը պատասխանեց. «Որովհետև ինքը հույս ունի՝ ինչ-որ իրավիճակ կփոխվի, և մինչև իր ժամկետի ավարտը, նման թեմաներ փոխելով, կկարողանա ձգել և հանրությանն այս մտքի հետ հարմարեցնել, որ հանրությունը հաշտվի այս իրավիճակի հետ, և ինքը փորձի ինչ-ինչ քայլեր անել:

Այսինքն՝ նույնիսկ ընտրություններ անցկացնելու առումով, կարծում եմ, ինքն անկեղծ չէ. ինքն ուղղակի թեմա է փոխում և ժամանակ է փորձում ձգել»:

Նա վտանգավոր համարեց այս փուլում ընտրությունների գնալու՝ վարչապետի իջեցրած օրակարգը, իսկ նրա կողմից շրջանառվող թեզը, որ ժողովուրդը պետք է որոշի Հայաստանի իշխանությունը, որակեց դեմագոգիա. «Ժողովուրդն ընտրել է Ազգային ժողով, այլ ոչ թե վարչապետ, և ըստ Սահմանադրության՝ ԱԺ-ն կարող է կառավարություն ցրել, կամ վարչապետը կարող է հրաժարական տալ, կարելի է նոր կառավարություն ընտրել. այստեղ ժողովրդի կամքին դեմ ոչինչ չկա, այդ ամեն ինչը սահմանադրորեն նախատեսված է:

Այսինքն՝ նա փորձում է իշխանությունը ներկայացնել՝ որպես վարչապետի. ժողովուրդն ընտրել է վարչապետին, այլ ոչ թե՝ Ազգային ժողով:

Այս իրավիճակում, բնականաբար, ընտրությունների գնալը և քաոսի վերածել երկիրը, երբ քաղաքական համակարգը դեռևս խելքի գալու խնդիր ունի (որովհետև 2018 թվականից սկսած՝ փլուզված է ամբողջ քաղաքական համակարգը, այս պատերազմից հետո՝ առավել ևս, իսկ մեզ ընտրություններ անցկացնելու իրավիճակ է պետք), նաև Ադրբեջանի հետ կապված հարաբերությունների կոնտեքստում՝ դա շատ վտանգավոր է»:

Անդրադառնալով ընդդիմության վարչապետի միասնական թեկնածու Վազգեն Մանուկյանի այն դիտարկմանը, թե ընտրությունների դեպքում հնարավոր են ընդհարումներ, «ամեն քվեատուփի մոտ կռիվ է լինելու, արյուն է թափվելու», և պատասխանելով հարցին՝ արդյո՞ք հասարակության մեջ լարումն ու բաժանումն այդ աստիճանի է հասել, որ նման սցենարը հավանական է, քաղաքագետն ասաց. «Հասարակության մեջ բաժանումն այդ աստիճանի է հասել, որովհետև մի ստվար զանգված համարում են, որ այս ամեն ինչը հատուկ կերպով է արվել, և դրա տակ քաղաքականություն է եղել այս վարչապետի և իր նեղ շրջանակի կողմից (իրենք նաև մինչև 2018 թվականը և դրանից հետո համոզմունք էին հայտնում, որ Արցախի խնդրի պարագայում մենք ապագա չունենք՝ և՛ տնտեսական առումով, և՛ այլ: Այսինքն՝ իրենք մտածում էին այդ հարցն ինչ-որ ձևով լուծել, և այդ լուծման մեջ կարող էր մտնել նաև ընդհանրապես Արցախից հրաժարվելը: Երբ նման մտածողությամբ մարդիկ իշխանություն են դառնում, մնացածն արդեն տեխնիկայի հարց է): Բազմաթիվ մարդիկ այդ համոզմունքն ունեն, և հանդուրժել նման, իրենց կարծիքով, դավաճանի իշխանության մնալը, բնականաբար, չեն հանդուրժի:

Պետք է հասկանանք նաև, որ կառավարման համակարգն է քայքայվել, և տարբեր տեսակի մարդիկ կան, որոնք կփորձեն օգտվել իրավիճակից, ընտրություններին մասնակցել, նույնիսկ կարող են արյունահեղության դեպքեր լինել՝ ինչպես ոչ շատ երիտասարդները հիշում են, թե նման անիշխանության պայմաններում՝ 1990-ական թվականներին, ինչպես էին ընտրություններ անցկացվում, երբ տեղամասեր մտնում էին զենքով և կրակում: Հիմա ավելի վատ վիճակ է այդ առումով. այն ժամանակվա իշխանությանը ոչ ոք դավաճան չէր համարում, հիմա՝ շատերը համարում են:

Այսինքն՝ այս պայմաններում ամեն ինչ հնարավոր է, և ես համաձայն եմ Վազգեն Մանուկյանի կարծիքի հետ»:

«Ես համոզված եմ, որ Նիկոլ Փաշինյանը՝ որպես վարչապետ, չկա: Պետական համակարգը մասամբ իրեն արդեն չի ենթարկվում, միայն վերևի ինչ-որ օղակներ. մենք դա տեսնում ենք ուժային կառույցների պահվածքում, Տեղական ինքնակառավարման մարմինների մի մասն իր հրաժարականն է պահանջում, մի մասը, ըստ իս, սպասում է պահի, որպեսզի պահանջի, մենք տեսնում ենք, որ ամբողջ քաղաքական դաշտը և նաև խորհրդարանական երկու ընդդիմադիր ուժերը նույնպես իր հրաժարականն են պահանջում, տեսնում ենք եկեղեցու դիրքորոշումը, մենք տեսնում ենք, որ այս մարդը բարոյապես և քաղաքականապես ի վիճակի չէ շարունակել երկրի կառավարումը»,- եզրափակեց Ստեփան Դանիելյանը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել