Այսպիսի հարց էին տվել. «Նախկին, ներկա քաղաքական, պետական և հանրային գործիչների մեջ քանիսը՞ կան, որ եղել են ռազմաճակատում, զոհվել են կամ վիրավորվել։ Կամ կան նման օրինակնե՞ր»։
Կարծում եմ, որ սա մանիպուլյատիվ հարց է, բայց ենթադրենք՝ մանիպուլյացիայի մտադրություն չի եղել, փորձեմ պատասխանել։
ՆԱԽ՝ այո, գործիչներ կան, որոնք գնացել են, մասնակցել են մարտերին, վիրավորվել են, զոհվել են կամ կարող էին վիրավորվել և զոհվել։ Գագիկ Գինոսյանից մինչև Արթուր Վանեցյան...
Կարևորը սակայն երկրորդ մասը...
ԵՐԿՐՈՐԴԸ՝ հայրենակիցներիս մեծ մասի համար պատերազմելը ավտոմատով կամ լավագույն դեպքում գնդացիրով սարի վրա բարձրանալն է ու թշնամու վրա կրակելն է։ Ընդ որում կոլեկտիվ այսպիսի մտայնություն կա, որ ցանկացած առողջ մարդ կարող է 2–3 օրում սովորել կրակել և արդեն պատրաստ կլինի մարտի նետվելու։
Առը հա...
Պատերազմելը դա մասնագիտություն է։ Ավելի ճիշտ՝ մասնագիտություններ և մասնագիտացումներ։
Օրինակ՝ հրետանավոր։ Ընդ որում դա մեկ մասնագիտություն չէ։ Չկան ունիվերսալ հրետանավորներ, որովհետև մի բան է ականանետորդ լինել, այլ բան է՝ փողային հրետանին, երրորդը՝ համազարկային կրակի ռեակտիվ համակարգերը, չորրորդը՝ ինքնագնաց հրետանին և այլն, և այլն։
Հրետանում կան հաշվարկողներ, կան հրանոթի հաշվարկների հրամանատարներ, կան մարտկոցների հրամանատարներ, կան հրետանային հետախուզության մասնագետներ և այլն, և այլն։
Հրետանու շրջանակներում էլ մի առանձին աշխարհ են հակատանկային պայքարի միջոցները։
Այսինքն միայն հրետանու մեջ կան մի քանի տասնյակ մասնագիտություններ և մասնագիտացումներ։
Ականանետորդին անիմաստ է դեմ տալ Դ-30 հրանոթ, Դ-30-ի հաշվարկի մարտիկին անիմաստ է «Ֆագոտ» հակատանկային հրթիռ տալը...
Սա ստորին օղակն է։
Ավելի բարձր օղակում մասնագետներ են, որոնք կազմակերպում են զորքի ապահով տեղաշարժը, դիրքավորումը, դիրքերի կահավորումը, հետախուզությունը, կապը, օդային պաշտպանությունը, վիրավորների դուրսբերումը և կորուստներ ունեցած կամ ուղղակի հյուծված զորքերի համալրումը, մատակարարումը (վառելիքից ու զինամթերքից սկսած, մինչև սնունդ և անհատական պաշտպանության միջոցներ և տեխնիկայի տեղում վերանորոգում)։
Պետք են նաև մասնագետներ, որոնք ոչ միայն կկառավարեն մարտը տեղում, այլև կապահովեն տարբեր ստորաբաժանումների համատեղ ներդաշնակ աշխատանքը. հրետանու և զրահատեխնիկայի աջակցությունը հետևակին, զրահատեխնիկայի պաշտպանությունը հետևակով, այդ ամենի հակաօդային պաշտպանությունը, ականապատումը կամ ականազերծումը, ամրաշինական աշխատանքները և այլն։
Էլ ավելի բարձր օղակում են մասնագետները, որոնք պետք է կազմեն պլաններ մեծ ստորաբաժանումների համար՝ միաժամանակ փորձելով հասկանալ հակառակորդի հեռու գնացող պլանները և դրանց իրականացումը կասեցնել։
Այսինքն ժամանակակից մարտի դաշտում շարքայինից մինչև գեներալ բոլորը մասնագետներ են։
Եւ ըստ այդմ հիմա էլ ես հարց տամ. իսկ ի՞նչ գործ ունի պետական գործիչը մարտի դաշտում։
Պատերազմում պետական գործիչներն, ըստ էության, գեներալների չափ պատասխանատվություն ունեն։
Նրանք պարտավոր են կազմակերպել պետության աշխատանքն այնպես, որ ռազմաճակատը ժամանակին և անհրաժեշտ քանակով ստանա համալրումներ՝ կենդանի ուժից մինչև զինամթերք և զենք։
Պետական գործիքը պարտավոր է կազմակերպել ռազմաճակատ մեկնած մարդկանց ընտանիքների սոցիալական հարցերի լուծումը, քաղաքացիական բնակչության պաշտպանությունը և մատակարարումները և այլն, և այլն, և այլն։
Ու պետական կամ քաղաքական գործիչ լինելն էլ է մասնագիտություն, որն ունի բազմաթիվ մասնագիտացումներ...
Առողջապահության ոլորտի կառավարիչին տանես ռազմաճակատ, որ ի՞նչ անի։
Երբ փոխվարչապետը հագնում է համազգեստ ու մեկնում չգիտեմ ուր, Հայաստանի տնտեսության կազմակերպումն ո՞ւմ վրա է մնում։
Եթե ԱԺ խոսնակը կամ փոխխոսնակը մեկնի ռազմաճակատ, ո՞վ է կազմակերպելու միջխորհրդանական դիվանագիտության աշխատանքը (որի կարևորությունը պատերազմի դեպքում կտրուկ աճում է)։
Եթե փոխվարչապետը կարող է պատերազմի ժամանակ իր կաբինետը լքելու և ինչ-որ զորամաս «կամավորության մեկնելու» ճոխություն թույլ տա իրեն, ապա նշանակում է, որ այդ փոխվարչապետը պետական կառավարման համակարգում ավելորդ է։ Նշանակում է, որ այդ մարդն ԻՐ ՏԵՂՈՒՄ ՉԷ։
Նիկոլի ստեղծած կառավարության հիմնական խնդիրը դա է. ոչ ոք իր տեղում չէ, բոլորը զբաղված են «պիոներական» ոգով ինչ-որ անիմաստ ակցիաներով իրենց անմիջական պարտականությունները կատարելու փոխարեն։
Վարչապետը չի կատարում իր պարտականությունները, փոխվարչապետը, պատգամավորները, համայնքների ղեկավարները, որևէ չինովնիկ իր գործով չի զբաղվու, իսկ հետո փորձում են էժանագին մանիպուլյացիաներով մեղքը բարդել ինչ-որ շարքային քաղաքացու վրա (կամ թեկուզ քաղաքական գործչի), որն իբր չի կամավորագրվել, ռազմաճակատ չի գնացել ու չի զոհվել...
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել