168.am-ը գրում է.

Արցախի Քաշաթաղի շրջանի Աղավնո համայնքը եղել է հայկական ու այդ կարգավիճակով էլ մնալու է։ Գյուղում ադրբեջանցի չկա։ Այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց Աղավնո համայնքի ղեկավար, ՀՅԴ անդամ Անդրանիկ Չավուշյանը։

«Այստեղ թուրք չի եղել ու չի էլ լինելու։ Երեկ մի տեսանյութ էին տարածել, կարծես թե դրա մասին է խոսքը, որ թուրքը եկել է Աղավնո, հիմա ուզում եմ հասկանալ, թե այդ ամենն ինչո՞ւ ու ո՞ւմ համար են արել։ Ի սկզբանե ես հայտարարել էի, որ այս գյուղ ադրբեջանցի չի մտնելու»,- ասաց նա։

Անդրանիկ Չավուշյանի խոսքով՝ Աղավնոյի բոլոր բնակիչները վերադարձել են,  ապրում են իրենց տներում․ «Բոլորն անցել են իրենց բնականոն կյանքին, չնայած նրանց մի մասը սգավոր է։ Հիմա գյուղում բնակիչները պատրաստվում են Ամանորին, ոչ թե ճոխություններով, այլ քրիստոնեական ավանդույթներով, շատ համեստ։

Դե, գյուղի ուղղությամբ թշնամու կողմից մի քանի անգամ կրակոցներ եղել են, գիտեմ, որ եթե մենք պատասխանենք, նրանք կնկարեն ու ցույց կտան խաղաղապահներին, թե տեսեք՝ հրադադարը խախտում են։ Մենք նրանց կրակոցներին չենք պատասխանել, եթե ուղիղ կրակոց լինի, կկանխարգելենք։ Արդեն 1,5 ամիս է՝ թշնամին իր դիրքերում է, ռուս խաղաղապահն էլ կանգնած է իր տեղում՝ ապահովելով անվտանգությունը։ Չնայած չեմ բացառում հետագա ոտնձգությունները՝ թուրքը մնում է թուրք»։

Նա նաև ընդգծեց, որ նոյեմբերի 10-ի հայտնի եռակողմ հայտարարությունից հետո որևէ մեկն իրենց չի ասել, որ պետք է լքեն գյուղը, հակառակը՝ ռուս խաղաղապահներն ասել են, որ մնան իրենց տներում։

«Ռուս խաղաղապահներն էին հետաքրքրվում, թե գյուղում ովքեր են ապրում, երբ հարցրեցի՝ ինչու են հարցնում, ասացին՝ զուտ հետաքրքրության համար, ուզում էին նվերներ բերել, ես էլ ասացի՝ շատ լավ։ Ես իմ հողի վրա եմ կանգնած ու կանգնելու եմ միշտ։ Այս ամենի համար մեղավոր են պետական մարմինները, բայց դրա մասին այժմ չեմ ցանկանում բարձրաձայնել, դրա ժամանակը չէ, բայց դրա ժամանակն էլ կգա»,- եզրափակեց Անդրանիկ Չավուշյան։

Հիշեցնենք՝ նոյեմբերի 10-ին հրապարակվել էր Հայաստանի Հանրապետության վարչապետի, Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի նախագահների հայտարարության պաշտոնական տեքստը, որով դադարեցվում է Արցախում Ադրբեջանի սանձազերծած պատերազմը։ Պատերազմի ավարտի ու կրակի դադարեցման մասին համաձայնագրում նշված է` պատերազմող երկու կողմերը կանգնում են այն դիրքերում, որտեղ կանգնած են, Հայաստանը մինչև նոյեմբերի 15-ը Ադրբեջանին է վերադարձնում Քարվաճառը, մինչև դեկտեմբերի մեկը՝ Բերձորի շրջանը, թողնելով 5 կմ լայնությամբ միջանցք, որն ապահովելու է Հայաստանի կապը, սակայն չի շոշափելու Շուշին։ Արցախում տեղակայվելու են ռուս խաղաղապահներ։ Այնուհետև ՌԴ-ի միջնորդությամբ Քարվաճառի հանձնումը երկարաձգվեց 10 օրով՝ մինչև նոյեմբերի 25-ը։ Նոյեմբերի 25-ին՝ Քարվաճառն ազատագրող Մոնթե Մելքոնյանի ծննդյան օրը, այնտեղից դուրս բերվեցին հայկական զորքերը։

Եռակողմ համաձայնագրի արդյունքում՝ նաև տարածաշրջանում բոլոր տնտեսական և տրանսպորտային կապերն ապաշրջափակվում են: Հայաստանի Հանրապետությունը երաշխավորում է տրանսպորտային կապերի անվտանգությունը Ադրբեջանի Հանրապետության արևմտյան շրջանների և Նախիջևանի Ինքնավար Հանրապետության միջև` երկու ուղղություններով քաղաքացիների, տրանսպորտային միջոցների և ապրանքների անխոչընդոտ տեղաշարժը կազմակերպելու համար։ Նաև՝ տեղի է ունենում ռազմագերիների, պատանդների և պահվող այլ անձանց ու մահացածների մարմինների փոխանակում: Ներքին տեղահանված անձինք և փախստականները ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակի վերահսկողության ներքո վերադառնում են Լեռնային Ղարաբաղի տարածք և հարակից տարածքներ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել