News.am-ը գրում է․

Ակնհայտ է, որ հողատու Նիկոլ Փաշինյանը վախերի մեջ է եւ փորձում է ձերբակալություններով, կալանավորումներով, իրավական տեռոր իրականացնելով՝ հասարակության առողջ հատվածին՝ նաեւ ընդդիմադիրներին, հետ պահել վճռական գործողություններից՝ նրա հրաժարականը պահանջելու առումով: Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 14-ին, լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը։

«Եվ բոլորիս վրա կան նման դատական գործեր՝ կամ ձերբակալման բողոքարկում, կամ կալանավորման:  Այսօր մենք Վահրամ Բաղդասարյանի դատական նիստին ենք եկել հետեւելու. մեր հույսը Սահմանադրությունն է, օրինականությունն է, դատավորներն են, որոնք  կծառայեն, ոչ թե ռեժիմին, այլ ՀՀ պետական շահին: Բայց մի բան կարող եմ ասել, որ անկախ դատարանի որոշումից, անկախ Նիկոլ Փաշինյանի ռեպրեսիաներից՝ մենք քանի շնչում ենք, պայքարելու ենք այս հողատու ռեժիմի եւ նիկոլիզմի դեմ: Եթե նրա հույսն այն է, որ մեզ՝ ռեպրեսիաներ անելով, վախեցնելով  կարող է հետ պահել մեր պայքարից, սխալվում է, որովհետեւ մեր տղաները 2.5 տարի է՝ պայքարում ենք: Եթե շատերը նոր են սկսել պայքարել, մենք 2.5 տարի պայքարել ենք, քարկոծվել ենք, տարբեր տիպի ռեպրեսիաների ենթարկվել ենք, այսօր՝ առավելեւս՝ մեր պայքարը հայրենիքի համար է, հայրենիքի փրկության համար: Մեր ընտանիքի անդամներն էլ են պատրաստ ցանկացած լուծման. մեզ կբռնեն՝ իրենք են դուրս գալու փողոց, չնայած իրենք էլ են մեզ հետ հիմա փողոցում, որովհետեւ սա քաղաքական պայքար չի, սա հայրենիքի պայքար է»:

Էդուարդ Շարմազանովը՝ որպես պատմաբան, արձանագրեց՝ վերջին 100 տարվա ընթացքում Հայաստանը երբեք այսքան ողբերգական, կործանարար վիճակում չի եղել՝ ինչքան այսօր. «Եվ պատճառը Նիկոլ Փաշինյանն է, ով հրահրեց պատերազմը, ով պատերազմի ընթացքում 44 օր պաշտոնական տեղեկատվությամբ խաբեց, մոլորության մեջ գցեց ժողովրդին, որ հաղթում ենք, սակայն բերեց եւ ժողովրդից ծածուկ՝ կնքեց կապիտուլյացիոն ակտ: Ավելին՝ ով մերժեց Պուտինի առաջարկը՝ պատերազմը կանգնեցնելու։ Պարոն Փաշինյան, ո՞ւմ ես լսել դու, երբ հոկտեմբերի 19-ին Պուտինի՝ պատերազմը կանգնեցնելու առաջարկը չես ընդունել, եւ մինչեւ այդ՝ շտաբի պետի առաջարկը չես ընդունել: Ախր եթե քո շտաբի պետը քեզ ասում է, որ մենք ռեսուրս չունենք պատերազմելու, շտաբի պետը թիվ մեկ զինվորական պատասխանատուն է, Նիկոլն ի՞նչ՝ աստղերին նայելով որոշել է,  որ պետք է հաղթեի՞ն.  «Էրատո» ջոկատի վրա՞ էր հույսը դրել, ո՞վ է նրան իրավունք տվել մեր ազգի ճակատագրի հետ խաղալ»։

Շարմազանովը շեշտեց, որ հոկտեմբերի 19-ից մինչեւ նոյեմբերի 10-ը  բոլոր զոհերի ուղիղ պատասխանատուն Նիկոլ Փաշինյանն է։

«Մենք, իհարկե, ունենք համաժողովրդական շարժման,  հայրենիքի փրկության շարժման առաջնորդ, վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյան, բայց կրկնում եմ,  բացի Նիկոլից, սորոսականներից ու տեռորիստներից՝ ով էլ գա, ավելի լավ կկառավարի, որովհետեւ սրանից վատ կառավարել ուղղակի հնարավոր չէ։ Կամ՝ ի՞նչ է նշանակում՝ երկու օր է՝ Արցախում գյուղեր են անցնում թշնամու վերահսկողության տակ, Նիկոլի իշխանությունն ասում է՝ դիմել ենք ռուսական կողմին: Այսինքն՝ ի՞նչ, ձեռքերն Արցախից լվացե՞լ է: Այս մարդը քաղաքական իմպոտենցիայի վառ օրինակ է եւ իր ամբողջ ռեժիմը: Եվ ես ուզում եմ դիմել բոլորին՝ ով այսօր ծառայում է Նիկոլ Փաշինյանին, ով այսօր փորձում է  արդարացնել Նիկոլ Փաշինյանին, նա կրկնակի դավաճանական ակտ է գործում հայ ժողովրդի եւ Հայաստանի Հանրապետության նկատմամբ»,- նշեց Էդուարդ Շարմազանովը։

Նա ասաց, որ Նիկոլ Փաշինյանը հիմա մի քայլ ունի անելու, դա հրաժարական տալն է. «Նա կապիտուլյացիոն ակտ ստորագրած, թուրքի առաջ ծնկի եկած մարդ է, մարդը, ում Ալիեւը ձեռք է առնում… Բաքվի շքերթից հետո նորմալ մարդիկ երկու ճանապարհ ունեն՝ ինքնասպանություն կամ կամավոր հրաժարական: Առաջինը չէի ցանկանա, 4 երեխաների հայր է, թող իր երեխաների գլխից անպակաս լինի: Սակայն նա ոչ մեկն է անում, ոչ՝ մյուսը: Կառչել ես աթոռին, որ ի՞նչ անես: Մի օր գնալու ես չէ՞, շուտով ես գնալու»։

Շարմազանովն ասաց, որ հոկտեմբերի 12-ին ինքը դիմել է Փաշինյանին՝ պատերազմը կանգնեցնելու իր առաջարկով. «Ողղակի ասել եմ՝ «Խնդրիր Պուտինին, կանգնեցրու պատերազմը: Եթե այսօր չընդունես նրանց առաջարկը, վաղն ավելի վատ առաջարկի առաջ ես կանգնելու», սակայն չի արել:

ՀՀԿ ԳՄ անդամի խոսքով՝ հակառակորդ այս օրերին ակտիվացել է այն պատճառով, որ Հայաստանում իշխանությունը բացակայում է։

«Աշխարհի վիրավորանքն է տալիս Հայաստանի, հայ ժողովրդի հասցեին, այստեղից զրո արձագանք։ Ավելին, նրա պատգամավորները աննամուսի նման ԱԺ-ում ասում են՝ Ադրբեջանի, Թուրքիայի հետ պիտի դիվանագիտական հարաբերություններ հաստատենք։ Մի պատգամավորն ասում է՝ մեր գերիների հետ լավ են վարվում, երբ տեսնում ենք՝ ինչպես են մեր գերիներին անարգում, ծեծում, սպանում են։ Էդքան արժանապատվություն ունեք, գնացեք Ալիեւին պատասխանեք։ Պետության ղեկավարն ունի մեկ ֆունկցիա՝ պահպանել իր քաղաքացիների եւ իր սահմանների անվտանգությունը. ոչ էն ա կարողանում անի, ոչ էլ՝ էն։ 2 գյուղ մտնեն, անվտանգության նիստն 2 օր հետո անի։ Մարդիկ զանգում, ասում են՝ ինչ է կատարվում երկրում, ամբողջ Պռոշյան փողոցը ոստիկանական շքախումբ է»։

Շարմազանովի խոսքով՝ Ապրիլյան պատերազմին իրենց մի զանգով արտասահմանցի պատգամավորներ էին գալիս Արցախ. «Մեր ջանքերով Ադրբեջանն ագրեսոր էր համարվում, իսկ այսօր Ադրբեջանը պատերազմ է սկսել, ու  միջազգային հանրությունից զրո արձագանք, որովհետեւ Պառլամենտում նստած ամեն ինչից խոսում են, բացի Ադրբեջանին մեղադրելուց»։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել