Hraparak.am-ը գրում է․

Նիկոլ Փաշինյանը հմտորեն օգտագործում է իր ձեռքի տակ եղած գործիքակազմը՝ իշխանությունը պահելու համար։ Դրա համար օգտագործվում են եւ վերբալ՝ խոսքային մանիպուլյացիաները, եւ ուժայինների հնարավորությունները, եւ քրեական գործեր հարուցելու մեխանիզմները, եւ ֆեյսբուքն ու դրա հնարավորությունները, եւ անգամ կրիմինալ աշխարհն են սկսել ներգրավել այդ պրոցեսին։ Մինչդեռ ընդամենը ամիսներ առաջ քրեական ենթամշակույթի դեմ էին պայքարում։ Հիմա, ասում են, որոշ կրիմինալ ավտարիտետներ նույնիսկ կառավարական դաչաներում են հյուրընկալվում։
Սակայն ամենաշատ կիրառվող գործիքը գաղտնալսումներն են, որոնք ծաղկում են Փաշինյանի իշխանության շրջանում։

Ինչպես նաեւ՝ հակառակորդի բանակում ներդրված գործակալական ցանցը։ Մեր տեղեկություններով, ցանկացած բան, որ որոշում է ընդդիմությունը, անգամ փոքր ֆորմատներով, շատ արագ դառնում է իշխանություններին հասանելի։ Մանավանդ բողոքի ակցիաները, որոնք կազմակերպելու համար ավելի մեծ թվով մարդիկ են նախօրոք տեղեկացված լինում, որպեսզի կազմակերպական հարցեր կարգավորեն։ Այդ որոշումներից ընդամենը րոպեներ անց իշխանությանը տեղեկացնում են դրանց մասին եւ նրանք անմիջապես հակաքայլեր են ձեռնարկում։ 

Օրինակ, նոյեմբերի 9-ից հետո, երբ Նիկոլ Փաշինյանը պետք է գար ԱԺ՝ հարց ու պատասխանի, ընդդիմությունը որոշել էր փակել ճանապարհները եւ թույլ չտալ, որ իշխանական պատգամավորներն ու կառավարության անդամները մուտք գործեն ԱԺ։ Սակայն, երբ վաղ առավոտյան՝ նիստից մի քանի ժամ առաջ ընդդիմադիրները գալիս են Դեմիրճյան փողոց, տեսնում են, որ ոստիկանական մի հսկա բանակ արդեն պաշարել է ԱԺ մուտքը եւ այլեւս հնարավոր չէ այն փակել։ 

Կարելի է ասել, որ այսօր իշխանությունը հսկայական ռեսուրս եւ միջոցներ է ծախսում իշխանական աթոռները պահելու եւ ընդդիմության ակցիաները ցրելու վրա։ Եթե այդ ռեսուրսների մի մասը ծախսվեր երկրի հարցերը լուծելու վրա, գուցե բողոքը նվազեր եւ ոմանք հրաժարվեին իշխանափոխության հասնելու մտքից։ Իսկ չկառավարվող, անիշխանություն երկրում, որտեղ պետությունն ու իր ինստիտուտները կաթվածահար են, իշխանափոխությունը դառնում է կենսական պահանջ եւ ոչ մի ոստիկան ու քրեական գործ չի կարող այդ ընթացքը կասեցնել։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել