Այսօր հայ ժողովուրդն ապրում է իր պատմության ամենաողբերգական էջերից մեկը: Այս մասին Հանրապետության հրապարակում Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով հրավիրված հանրահավաքին ասաց «Հայրենիքի փրկության շարժման» համակարգող, ՀՅԴ հայաստանյան գերագույն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը:

Նա նշեց, որ այս ընթացքում ամբողջ աշխարհը տեսավ, որ այս պարտությունը մեր ժողովրդի համար ընդունելի չէ, և ստորացուցիչ պայմանները հայ ժողովուրդը չի ընդունելու:

«Մեր գործունեության արդյունքում այս շենքում նստած խրտվիլակն օրեցօր կորցնում է իր իշխանությունը, ինքն այլևս չունի իշխանություն: Մեր բոլորի պայքարի արդյունքում այս խելագար դավաճանը չկարողացավ մտնել Սյունիք»,- ասաց նա:

Իշխան Սաղաթելյանը նշեց, որ Նիկոլ Փաշինյանը համառ է, խելագար և դավաճան, ուզում է մեր պետականությունը վերջնականապես կործանել, ինչը երբեք թույլ չեն տալու:

«Մեր պայքարը ենթադրում է վճռական, հետևողական, աննկուն պայքար մինչև վերջ: Եկեք բոլորս իրար խոստանանք և պայմանավորվենք երկու կարևոր բան․ առաջինը՝ երբեք սադրանքների և պրովոկացիաների չենք տրվում և երկրորդ` մեր պայքարը երբեք կանգ չի առնելու, մենք բոլորս այստեղից տուն չենք գնալու այնքան ժամանակ, քանի չենք հեռացրել այս գերագույն գլխավոր խրտվիլակին»,- ասաց նա։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել