Սյունիքի մարզի Կապան-Ագարակ գյուղ ճանապարհն ամբողջովին անցել է Ադրբեջանի վերահսկողության ներքո, ինչի պատճառով ՀՀ քաղաքացիները դադարել են օգտվել այդ ավտոճանապարհից: Այս մասին Ազգային ժողովում կազմակերպված աշխատանքային քննարկման ընթացքում ասաց Կապանի համայնքապետ Գևորգ Փարսյանը:

«Այժմ թշնամին Սյունիքի բնակելի հատվածից գտնվում է 100 մետր հեռավորության վրա, Կապանի բնակելի հատվածից՝ 1 կմ հեռավորության վրա, և այդ բնագծերը զիջելով՝ լուրջ խնդիր է առաջացել։ Շատ կարևոր բարձունքներ են, թշնամու կողմից զբաղեցնելու դեպքում Կապանը և այլ բնակավայրեր դառնում են թշնամու համար լուրջ թիրախ»,- նշեց համայնքապետը։

Նա ընդգծեց, որ առկա է լուրջ խնդիր ճանապարհների անվտանգության հետ կապված.

«Ունենք 3 խնդրահարույց ճանապարհ՝ Կապան-Գորիս, Կապան-Ճակատեն և Կապան-Ագարակ գյուղ: Այսօրվա դրությամբ Կապան-Գորիս և Կապան-Ճակատենը գործում են, բայց Կապան-Ագարակ գյուղ տանող հատվածը ստիպված ենք եղել այլևս չօգտագործել, որովհետև այն ամբողջովին անցել է թշնամու վերահսկողության ներքո։ Սրա հետ կապված դեռ կարգավորում չկա: Բարեբախտաբար, կա այլընտրանքային ճանապարհ, բայց այն ամբողջովին հիմնանորոգման կարիք ունի և երկար է, իսկ ձմռանը գրեթե անանցանելի է դառնում»:

Համայնքապետի խոսքով՝ այդ ճանապարհի պատճառով գյուղացիները որոշ առումով շրջափակման մեջ են ընկել: Քաղաքում լարված վիճակ է բնակչության մոտ, ոչ մեկը չի պատկերացնում, թե ինչ է սպասվում  հետագայում. «Ինձ՝ որպես համայնքի ղեկավարի, հարցնում են՝ ի՞նչ է լինելու։ Բնականաբար, ես ադ հարցի պատասխանը չունեմ, բայց հավատացած եմ, որ պետք է ամեն ինչ անենք, որ ապահովվենք մեր ազգաբնակչության անվտանգությունը»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել