Պետությունն այն տարածքն է, որտեղ հաստատվել է բռնություն կիրառելու մենաշնորհ: Հենց որ ինչ-որ անձ կամ ինչ-որ մարմին ասում է, որ տվյալ տարածքում մենակ ինքը կարա մարդուն ազատազրկի կամ այլ ձև պատժի, կարելի է ասել, որ կա պետություն: Հետևաբար, հենց որ այդ մենաշնորհը խախտվում է, պետությունը փլուզվում է:
Թեպետ Հայաստանի Հանրապետության անկախությունը հռչակվել էր 91 թվին, իրական պետությունը կառուցվեց 98-ին, երբ պատիժ կիրառելու սպառնալիքի տակ Ռոբերտ Քոչարյանն առաջին անգամ կատարեց բյուջեի եկամտային մասը: Դեռ շատ հեռու էինք սահուն աշխատող պետական մեքենա ունենալուց, բայց արդեն հստակ ուրվագծվում էր պետությունը: Էդ հարկերը հավաքելու համար օլիգարխները պիտի հասկանային, որ պատիժն անխուսափելի է, ու Քոչարյան-Վ. Սարգսյան-Ս. Սարգսյան եռյակը դա արեց: Սերժը հաշվում էր` ով ինչքան պիտի տա, Վազգենը զանգում, ասում էր, որ մուծվեն, Ռոբերտն էլ էդ ամենը սիստեմավորում էր: Եկամուտների մի մասն ուղղվում էր սոցիալական ծրագրերին, մի մասն էլ՝ պետություն, ասել է, թե՝ մենաշնորհ կառուցելուն, այսինքն՝ բանակ, ոստիկանություն, դատախազություն և այլն: Առաջնայինը, իհարկե, բանակն էր, քանի որ մեր էս տարածքում բռնության մենաշնորհի գլխավոր հավակնորդները դրսից էին:
Կար խնդիր` պետք էր ամուր պահել 1000 կմ երկարություն ունեցող հայ-ադրբեջանական շփման գիծը: Դրա համար պահանջվում էր մոտ 50,000 զինվոր ու էդ զինվորներին պահելու ու զինելու բյուջե: Քանի որ 3 միլիոնանոց Հայաստանն էդ էլ դժվար ձգեր, հայ-թուրքական սահմանը պահելու մասին խոսք անգամ չէր կարող գնալ, դա պարզապես մաթեմատիկորեն անհնար էր: Միայն հիշյալ 1000 կիլոմետրը պահելու համար շատ մեծ դժվարությամբ էին հավաքվում անհրաժեշտ քանակի ժամկետային ծառայողներ, ու բանակը պահելու համար պետությունը ահռելի գումար էր հատկացնում բյուջեից: Բյուջեի մոտ 20%-ը գնում էր ՊՆ-ի վրա: Որ պատկերացնենք, Ֆրանսիան ծախսում է մոտ 5%, իսկ աշխարհի խոշորագույն բանակ ունեցող ԱՄՆ-ն՝ մոտ 10%-ը: Մեր չափ ծախսող աշխարհում չկար: Ու սա պարտադրված ծախս էր, սրանից քիչ ծախսել հնարավոր չէր:
Վերջին պատերազմի արդյունքում մեր շփման գիծն Ադրբեջանի հետ աճել է 30%-ով ու կազմում է արդեն մոտ 1500 կմ: Նույնիսկ եթե հաշվի չառնենք, որ կորցրել ենք առավել շահեկան բնագծերը, այլ զուտ քանակական հաշվարկ տանենք, դա նշանակում է, որ պետություն ունենալու համար մենք պետք է բանակի մարդաքանակը հասցնենք 75,000-ի ու դրա վրա ծախսենք բյուջեի 27%-ը: Մաթեմատիկորեն ո՛չ առաջինն է հնարավոր, ո՛չ երկրորդը:
Տնտեսապես նման ծախսեր անելը հնարավոր չէ ցանկացած պարագայում՝ անկախ նրանից, թե ինչքան տաղանդավոր է լինելու կառավարությունը, բոլոր նրանք, ովքեր կպնդեն հակառակը, կա՛մ բութ են, կա՛մ սրիկա: Իսկ մարդաբանական առումով մեր բնակչությունը կրճատվում է, ու եթե շատ խորը հյուսիսկորեական սցենարով չգնանք, երկու սերունդ հետո Հայաստանում մնալու է 1,8 միլիոն բնակչություն, իսկ էս անվտանգության վիճակում դա ավելի շուտ տեղի կունենա: Հետևաբար 75,000-անոց բանակի մասին նույնիսկ երազելն անիմաստ է:
Քանի որ Հայաստանի գոյությունը բխում է Ռուսաստանի շահերից, նրանք ժամանակին համաձայնել էին ստանձնել հայ-թուրքական ու իրանական սահմանների հսկողությունը: Հիմա նրանք ստիպված կլինեն ստանձնել նաև հայ-ադրբեջանական սահմանի հսկողությունը, ու անկախ նրանից, թե ինչ իրավական ձևաչափ կունենա այս տարածքը, ըստ էության, Հայաստանն էլ գոյություն չի ունենալու: Ոչ մի պետական կարևոր որոշում Հայաստանում չի ընդունվելու, չի էլ կարող ընդունվել:
Էս ամենը ես գրում եմ ի պատասխան մեր` ադեկվադներիս, և անձամբ իմ հասցեին անընդհատ հնչող խնդրանք-պահանջներին ավելի ակտիվ լինել քաղաքական դաշտում: Հարգելիներս, տվյալ պարագայում քաղաքական դաշտում ավելի ակտիվ լինել, նշանակում է, որ ես պետք է տեղափոխվեմ Մոսկվա, մի պետական գործի փորձեմ տեղավորվել ու սկսեմ ինչ-որ կերպ օգնել պատմական հայրենիքում մնացած մարդկանց այնպես, ինչպես դա անում էին ժամանակին հայ բոլշևիկները: Սա է դաժան ու ակնհայտ իրողությունը, որ դուք բոլորդ պիտի ընկալեք: Ու երբ որ հորդորում եք մեզ ինչ-որ քայլերի գնալ, պիտի դրա հետ մեկտեղ նաև հիմնավորեք՝ արդյո՞ք ինչ-որ բան անելու իմաստ կա... Էլ չասեմ, որ ես Մոսկվայում որևէ պաշտոն ո՛չ կարամ զբաղեցնեմ, ո՛չ էլ ուզում եմ:
Մեզ մոտ կար մեկ օրակարգ, դա Արցախն էր: Մենք տապալել ենք այդ օրակարգը: Հիմա մնացել է միայն վրեժը: Ուրիշ ոչ մի բան մեզանից մի ակնկալեք: Կամ ավելի շուտ՝ ինձանից: Լինի դա փողոց փակել, թե ցանկացած այլ գործողություն՝ դրա հետևում իմ համար միայն վրեժի մոտիվացիա կա, ուրիշ ոչինչ: Ուրիշ ոչ մի բան այլևս ինձանից կախված չէ: Ոչ էլ ձեզանից:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել