168.am-ը գրում է․

Հայաստանի ներքին ու արտաքին մարտահրավերների ֆոնին ակտիվ է նաև Արցախյան հակամարտության շուրջ դիվանագիտական գործընթացը։ Կրեմլի պաշտոնական կայքի փոխանցմամբ՝ տեղի է ունեցել Ռուսաստանի և Ֆրանսիայի նախագահներ Վլադիմիր Պուտինի և Էմանուել Մակրոնի հեռախոսազրույցը, որի ընթացքում, ի թիվս ավանդական ձևակերպումների, վերահաստատվել է ղարաբաղյան կարգավորման տարբեր ասպեկտների համակարգման շարունակման պատրաստակամությունը, մասնավորապես՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակում, ինչի մասին օրերս իր մեծ ասուլիսի ընթացքում նշել էր նաև ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը՝ քննադատելով ԵԱՀԿ ՄԽ համանախագահների աշխատանքը՝ զուգահեռաբար կարևորելով նաև աշխատանքն այդ հարթակի շրջանակում: Ինչպես ակնկալվում էր, քննարկվել են նաև մարդասիրական խնդիրները։

Նախօրեին հեռախոսազրույց է տեղի ունեցել ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի և ՀՀ արտաքին գործերի նախարար Արա Այվազյանի միջև։ ՀՀ ԱԳՆ փոխանցմամբ՝ քննարկել են նոյեմբերի 9-ին Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում հրադադարի մասին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի միջև ստորագրված հայտարարության կատարմանն առնչվող հարցերը, նաև երկկողմ և միջազգային օրակարգի մի շարք արդիական թեմաներ:

168am-ի հետ զրույցում ռուս քաղաքական վերլուծաբան Ֆյոդոր Լուկիանովն ասաց, որ Ռուսաստանը վերջնականապես չի հրաժարվում ԵԱՀԿ Մինսկի խմբից, այսինքն՝ Արցախյան հակամարտության գոտում աշխատում է երկու ճակատով։ Ըստ նրա՝ սա ճկունության նշան է։

«Ճգնաժամային պահին Ռուսաստանն աշխատեց Թուրքիայի հետ, հարցերը կարգավորեց այդ ձևաչափով։ Բայց, ինչպես օրերս նշեց ՌԴ նախագահը, այսինքն՝ ակնարկեց, որ ԵԱՀԿ ՄԽ էջը փակված չէ, և ինչ-որ պահի այն կարող է դառնալ հարթակ հետագա խնդիրները քննարկելու և Թուրքիայի հետ «խաղի» շրջանակում։ Ինչպես բազմիցս եմ նշել, Ռուսաստանի և Թուրքիայի հարաբերությունները շատ բարդ են, բազմաշերտ և ճկուն։ Որոշ հարցերում կա լիարժեք փոխըմբռնում, որոշներում՝ դա բացակայում է և հանգեցնում ծանր բանակցությունների։ Ռուսաստանին հարկավոր են բոլոր հարթակները լիարժեք դիվանագիտության և դիվանագիտական ազատության համար, ռուսական դիրվանագիտությունը դիվերսիֆիկացված է, ինչպես կարելի է նկատել։ Այս ձևաչափի պահպանումը ճնշման լծակ է Ադրբեջանի և Թուրքիայի նկատմամբ»,- նման կարծիք հայտնեց Լուկիանովը։

Նա ասաց, որ Պուտին-Մակրոն հեռախոսազրույցը, բնականաբար, ԵԱՀԿ ՄԽ ձևաչափի արդյունավետությունը բարձրացնելուն է միտված, ինչպես նաև հարթելու այն տարաձայնությունները, որոնք առաջացան նոյեմբերի 9-ից հետո։

«Սակայն կարծում եմ՝ ԵԱՀԿ ՄԽ աշխատանքի ուղղությունների հարցում տարաձայնությունները շարունակվելու են, քանի որ, ինչպես երևում է, Արևմուտքն ակտիվ աշխատում է Ղարաբաղի կարգավիճակի ճանաչման ուղղությամբ, ինչը կոնկրետ վերջին հայտարարությանը հակասում է և խնդիրներ առաջացնում։ Այստեղ պաշտոնական Երևանի դիրքորոշումը ևս կարևոր է, սակայն Երևանն այսօր կենտրոնացած է անվտանգության խնդիրների վրա, իսկ այդ հարցում չունի այլընտրանք Ռուսաստանին։ Սրանով իրավիճակը բարդ է։ Սակայն ռուս-ֆրանսիական շփումները շարունակվում են, մինչ Բայդենի աշխատակազմը անցնի գործի և իր շտկումները մտցնի այս աշխատանքում։ Թեև, գուցեև փոփոխություններ չլինեն»,- նշեց Լուկիանովը։

Նրա խոսքով, այս պահին ամենաթեժ քննարկումները վերաբերում են անվտանգությանն ու սահմաններին։

«Այլ թեմաների ու ԵԱՀԿ ՄԽ ձևաչափի վերագործարկման համար կարծես թե ռեսուրս չի մնում, սակայն «թելը չի կտրվում՝ հետագայում այն հաստացնելու և զարգացնելու նպատակով»։ Այնուամենայնիվ, կարծես շաբաթներ առաջ թվում էր՝ ԵԱՀԿ ՄԽ-ն ապագա չունի, սակայն ներկայումս երևում է, որ այն կարող է ծառայել՝ որպես լծակ, և մի շարք խնդիրների՝ լեգիտիմ և միջազգային կոնսենսուսով կարգավորման համար։ Չէ՞ որ հակամարտությունը կարգավորված չէ»,- ասաց ռուս վերլուծաբանը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել