Պատերազմից մոտ մեկ տարի առաջ բախտ վիճակվեց հանդիպել Արցախի նախկին ղեկավարներից մեկին: Մի քանի ժամ շփվեցինք: Վերջում նա ինձ համեստաբար հարցրեց․ «Որտե՞ղ էր մեր սխալը՝ ըստ քեզ»: Ես էլ մեծամտաբար ասացի, որ, ըստ իս, «իրենց» սխալը նրանում էր, որ հիմա` պաշտոնը լքելուց տարիներ անց, «նրանք» էլ համազգեստով չեն, այլ կոստյումով, ու որ դրա գինն էլ արդեն էական չէ, էականն այն է, որ համազգեստ չէ:

Հասարակություններն ի սկզբանե ձևավորվել են ընդհանուր շահ հետապնդելու և ընդհանուր սպառնալիքների դեմ պայքարելու համար: Սկզբից՝ մարդու և գիշատիչների մրցակցության պատճառով, իսկ հետո` մարդու և այլ մարդու:

Սկզբնական փուլում, երբ մարդկանց հիմնական մրցակիցները գիշատիչներն էին ու, առհասարակ, բնությունը, հիմնական մարտահրավերը մարդկանց խմբի ներքին արդյունավետությունն էր: Օրինակ` ֆիզիկական հետամնացությամբ երեխաներից ու ծերերից հրաժարվում էին, քանի որ նրանք չէին կարող օգտակար լինել, բայց սննդի կարիք ունեին: Մի փոքր ավելի զարգացած խմբերում սկսեցին արգելել «պրոմիսկուիտետը», ասել է, թե՝ անկանոն սեռական կապերը, քանի որ դրանց արդյունքում լավագույն որձերը բոլոր լավագույն էգերին իրանցով էին անում, ինչը բերում էր ներքին անախորժությունների: Հաջորդ փուլում մարդիկ հասկացան, որ առողջ երեխաներ ունենալու համար նախընտրելի է այլ ցեղերից կին բերել, ինչն էլ հանդիսացավ ցեղի ստեղծման հենասյուն՝ մարդիկ սկսեցին տարբերակել ցեղերը:

Ցեղերի ներսում, սակայն, դեռ տիրում էին շատ խիստ կարգապահական կանոնները: Ով չէր աշխատում, չէր ուտում, այլապես հնարավոր չէր գոյատևել: Մեկ չաշխատող բերան ունենալը չափազանց մեծ բեռ էր: Ցեղի ուժեղ որձերը սահմանում էին նաև ավարի բաշխման արդար համակարգ, քանի որ բոլոր առողջ տղամարդիկ խիստ անհրաժեշտ էին որսի ժամանակ, նույնիսկ այն տղամարդիկ, որոնք ինչ-որ բանով զիջում էին էլիտային: Հետևաբար ավար, ինչպես նաև դա վաստակելու միջոցներն ընդհանուր էին, չկար մասնավոր սեփականություն: Այդ և բազմաթիվ այլ համակեցության կանոններ հիմք հանդիսացան բարոյականությանը: Այդ բարոյականության սահմաններում ընդունված էր, օրինակ, որ կարևոր որոշումները կայացնում են ցեղի հզոր որձերը, քանի որ հենց իրենք են ավարի մեծ մասը բերում և բաշխում՝ ըստ անհրաժեշտության:

Բարոյականության պահապանը որձն էր, հետևաբար, եթե ամենավաղ մարդկանց մոտ կռապաշտության թիրախը մայրն էր, ապա զարգացած քաղաքակրթություններում կուռքն արդեն հայրն էր: Այսինքն՝ աստվածը, ոչ թե նա էր, ով քեզ ֆիզիկապես է աշխարհ բերել, այլ նա, ով քեզ հոգեպես է դաստիարակել, քանզի այդ հոգևորն է, որ քեզ գոյատևելու շանս է տալիս: Այս հասարակարգի հիմնական խորագիրն էր «բնազդների հաղթահարմամբ սոցիալական հավասարությունը»: Մարդը կամք էր դրսևորում և զսպում էր սեփական սեռական և այլ բնազդները, որպեսզի նա և մնացածն ավելի ապահով ապրեն: Եթե ցեղի անդամն ուրիշի կնոջը ցանկանար կամ հացն արդար չկիսեր, դա կբերեր ներքին պառակտման և կնվազեցներ ցեղի արդյունավետությունը որսի և մարտի դաշտում: Երկու միլիոն տարի գոյություն ունեցող այս նացիոնալ սոցիալիստական կենսակերպը հետագայում կկանոնակարգի քրիստոնեությունը ու, բնականաբար, կանի դա հանուն հոր և որդու և սուրբ ոգու, ոչ թե հանուն մոր և դստեր և բնազդի:

Երբ մարդկությունը ստեղծեց տեխնոլոգիական այն պաշարը, որը թույլ տվեց ունենալ սննդի ավելցուկ, այս ողջ համակարգը տապալվեց: Սկսած անասնապահությունից, վերջացրած, օրինակ, գերանդիով՝ տեխնոլոգիաները թույլ տվեցին մարդկանց ավելի շատ մթերք ստանալ` շատ ավելի քիչ մարդկային ռեսուրս կիրառելով: Լավ որձն արդեն ոչ թե խիզախ ու հզոր որսորդն էր, այլ աշխատասեր, կարգապահ, հաշվենկատ գյուղագործը: Այդ գյուղագործը, մշակելով իր սեփական, արդեն մասնավոր հողը, կարողանում էր իրենց բավարարել, ստացած ավելցուկն էլ փոխանակել այլ բարիքների հետ: Հետագայում նա այդ ավելցուկից կմուծի հարկ, որպեսզի զինվորը, ոստիկանն ու դատավորը պաշտպանեն իր մասնավոր սեփականություն ն այլոց ոտնձգություններից: Լինելով պաշտպանված ու բարեկեցիկ` նա արդեն պարտավոր չէր մտածել հարևանի բարեկեցության մասին, ավելին՝ շատ անգամ հարևանի հողը ձեռք բերելու համար նրան շահավետ էր հարևանին սնանկացնելը:

Ժամանակի ընթացքում տեխնոլոգիաներն այնքան զարգացան, որ կանայք կարողացան ինքնուրույն հաց վաստակել, և սկսեց հօդս ցնդել հայրիշխանական հասարակարգն առհասարակ: Որոշումների կայացման մեջ բոլորը պահանջեցին իրենց կարծիքը արտահայտելու իրավունք: Աստիճանաբար նորից ակտուալ դարձան անկանոն սեռական հարաբերությունները և վայրի կապիտալիզմը: Ով ինչ կարում, անում է` չմտածելով հանրային շահի մասին:

Այս «պրոգրեսը» բավականին դանդաղեցված էր այն հասարակություններում, որտեղ անվտանգության խնդիրներ կային: Հասարակություններում, որտեղ զուտ հարկահավաքով հնարավոր չէր անվտանգ հասարակություն ստեղծել: Հասարակություն, որտեղ անվտանգության հարցը դեռ ստիպում էր իր յուրաքանչյուր անդամին անձամբ մասնակցել անվտանգության կերտմանը, հետևաբար նույնիսկ ամենատաղանդավոր առևտրականներն ստիպված էին համակերպվել հայրիշխանական կարգերի հետ: Կարգեր, որտեղ գեներալն ավելի մեծ ձայն ունի, քան առևտրականը:

Հայաստանին սպառնացող վտանգը պահանջում էր իր բնակիչներից ապրել տիպիկ նացիոնալ սոցիալիստական կարգով: Առանձնահատուկ տեղ տալ ուժեղ որձերին, էգերին ու սնունդն արդար բաշխել, չեղարկել մասնավոր սեփականությունը և այլն: Բայց «քաղաքակիրթ» աշխարհի կանչը շատ հրապուրիչ էր: Այնքան հրապուրիչ էր, որ տարիների ընթացքում մենք մոռացանք վտանգի մասին, մեր առևտրականները չէին համակերպվում իրենց իրավունքների սահմափակման անհրաժեշտության հետ: Մեզ ստիպեցին մասնավորեցնել հանրային սեփականությունն ու որոշումներ կայացնելիս լսել բոլորին: Ու եթե մեր էլիտար որձերը կարողանային իրենց բնազդները զսպել ու չհանել համազգեստը, եթե ծնվեին, ապրեին ու մահանային ժուժկալության մեջ, գուցե և հնարավոր լիներ պահպանել ճիշտ հասարակարգը: Ավաղ, դա չեղավ: Այսուհետ ցեղի ճակատագիրը կորոշեն առևտրականները, իսկ դա նշանակում է ազգի, ցեղի, ընտանիքի ու պետության կազմաքանդում և բնազդների բրգաձև իշխանության կառուցում: Իրականում քրդերը մեզնից շատ ավելի շահավետ դիրքում են, նրանք դեռ գոյատևելու շանս ունեն:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել