168.am-ը գրում է.

Արցախյան երկրորդ մեծ պատերազմից հետո Սյունիքի մարզում ստեղծված անվտանգային միջավայրը, այս դեպքում ավելի բնութագրական կլինի նշել, վտանգավոր իրավիճակը՝ Հայաստան-Ադրբեջան նոր ձևավորվող սահմանի հեռավորությունը հայկական համայնքներից, ադրբեջանական ուժերի հավակնությունները և սահմանազատման աշխատանքների որակը, ստիպում են վերանայել ՀՀ անվտանգային համակարգը և նոր լուծումներ տալ Սյունիքում առկա անվտանգային մարտահրավերներին։

Օրերս դեկտեմբերի 21-ին «Պրեսսինգ» հաղորդաշարի եթերում ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանն ուշագրավ առաջարկով հանդես եկավ՝ խոսելով Սյունիքում ստեղծված իրավիճակի և ռուսական սահմանապահների ներկայության մասին։ Նա նշեց, որ կարիք կա ՌԴ-ի հետ ևս մեկ պայմանագիր կնքել Սյունիքում ռուսական երկրորդ ռազմաբազան ունենալու մասին։ «Զորքը կա, տեխնիկան կա, մեր սահմանները տվել եք, ունակ չեք ինքնուրույն պաշտպանելու, հանձնել եք Ռուսաստանին պաշտպանելու, բերեք լեգիտիմացնենք դա։ Եկեք Սյունիքում Ռուսաստանին առաջարկենք ունենալ երկրորդ ռազմաբազա, ու դա կարևոր է այլևս»,- ասել էր Աշոտյանը՝ շեշտելով, որ սա բարձրաձայնում է՝ որպես առաջարկություն։

Ուշագրավ է նաև այն, որ նույնաբովանդակ առաջարկով դեկտեմբերի 23-ին հանդես եկավ Լուսավոր Հայաստան կուսակցության նախագահ էդմոն Մարուքյանը։ Նա հայտարարություն տարածեց՝ նշելով, որ կենսական անհրաժեշտություն է համարում Սյունիքի մարզում նոր ռուսական ռազմաբազայի տեղակայման վերաբերյալ հրատապ բանակցություններ սկսելը։ Ըստ նրա, ռազմաբազան կդառնա մի կողմից՝ Արցախում ռուսական խաղաղապահ ուժերի արդյունավետ, արագ և շարժուն գործունեության հենարան, մյուս կողմից՝ տարածաշրջանում երկարաժամկետ խաղաղության և անվտանգության երաշխավոր, որը մտնում է ՀԱՊԿ միասնական անվտանգային գոտու մեջ, ինչպես նաև սահման հանդիսանում ԵԱՏՄ և Իրանի Իսլամական Հանրապետության միջև, որի հետ գործում է ազատ առևտրի գոտու կազմավորմանն ուղղված ժամանակավոր համաձայնության ռեժիմ։ Մարուքյանի տարածած հայտարարության համաձայն՝ ԼՀԿ-ն սկսել է իրենց կողմից առաջարկվող պայմանագրի և Սյունիքում նոր ռուսական ռազմաբազայի տեղակայման վերաբերյալ հիմնական դրույթների մշակումը և պատրաստվում է ակտիվորեն առաջ մղել տվյալ մեխանիզմի իրագործումը։

«168 Ժամ»-ի հետ զրույցում ՌԴ ԱՊՀ երկրների ինստիտուտի փոխտնօրեն, ռազմական վերլուծաբան Վլադիմիր Եվսեևն ասաց, որ այս մասին ազդակներ փոխանցել է ՀՀ իշխանություններին նաև վերջին պատերազմի ընթացքում, սակայն որևէ պատասխան չի ստացել։ Եվսեևը մասնավորապես նշեց, որ այդ մասին ասվել է ՀՀ ԱԳ նախկին նախարար Զոհրաբ Մնացականյանին։

Նրա կարծիքով՝ ներկայումս ՀՀ անվտանգության ապահովման համար միայն Գյումրիի ռուսական ռազմաբազան բավարար չէ, քանի որ այն նախատեսված է, ամեն դեպքում, Թուրքիայի զսպման համար, սակայն ներկայիս իրավիճակում անհրաժեշտություն է առաջացել զսսպել ոչ միայն թուրքերին, այլև ադրբեջանցիներին։

«Սյունիքից հնարավոր է S300-ով տարածքների պաշտպանություն այդ ուղղության վրա, իսկ Գյումրիից դա հնարավոր չէ տեխնիկապես, իսկ վստահ պաշտպանություն միայն այդ հատվածից կարող է արվել։ Իսկ այդ հատվածում իրավիճակն անհանգստություն է առաջացնում ոչ միայն Ձեր մոտ, այլև ՌԴ-ի մոտ, այդ հատվածում հուսալի չէ իրավիճակը և անվտանգությունը, հատկապես, երբ ՌԴ-ն ՀՀ տարածքային ամբողջականության երաշխավորն է։ Կարծում եմ՝ նպատակահարմար է երկրորդ բազայի ձևավորումը Սյունիքի մարզում»,- նման համոզմունք հայտնեց վերլուծաբանը։ Նրա խոսքով՝ այդ բազան պետք է հագեցած լինի ՀՕՊ համակարգերով։

«Ցանկալի է, որ այնտեղ տեղակայվի ռուսական S-400 համակարգ, դա հիանալի կլիներ, պետք է լինեն այդ բազայում նաև զորքային ՀՕՊ-եր, օրինակ՝ Պանցիր ՍՄ զենիթահրթիռային հրանոթային համալիրներ, սա ավելի ժամանակակից է, քան Պանցիր Ս1-ը։ ՀՕՊ համակարգերը պետք է հուսալի լինեն, սա հաստատ է։ Սրանք նախատեսված են հեռահար ՀՕՊ համակարգերի անվտանգության համար։ Բացի դրանից, պետք է ռադիոէլեկտրոնային պայքարի միջոցներ լինեն։ Իսկ թվաքանակը պետք է լինի մոտավորապես նույնը, ինչ Գյումրիի բազայի դեպքում է։

Նպատակահարմար է ավելացնել նաև ռուսական ավիացիան, ցանկալի է, որ լինեն այնպիսի ինքնաթիռներ, որոնք ունեն առավելություն Ադրբեջանի տեխնիկայի նկատմամբ, ինչպիսիք են բազմաթիրախ ՍՈՒ-35 և ՍՈՒ-34 կործանիչները։ Եթե այս համակարգերն էլ հայտնվեն բազայի հետ, կարելի է խոսել այն մասին, որ ՀՀ տարածքի հուսալի պաշտպանություն կա ագրեսորից, քանի որ Ադրբեջանին ներկայումս այլ կերպ չես անվանի։ Սա պետություն է, որը փորձում է սահմանի դեմարկացիայի միջոցով գրավել Հայաստանի տարածքներից, որպեսզի դա տեղի չունենա, նպատակահարմար է երկրորդ բազան։ Ակնհայտ է, որ այդ բազան նախատեսված կլինի Ադրբեջանի զսպման համար»,- ասաց Եվսեևը։ Վերջինիս կարծիքով՝ ՌԴ-ն կգնա այդ քայլին։ «Բայց դա պետք է լինի հայկական կողմից։ Ես սա առաջարկել եմ ՀՀ ղեկավարներին, սակայն պատասխան չեմ ստացել։ Սա պետք է քաղաքական որոշում լինի ՀՀ-ի ներսում, և հետո՝ ՌԴ-ին դիմում նման խնդրանքով»,- ասաց Եվսեևը։

Նրա վստահեցմամբ, միանշանակ է, որ Սյունիքի մարզում ստեղծված են աննախադեպ անվտանգային խնդիրներ, և դրանք կարիք կա լուծել այնտեղ բազա տեղակայելով՝ դրանով իսկ զսպելով ագրեսոր Ադրբեջանին։

Մեզ հետ զրույցում մեկ այլ ռուս ռազմական վերլուծաբան՝ Ալեքսանդր Խրամչիխինը, ասաց, որ դա կարող է դառնալ բանակցության առարկա ինչ-որ փուլում, եթե ՀՀ-ն նման առաջարկով հանդես գա, հատկապես, երբ Գյումրիի ռազմաբազան սահմանափակ է, և բոլոր մարտահրավերները չէ, որ ունակ է չեզոքացնել։

«Այնուամենայնիվ, կարիք կա հասկանալ, թե ինչ խնդիրներ կան սահմանի այդ հատվածում, և ինչպիսին է լինելու այդ սահմանը դեմարկացիայից հետո։ Այս փուլի զարգացումներից շատ բան կախված կլինի խոսելու համար անվտանգության նոր համակարգի մասին, թե ինչ ձևաչափերով պետք է ապահովվի անվտանգությունը, բավարար է մե՞կ, թե՞ հարկավոր է երկու բազա»,- ասաց Խրամչիխինը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել