168.am-ը գրում է․

Բազմաթիվ ապրանքային շուկաներում արձանագրվող թանկացումները ստիպեցին Կենտրոնական բանկին վերանայել վերաֆինանսավորման տոկոսադրույքը։ Այն վերանայվեց և միանգամից բարձրացվեց 1 տոկոսային կետով. նախկին 4,25-ից հիմա տոկոսադրույքը 5,25 է։

Վաղուց Կենտրոնական բանկը նման կտրուկ քայլ չէր կատարել։ Այս տարվա ընթացքում տոկոսադրույքը մի քանի անգամ վերանայվել էր, բայց բացառապես նվազման ուղղությամբ։ Չորս քայլով ԿԲ-ն տոկոսադրույքն իջեցրել էր 1,25 տոկոսային կետով։ Հիմա միանգամից բարձրացնում է 1 տոկոսային կետով։

Սա նշանակում է, որ ԿԲ-ն գնաճի ակտիվացման հետ կապված լուրջ մտահոգություններ է տեսնում։ Եվ, հավանաբար, ոչ միայն գնաճի ակտիվացման, այլև ֆինանսական շուկայում տեղի ունեցող դրսևորումների առումով։

Տոկոսադրույքի բարձրացումը նշանակում է փողի թանկացում։ Այդ քայլով ԿԲ-ն բարձրացնում է տնտեսության մեջ մտնող փողի գինը՝ փորձելով զսպել պահանջարկը։

Սա տնտեսության համար ոչ ձեռնտու քայլ է։ Այն չի բխում տնտեսական գործընթացները խթանելու տրամաբանությունից։ Այսօր, երբ տնտեսությանը լրացուցիչ խթաններ են պետք՝ մենք ստիպված ենք գնալ դրանք արգելակելու ճանապարհով։ Պատճառը գնաճի ակտիվացումն է։

Կենտրոնական բանկը գների կայունության ապահովման խնդիր ունի և հարկադրված է միջոցներ ձեռնարկել՝ համատարած թանկացումների ալիքը զսպելու համար։ Այլ հարց, թե վերաֆինանսավորման տոկոսադրույքի բարձրացումը որքանո՞վ է ամենաարդյունավետ գործիքն այս պարագայում։ Այն սովորաբար իր ազդեցությունը թողնում է ավելի երկարաժամկետ հատվածում, եթե ընդհանրապես թողնում է։

Գնաճի վրա ազդող շատ ավելի անմիջական գործիք է փոխարժեքը։  Վերջին շրջանում արձանագրվող թանկացումների մի մեծ հատված  պայմանավորված է մեծամասամբ ազգային արժույթի արժեզրկմամբ։ Անշուշտ, կան նաև այլ ազդեցություններ՝ թելադրված արտաքին շուկաներից, բայց հիմնական պատճառն ազգային արժույթի վարքագիծն է։

Զարմանալի չէ, որ գների բարձրացումը տեղի է ունենում տնտեսական ակտիվության անկման և սպառողական պահանջարկի կրճատման պայմաններում։

Դրամը թուլացել է հիմնական արժույթների նկատմամբ՝ հանգեցնելով ապրանքների գների բարձրացման։ Քանի դեռ դրամն արժեզրկված է, հատկապես կարճաժամկետ հատվածում անիմաստ է սպասել գների նվազեցման։ Երկարաժամկետում գուցե վերաֆինանսավորման տոկոսադրույքի վերանայումը որոշակի ազդեցություն ունենա, բայց կարճաժամկետում նման սպասումներ չպետք է փայփայել։

Սոցիալական առումով՝ սա լուրջ խնդիր է։ Այն բերելու է երկրում սոցիալական լարվածության խորացման։ Թեև առանց դրա էլ սոցիալական իրավիճակը մեր երկրում բարվոք չէ։ Եկամուտների անկման հետևանքով՝ գնալով նվազում է վճարունակ պահանջարկը՝ հանգեցնելով հասարակության աղքատացման։

Այս խնդիրներին մատների արանքով նայելը հղի է ծանր հետևանքներով։

Բարձրացնելով վերաֆինանսավորման տոկոսադրույքը՝ ԿԲ-ն մտադիր է ազդել գնաճի վրա և թուլացնել սպառողների վրա գների բարձրացման սոցիալական ծանրաբեռնվածությունը։ Բայց մոտակա ժամանակահատվածում, առանց այլ գործիքների կիրառման՝ այդպիսի սպասելիքներ չեն կարող լինել։

Միջին գնաճը, անշուշտ, կպահպանվի նախատեսված թիրախային ցուցանիշի շրջակայքում, նույնիսկ կարող է ավելի ցածր լինել, բայց դրանից սպառողների հոգսերը չեն թեթևանա։ Գների այն տեղաշարժը, որը վերջին շրջանում նկատվում է լայն սպառման և առաջին անհրաժեշտության ապրանքների շուկաներում, չի կարող հաղթահարվել այնքան ժամանակ, քանի դեռ չեն վերացել դրանց առաջացման պատճառները։

Հիմնական պատճառներից մեկը, ինչպես նշեցինք, ազգային արժույթի թուլացումն է։ Սակայն դա միակը չէ։

Արտաքին հատվածում, ԿԲ կարծիքով, ի հայտ են եկել նոր ռիսկեր, որոնք ստիպել են գնալ վերաֆինանսավորման տոկոսադրույքի բարձրացման։

«Չորրորդ եռամսյակում  համաշխարհային տնտեսության փաստացի զարգացումները հիմնականում կրել են կորոնավիրուսի համավարակի նոր ալիքի և դրա հետ կապված որոշ երկրներում սահմանափակումների ազդեցությունը, ինչը բացասաբար է անդրադարձել համաշխարհային պահանջարկի և տնտեսական ակտիվության վրա։ Մյուս կողմից՝ 2021թ. տարեսկզբից պատվաստանյութերի հնարավոր արդյունավետ կիրառության վերաբերյալ սպասումները դրական միջավայր են ձևավորել համաշխարհային պահանջարկի վերականգնման հեռանկարի առումով: Այս իրավիճակում գնաճային միտումներ են արձանագրվել թե՛ հումքային, և թե՛ պարենային ապրանքների միջազգային շուկաներում, ինչն աստիճանաբար արտահայտվում է նաև գործընկեր երկրների գնաճային միջավայրի վրա: Ելնելով նշված զարգացումներից՝ ԿԲ Խորհուրդը գնահատում է, որ արտաքին հատվածից ՀՀ տնտեսության վրա ակնկալվում է որոշակի գնաճային ազդեցություն»,- վերաֆինանսավորման տոկոսադրույքի բարձրացումը հիմնավորել է Կենտրոնական բանկը։

Արտաքին հատվածից թելադրված գնաճային դրսևորումներ որոշ ապրանքային շուկաներում, անշուշտ, կան։ Սակայն թանկացումները պայմանավորված չեն միայն արտաքին գործոններով։ Առավել ևս, ներքին շուկայում շատ ապրանքներ թանկացել են ոչ ամենևին ձեռքբերման գների բարձրացման հետևանքով։ Տարադրամով արտահայտված՝ այդ գները չեն բարձրացել, բայց ազգային արժույթի արժեզրկման հետևանքով՝ ներքին շուկայում դրանց վրա մեծացել է գնաճային ճնշումը։

Դրամի թուլացումն ավելացրել է նաև ներմուծման հարկերը, ինչը ևս լրացուցիչ ծանրաբեռնվածություն է առաջացրել ապրանքների գների վրա։

Վերաֆինանսավորման տոկոսադրույքը բարձրացնելով՝ ԿԲ-ն ակնկալում է, որ գնաճը կթուլանա, բայց ռիսկերը ակտիվացման ուղղությամբ կշարունակեն պահպանվել՝ պայմանավորված տնտեսության հեռանկարների հետ կապված անորոշություններով։ Թեև ԿԲ-ն չի գնացել տնտեսական աճի կանխատեսումների նոր վերանայման, այնուհանդերձ, դրական սպասումներ չունի տնտեսության այս տարվա զարգացումների վերաբերյալ։

«Երրորդ եռամսյակում ՀՀ-ում, ԿԲ կանխատեսումներին համահունչ, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ՝ արձանագրվել է 9,1 տոկոս տնտեսական անկում, ինչը ձևավորվել է  տնտեսության բոլոր՝ հատկապես ծառայությունների ոլորտում արձանագրված նվազումների հաշվին: Չորրորդ եռամսյակում, ԿԲ գնահատականների համաձայն, ցածր տնտեսական ակտիվությունը և թույլ ներքին պահանջարկը կպահպանվի` պայմանավորված ՀՀ-ում ռազմական դրության հաստատման և կորոնավիրուսի համավարակի նոր ալիքի բռնկման ու բարձր տեմպերով տարածման, ինչպես նաև նշված գործոնների ներքո տնտեսական աճի հեռանկարների հետ կապված անորոշության բացասական ազդեցություններով»,- արձանագրել է Կենտրոնական բանկը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել