168.am-ը գրում է․

Պոպուլիզմի հիմնական գործիքը տեսարանն է։ Երբ իշխանության են գալիս պոպուլիստները, տեսարանը դառնում է պետական քաղաքականություն, կամ պետական քաղաքականությունը դառնում է տեսարան։

Պոպուլիստների տեսարանները սկզբունքորեն տարբերվում են հին հունական «հաց և տեսարաններ» հայեցակարգից, որի դեպքում քաղաքական գործիչները կամ պետական այրերը հասարակ, ընչաքաղց ժողովրդին կաշառում էին սնունդով՝ հացով, և զվարճացնում էին թատերական տեսարաններով՝ այդ ժողովրդի՝ պլեբոսի աջակցությունը ստանալու համար։

Պոպուլիստների համար, ահա, չկա «հաց և տեսարաններ», պոպուլիստներն ապահովում են միայն տեսարաններ, պոպուլիստների համար տեսարանը դառնում է հաց։ Իրականում հենց դա է տեղի ունենում Նիկոլ Փաշինյանի իշխանության երկուսուկես տարիներին։

Նա՝ որպես գերպոպուլիստ, իր կողմից իրականացվող պետական քաղաքականության, որևէ քաղաքականության հիմքում դրել է միայն ու բացառապես տեսարանները, որոնք ապահովվել են ամենատարբեր առիթներով՝ սկսած կրկեսավարին Երևանի քաղաքապետ դարձնելուց՝ մինչև Ազգային ժողովի շրջափակում, մայրաքաղաքի փողոցներում խորոված-փարթիների կազմակերպումից՝ մինչև դատարանների շենքերի շրջափակում։

Փաշինյանի բեմադրած տեսարանների շարքը կարելի է անվերջ շարունակել, բայց դրանից իրավիճակի ողբերգականությունն ավելի կխորանա միայն։ Հատկապես, որ հայ ժողովրդի համար ողբերգական ավարտ է ունեցել Նիկոլ Փաշինյանի կազմակերպած վերջին ամենամասշտաբային տեսարանը՝ Արցախյան երկրորդ պատերազմը։

Որքան էլ ցավալի է հնչում, բայց իրականությունն այն է, որ վերջին պատերազմը կազմակերպված տեսարան էր՝ ժանրի բոլոր կանոններով։ Կրկեսավարն այս դեպքում Արծրուն Հովհաննիսյանն էր ու հաղթանակի մի քանի այլ ծնծղաները, որոնք 44 օր շարունակ ներբողում էին պարտության տարվող հայկական բանակը։

Այդ ողջ ընթացքում հասարակությունը որևէ հարց չէր հղում իշխանությանը, ինչպես որ որևէ հարց չէր հղել անցած երկուսուկես տարիներին կազմակերպված մյուս տեսարանների պարագային։

Տեսարանի դիտարժանությունը դաբաղում է բանականությունը, որևէ հարց տալու ունակությունը։ Իսկ պատերազմը առավել քան դիտարժան տեսարան է, որը կազմակերպվել էր նոյեմբերի 9-ին ստորագրվելիք կապիտուլյացիայի համար։ Եվ քանի որ հասարակությունը 44 օր շարունակ որևէ հարց չի բարձրացրել, շարունակում է հետևել տեսարանին նաև այսօր, իսկ տեսարանը շարունակվում է ամենատարբեր միզանսցեններով՝ սկսած Հադրութի շրջանի արդեն հանձնված գյուղերից՝ մինչև Սյունիքի շրջանի՝ նոր հանձնվելիք գյուղեր։

Հասարակության, կամ որ նույնն է, հանդիսատեսի համար դրանք ոչ թե հանձնվող հայրենիքի տարածքներ են, այլ մեծ տեսարանի փոքր կտորներ, որոնց հետևում է անտարբերությամբ կամ ոչ այնքան։

Հետևում է, որովհետև տեսարանը դարձել է հաց, իսկ առանց հացի հասարակությունն ապրել չի կարող։ Հանդիսատեսի շատ քիչ մասին են հետաքրքրում ներկայացումների կամ ֆիլմերի ռեժիսորները, հանդիսատեսը՝ որպես սպառողական հանրույթի ներկայացուցիչ համակրում է դերասաններին։

Այս դեպքում ևս հայ հանդիսատեսի համար երկրորդային է մատուցվող մեծ տեսարանի ռեժիսորների ով լինելը, եթե անգամ հնարավոր է՝ դրանք Ալիևն ու Էրդողանն են, գուցե Պուտինի ու Թրամփի տեխնիկական աջակցությամբ։ Դա հանդիսատեսին չի հետաքրքրում, քանի որ հանդիսատեսն անբանական սիրով սիրում է տեսարանի գլխավոր դերակատարին՝ Նիկոլ Փաշինյանին, ում համար գուցե նույնպես անէական է ռեժիսորների ծագումնաբանությունը։ Նրա համար կարևոր է տեսարանի, իմա՝ իր իշխանության շարունակականությունը։

Կա ծեծված տեսակետ, թե տեսարաններով հնարավոր չէ հավերժ պահպանել իշխանությունը։ Հայ հասարակությունը, որպես բացառությունների հասարակություն, ապացուցում է այդ ծեծված թեզի անստուգությունը։ Տեսարանները կենսունակ են, հատկապես ու առավել ևս, երբ դրանք փոխարինում են հացին։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել