Արցախի Հանրապետության դեմ սանձազերծված ռազմական գործողությունների առաջին իսկ պահերից Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությունն իր գործառույթների շրջանակներում գործուն պայքար է մղել Արցախի Հանրապետությունից Հայաստանի Հանրապետության տարածք ապօրինի կերպով հրազեն, փամփուշտներ, ռազմամթերք,  պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելու, իրացնելու, պահելու, փոխադրելու կամ կրելու դեպքերը բացահայտելու եւ շրջանառությունն արգելված նշված առարկաները որպես գործիք օգտագործելով հնարավոր հանցագործությունները նախականխելու եւ կանխելու ուղղությամբ: Այս մասին հաղորդագրություն է տարածել Հայաստանի ԱԱԾ-ն:

Հաղորդագրությունում նաեւ ասվում է.

«Այսպես.

2020 թվականի սեպտեմբերի 27-ից մինչեւ նույն թվականի դեկտեմբերի 24-ն ընկած ժամանակահատվածում ՀՀ ազգային անվտանգության ծառայությունում հարուցվել եւ քննվել է պատերազմի ընթացքում տեղի ունեցած մարտական գործողություններով պայմանավորված ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելու, իրացնելու, փոխադրելու կամ կրելու մեկ տասնյակից ավել հարուցված քրեական գործեր եւ նախապատրաստված նյութեր, որոնցով հայտնաբերվել եւ առգրավվել են ընդհանուր թվով 4 հատ գնդացիրներ, օպտիկական սարքերով համալրված  հակատանկային նռնականետեր, թվով 12 հատ «ԱԿ74», «ԱԿՄ», «ԱԿ-ՍՈւ» եւ այլ տեսակի ինքնաձիգներ, նշանակետի խոցման բարձր հավանականություն ունեցող 14 հատ օպտիկական սարքերով հրազեններ, 9 արկղ 5.45 մմ տրամաչափի փամփուշտներ՝ յուրաքանչյուրում 2560 հատ փամփուշտ, 5 արկղ 7.62 մմ տրամաչափի փամփուշտներ, 2168 հատ 7.62, 9.18 եւ 5.45 մմ տրամաչափի փամփուշտներ, մարտավարական եւ տեխնիկական հատկանիշներով զգալի ավերածություններ առաջացնող, խոցման բարձր հավանականություն ունեցող 27 հատ պայթուցիչներ, 4 հատ նռնակի պայթուցիչ, 13 հատ մեխանիկական պայթուցիչներ, վառոդաթելեր, 14 հատ «ՌԳԴ», «Ֆ-1» եւ այլ տեսակի նռնակներ, հակատանկային նռնակի իրաններ, տրոտիլային խորանարդիկներ, էլեկտրական դետոնացման սարքեր, տրոտիլի ապահովիչներ, հրթիռային կայանների համար նախատեսված, ինչպես նաեւ ազդանշանային փամփուշտներ, ատրճանակներ, սվին դանակներ, հրազենների համար նախատեսված մաս-մեխանիզմներ եւ շրջանառությունն արգելված բազմաթիվ այլ իրեր ու առարկաներ:

Վերոհիշյալ քրեական գործերով քրեական հետապնդումներ են հարուցվել ընդհանուր թվով 18 անձանց նկատմամբ, 16 անձ հանցանք կատարելու մեջ անմիջականորեն ծագած կասկածանքի հիման վրա ձերբակալվել են, որոնցից 9-ի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:

Հիշյալ քրեական գործերի նախաքննությամբ ձեռնարկված անհետաձգելի քննչական ու դատավարական այլ գործողությունների ու օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում  պարզվել է, որ զենքերը, ռազմամթերքը պայթուցիկ նյութերը կամ սարքերը ձեռք են բերվել Արցախի պաշտպանական տարբեր շրջաններից եւ նախատեսված են եղել կամ օգտագործվել են ռազմական գործողություններում:

Քրեական գործերով որպես մեղադրյալ նեգրավված անձինք զենք-զինամթերքը  թաքցնելով հիմնականում Արցախից մեկնող ավտոմեքենաներում ապօրինի կերպով տեղափոխել կամ փորձ են արել տեղափոխել Հայաստանի Հանրապետություն` առանձին դեպքերում խմբի կազմում մի քանի անձանց նախնական համաձայնությամբ:

ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը շարունակում է ձեռնարկել ակտիվ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ՝ մարտի դաշտից ապօրինի կերպով Հայաստանի Հանրապետության տարածք տեղափոխած հնարավոր այլ զենքերն ու զինամթերքները  հայտնաբերելու եւ մեղավոր անձանց նկատմամբ քրեական հետապնդումներ հարուցելու համար:

Միաժամանակ, Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությունը հորդորում է մարտերին մասնակցած եւ ռազմական գործողությունների ժամանակահատվածում կամ հրադադարի հաստատումից հետո իրենց հետ Հայաստանի Հանրապետության տարածք ապօրինի փոխադրած եւ պահած զենք-զինամթերքը, պայթուցիկ նյութերը կամ սարքերն ինքնակամ հանձնել  իրավապահ մարմիններին, որպիսի գործողությունները օրենքով սահմանված կարգով հիմք կհանդիսանան անձին քրեական պատասխանատվությունից ազատելու համար:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել