Pastinfo.am-ը գրում է․

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սիսակ Գաբրիելյանն այսօր ճեպազրույցի ժամանակ անդրադարձավ առավոտյան իր և ԱԺ-ի դիմաց ակցիա իրականացնող քաղաքացիների միջև տեղի ունեցած միջադեպին։

«Առավոտյան աշխատանքի էի գալիս, տեսա, որ ճանապարհահատվածը մի քանի տասնյակ քաղաքացիների կողմից փակված է։ Կանգնեցի ու նկատեցի, որ մի քանի քաղաքացի վազելով մոտեցան իմ մեքենային։ Ո՛չ փախել եմ ու ո՛չ էլ փախնելու էի։ Մեջները կային ագրեսիվ վարքագիծ դրսևորող քաղաքացիներ, եկան ու մեքենայի դիմացի հատվածին սկսեցին ձեռքով հարվածել, պահել, պատուհանս իջեցրեցի ու հարցրեցի՝ ինչ են ուզում։ Մի քանիսը սկսեցին հայհոյել։ Երեք-չորսի դեմքն եմ շատ լավ հիշում, որ ծաղրական, խուլիգանական արտահայտություններ էին անում, վիրավորում, այդ թվում իմ հայհոյանքից էլ գուցե շատ ավելի վատ։ Երբ պատուհանը փակեցի, մեկ-երկու շատ ուղեժ հարված եղավ մեքենային, և պատուհանն իջեցրեցի ու հարցրեցի՝ ով հարվածեց։ Այնտեղից էլի կոպիտ պատասխան է լինում ու ես մեքենայից դուրս եմ գալիս և մնացածը քաղաքացիները տեսել են։ Տեսանյութի մեկ այլ հատված կար, որ քաղաքացի է գետնին ընկած և ես նրան հարվածում եմ։ Ասեմ, որ այդ քաղաքացին մոտեցավ ինձ, պիջակիցս էր բռնել։ Նոյեմբերի 9-ի գիշերն այդտեղ ծեծել են ԱԺ նախագահին, հիմա դու գալիս ես աշխատանքի ու տեսնում 15 ագրեսիվ երիտասարդներ վազում են քո վրա։ Իմ արձագանքն այդ պահին այն էր, որ գոնե ինքնապաշտպանվեմ»,-ասաց Սիսակ Գաբրիելյանը՝ նշելով, որ իր հասցեին հնչել են հայհոյանքներ և ինքն էլ պատասխանել է։

Պատգամավորը նշեց՝ փոշմանում է, որ երկրում կան քաղաքացիներ, որոնք չեն հասկանում, որ կարելի է քաղաքակիրթ ճանապարահով լուծել հարցերը․ «Ես պատրաստ էի իջնել՝ նրանց հետ խոսելու։ Ես այս երկրում եմ ապրում և գիտեմ, որ կան քաղաքացիներ, գուցե շատ քաղաքացիներ, որ չեն ընդունում ինձ և մեր քաղաքական թիմը։ Որևէ մեկին պիտակավորում չեմ տվել, երբեք որևէ մեկին անձնապես չեմ վիրավորել։ Եթե կան քաղաքացիներ, որոնք ուզում են ինձ հետ խոսել, ես միշտ պատրաստ եմ։ Ես պատերազմի հետ կապված երբևէ այս ընթացքում չեմ խոսել, որովհետև ինձ համար էլ կան դեռևս որոշակի հարցեր, որոնց պատասխանը չունեմ։ Պետք է այդ հարցերին պատասխաններ տրվեն»,-ասաց Սիսակ Գաբրիելյանը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել