168.am-ը գրում է․

Վավերագրական ֆիլմերի ռեժիսոր Հովհաննես Իշխանյանը դժվարանում է հավատալ այն մտավորականների անկեղծությանը, որոնք 2.5 տարի սատարել են գործող իշխանություններին, իսկ կապիտուլյացիոն փաստաթղթի ստորագրումից հետո սկսեցին իրենց ֆեյսբուքյան էջերում ներողություն խնդրել դրա համար:

«Այդ գործիչները և ՀՀ մյուս ինստիտուտները, նույնիսկ ուժային կառույցները ծառայող են, իրենք իշխանության համար են, պետության  համար չեն: Օրինակ, երբ Միքայել Պողոսյանն ասաց՝ լավ, չե՞նք կարող մի գործիչ ունենալ, որին վստահենք, այդ խեղճ մարդն ուղղակի տխուր է, որովհետև գործիչներն այնքան արագ են փոխվում, որ ինքը չի հասցնում բոլորին տրվել: Մեկի մասին աստվածային բան է խոսում, և հանկարծ փոխվում է: Ինչո՞ւ է այդպես: Մտավորականները Հայաստանում պետք է իրավագիտության, պետական կառավարման տեսակի մասին գոնե մի փոքր պատկերացում ունենան: Եթե այդ մտավորականները հանրային խոսք են ասում, պետք է իմանան, որ իրենց հանրային խոսքի տակ հիմքեր պետք է լինեն, որովհետև տարածվում են ավելի ներքևներ, և հիմա որ նայում ես՝ անպատասխանատու վիճակ է, ոչ ոք իր խոսքի համար պատասխան չի տալիս: Ասում են ու անցնում առաջ: Դեռ լավ է, որ ներողություն են խնդրում: Բայց նույնիսկ երբ անձնական տիրույթում մարդուն փորձում ես պատասխանատվության բերել, փաստերով հիմնավորել, էլի պատասխանատվությունից զուրկ են: Սա նշանակում է, որ մտավորականության շերտը դրա իրավունքը տվել է մարդկանց՝ ցանկացած իշխանության ժամանակ խոսել ոչ թե պետության, այլ այդ իշխանության լեզվով: Դա բերում է նրան, որ համակեցությունը խախտվում է»,- 168TV «Ռեվյու» հաղորդման ընթացքում ասաց նա՝ ընդգծելով՝ արժեքներ չկան:

«Եկան ու ասացին՝ «իզմեր» չկան. «իզմը» քեզ զսպելու շերտ է տալիս»,- նկատեց նա:

Արցախյան վերջին պատերազմին մասնակցած ռեժիսորը բոլոր կետերի համադրությամբ գալիս է այն եզրակացության, որ գործող իշխանություններն ուզում էին պատերազմում պարտվել. «Երբ պատերազմի մեջ ես ու չես համախմբում քո ամբողջ պոտենցիալը, եթե քո գեներալիտետին չես թողնում մասնակցել օպերացիաներին, երբ դաշնակիցներիդ հետ հարաբերությունները խզում ես, երբ երրորդ օրը քո ԳՇ պետն ասում է՝ հաղթելու հնարավորություն չունենք… առհասարակ, ամբողջ այս 2.5 տարվա պատմությունից պարզ երևում էր, որ այս իշխանությունը գնում է պարտության: Իհարկե, այն ժամանակ մտածում էի, որ տգետ են, իսկ հիմա հասկանում եմ, որ և՛ տգետ են, և՛ տանում էին պարտության, այսինքն՝ դավաճան են»:

Անդրադառնալով իշխանական շրջանակների կողմից դաշտ նետվող դիսկուրսներին՝ արցախցի-հայաստանցի բաժանում, 2010թ. «ՀՀ վարչատարածքային բաժանման մասին» օրենք, որը, իրականում, 2017թ. փոխվել է, Սյունիքի հայկական տարածքները ադրբեջանական անվանել և այլն, նա հետևյալն ասաց.

«Եթե դու գնում ես պարտության, պետք է հետո այդ պարտության տեքստերն էլ ունենաս: Եթե դու ասում ես՝ Շուշին դժբախտ և դժգույն քաղաք էր, այսինքն՝ պետք է Շուշին տայիր, որ հետո արդարացնեիր: Երկրի ղեկավարի, իր ազգին պաշտպանողի սիրտը կցավար, չէ՞, որ կորցնում է, բայց հակառակն է, ինչը նշանակում է, որ գնում էին պարտության: Երևանում շատ տարբեր են շերտերը: Կան մարդիկ, որոնք նույնիսկ այնքան անհեռատես են, որ իշխանության գցած՝ Թուրքիայի հետ հարաբերություններ սկսելու մասին են խոսում: Բացարձակ պատկերացում չունեն, թե որտեղ են ապրում, ոնց իրենք գոյություն ունեն: Հիմա մտնում են՝ մեր հայրենակիցներին տները վերցնում են, կամ Ադրբեջանում Ալիևը ասում է՝ Երևանը Ադրբեջան է, Էրդողանը ոգեկոչում է Էնվեր Փաշային…. Էնվեր Փաշային ոգեկոչելը պետք է մի հատ այնպիսի մեծ ժողովրդական տագնապ առաջացներ, ոնց որ Եվրոպայում Հիտլերին ոգեկոչեն: Էնվեր Փաշան մեր ազգի վերացման ճարտարապետն է: Իսկ մարդիկ ասում են՝ սահմանները բացեն, մենք հանգիստ կապրենք. բացարձակ պատկերացում չունեն, թե ովքեր են, ինչ են անում, չեն պատկերացնում, որ հաջորդը իրենց գլուխն են կտրելու»:

Մանրամասները՝ 168TV-ի տեսանյութում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել