ԱԺ-ի մոտ պատգամավորը ծեծում է ցուցարարներին, ու դո՞ւք եք խոսում վատ ավանդույթներից։ Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 28-ին, ԱԺ-ում ասաց ԲՀԿ պատգամավոր Իվետա Տոնոյանը՝ դիմելով «Իմ քայլի» պատգամավոր Հայկ Սարգսյանին։

«Երբ այս ամբիոնից պաթոսախառը ելույթներ են հնչում նախկինում արված սխալների կամ նախկինում եղած խնդիրների մասին, ես էլ կուզենայի որոշակի թվային տվյալներ ներկայացնել այս իշխանության 2,5 տարվա արդյունքների վերաբերյալ։ Պարոն Սարգսյանը նշեց 20-30 տարիների հետ կապված տվյալներ։ Ձեր իշխանության 2,5 տարվա պաշտոնավարման արդյունքում ՀՀ տարածքը 42 հազար քառակուսի կիլոմետրից դարձավ 29 հազար, թշնամու հետ շփման գիծը երկարեց 500 կիլոմետրով, սաձազերծված պատերազմի արդյունքում ունեցանք մոտ 5 հազար զոհ, մոտ 10 հազար վիրավոր, ունեցանք մոտ 40 հազար անտուն մնացած հայրենակիցներ, որոնց խնդիրներն այսօր պետք է լուծվեն, բայց իշխանությունը զբաղված է ամեն ինչով՝ բացի այդ օրակարգով զբաղվելուց։ Այսօր ականատես ենք լինում մեկը մյուսին հակասող, իրարամերժ հայտարարությունների ՀՀ թիվ մեկ պաշտոնյայից. ամեն հարցազրույցի ժամանակ մի նոր փաթեթավորմամբ մատուցվող իբր թե ճշմարտություններ։ Մենք ունենք ջայլամի քաղաքականությամբ առաջանորդվող ղեկավար կազմ։ Ընդամենը րոպեներ առաջ ԱԺ մուտքի մոտ ցուցարարներին ծեծող պատգամավոր ունենք, եւ դուք դեռ խոսում եք ինչ-որ վատ ավանդույթների՞ց»։

Հիշեցնենք, որ բողոքի ակցիայի ժամանակ ծեծկռտուք է տեղի ունեցել ցուցարարների եւ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սիսակ Գաբրիելյանի միջեւ: Վերջինս բռունցքներով հարվածներ է հասցրել ցուցարարներից մեկին, հնչել են երկուստեք հայհոյանքներ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել