168.am-ը գրում է․

Էներգետիկ փորձագետ, «Մեկ Հայաստան» կուսակցության քաղխորհրդի անդամ Վահե Դավթյանը կարծում է, որ «Գազպրոմ Արմենիան» կրկին հայտ կներկայացնի հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով՝ սակագները վերանայելու նպատակով:

«Ելնելով դրամի արժեզրկումից՝ բավականին ռիսկային գոտում է հայտնվում նաև գազատրանսպորտային ոլորտը, որովհետև մենք բնական գազը  Ռուսաստանից ձեռք ենք բերում դոլարով՝ 165 դոլար՝ 1000խմ-ի դիմաց: Հիմա, քանի որ դոլարի փոխարժեքը բավականին բարձրացել է և շարունակում է բարձրանալ, չեմ բացառում, որ  մոտ ապագայում գազատրանսպորտային օպերատորը, այսինքն՝ «Գազպրոմ Արմենիան», կրկին հայտ կներկայացնի հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով՝ սակագները վերանայելու նպատակով: Առանց այն էլ ընկերությունն այսօր բավականին բարդ վիճակում է, որովհետև այն հայտը, որը ներկայացվել էր ընկերության կողմից ապրիլի 1-ին, միայն մասնակիորեն է բավարարվել»,- 168.am-ի հետ զրույցում ասաց փորձագետը:

Նրա խոսքով՝ ընկերությունն այսօր ստիպված է վերանայել իր ներդրումային քաղաքականությունը, ինչն իր հերթին՝ շատ լուրջ ռիսկեր է ստեղծում էներգետիկ անվտանգության համար, և հետո սկսել է աշխատակիցների կրճատում:

«Ըստ որոշ տվյալների՝ արդեն մոտ 600 աշխատակցի կրճատել են: Ստեղծված իրավիճակում «Գազպրոմ Արմենիան» կրկին գնալու է սակագների վերանայման ճանապարհով՝ կարգավորող հանձնաժողովին առաջարկելով  հաստատել, սահմանել ընկերության համար ավելի  նկատակահարմար սակագներ՝ գազատրանսպորտային  համակարգում խորքային ճգնաժամ թույլ չտալու նպատակով:

Մի քանի օր առաջ բաց նամակով դիմեցի ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանին, ով դեկտեմբերի 17-ին Սանկտ Պետերբուրգում հանդիպել է «Գազպրոմի» նախագահ Ալեքսեյ Միլլերի հետ, օրակարգում ՀՀ մատակարարվող բնական գազի գնի հարցն էր: Կառավարությունը որևէ պաշտոնական տեղեկատվություն այս բանակցությունների մասին դեռևս չի հայտնում, մինչդեռ ժամանակն է, որ հայկական կողմը ներկայացնի հասարակությանը, թե ինչպիսի՞ փոփոխություններ են սպասվում սահմանին.սպասվո՞ւմ են, թե՞ ոչ: Հայկական կողմն ունի՞ արդյոք իր համար սահմանված քիչ թե շատ նպատակահարմար գին,  որի շուրջ վարվում են բանակցությունները, որո՞նք են հայկական կողմի կարմիր գծերը, և արդյո՞ք քննարկվել է նաև երկրի ներսում սակագների  բարձրացման հարցը՝  պայմանավորված դոլարի փոխարժեքի  կտրուկ աճով»,- նշեց Վահե Դավթյանը՝ հայտնելով, որ ՌԴ-ից բնական գազ ներկրող բազմաթիվ պետություններ՝ Բելառուսը, Մոլդովան, արդեն հայտարարում են, որ ձեռք են բերել պայմանավորվածություններ:

«Մինսկը սկզբից նշել էր իր կարմիր գծերը՝ ասելով, որ127 դոլարից բարձր  պատրաստ չէ վճարել: Ո՞րն է հայկական կողմի դիրքորոշումը, թե՞ մենք, ինչպես միշտ, չունենք դիրքորոշում»,- եզրափակեց մեր զրուցակիցը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել