Hraparak.am-ը գրում է․

Կամավոր ռազմաճակատ մեկնած հրազդանցի Մուշեղ Կարապետյանին, որը մարտի դաշտում վիրավորվել է եւ կորցրել աչքը, ինչպես նաեւ մի շարք վնասվածքներ ստացել, պետությունը ոչ մի կերպ չի աջակցում։ Թակել է պետական շատ դռներ, սակայն՝ անօգուտ։ «Սոցապնախարարությունը, առողջապահության նախարարությունն ու ՊՆ-ն իրենց տեղում չեն։ Ես ունեմ գանգուղեղի կոտրվածք, երկրորդ աստիճանի կանտուզիա եւ հոգեկան շեղումներ, որովհետեւ այդ տեսածիցս սթրեսներ են եղել եւ աչքի կորուստ, սոցապնախարարությունն ինձ տրամադրում է երրորդ կարգ՝ քաղաքացիական, որի հետ ես համաձայն չեմ, որովհետեւ ես այդ վնասվածքները հայաթում չեմ ստացել, բացի դրանից՝ թեժ գծի իրենց աշխատողները վատ են աշխատում։ Առողջապահության նախարարության մասին․ դեղորայքը, նաեւ աչք մաքրելու չոփն առնում եմ իմ միջոցներով, ինձ ասում են՝ զանգի ՊՆ, գնա պոլիկլինիկայից ստացի, գնում եմ պոլիկլինիկա, ասում են՝ գնա, թող իրենք էլ առնեն։ Իսկ ՊՆ-ին ինչ-որ հարցով զանգում եմ, օրինակ՝ հաշմանդամության կարգի համար ձեւ է պետք, որ ես մասնակից եմ պատերազմի, ասում են՝ գնա, Վարդենիսից այդ թուղթը բեր։ Ես չեմ կարող հասնել Վարդենիս»։

Նրա խոսքով՝ պետության տրամադրած պրոթեզը, որն արժե 70 հազար դրամ, պետք է ամեն օր հանի եւ տեղադրի, ինչն իր համար սթրես է, մինչդեռ գերմանական արտադրության պրոթեզը մնայուն է․ «Ես ուզում եմ այս հարցերը լուսաբանվեն, հուսամ՝ ինչ-որ մեկը կտեսնի, կհասկանանք՝ ինչ անենք։ Ես սոցապնախարարության կամիսիայի աշխատողին հարցնում եմ՝ ինձ ֆիզիկական աշխատանք կարելի՞ է, ասում է՝ չէ, քեզ ֆիզիկական գործ չի թույլատրվում։ Ասում եմ՝ պապաս ցեխի տնօրեն չի, որ իր մոտ փոխտնօրեն աշխատեմ, ես պիտի բանվորություն անեմ, ասում են՝ չէ, մենք 17 հազար դրամ թոշակ կտանք, դրանով պետք է ապրես։ Թող գան իրենք՝ ես այդ 17 հազարն իրենց կտամ, դրա համար ես այդ կարգի հետ չեմ համաձայնել։ Խնդրում եմ նաեւ ավելացնել, որ այդ 3 կառույցի նախարարներն ուղղակի հիմարներ են»։

Նշենք, որ Մուշեղի խնդրի մասին որոշ ժամանակ առաջ եւս բարձրաձայնել էինք, այն ժամանակ ՊՆ-ից մեզ փոխանցել էին․ «Աջակցություն է լինում, երբ անձը կարգ է ունենում»։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել