Ալիեւի հանդուգն պահվածքը ԵԱՀԿ ՄԽ համանախագահների հետ իրոք արձանագրում է ի վնաս մեզ փոփոխված տարածաշրջանային իրողությունները։
Արեւմտյան ներկայացուցիչների նման հրապարակային նսեմացումը ռեւերանս էր Ռուսաստանի հասցեին, ում Ալիեւը միկրովիրաբուժական ճշգրտությամբ զանազանեց Ֆրանսիայից եւ ԱՄՆ-ից։
Սակայն այդ պահվածքի հիմնական շահառուն, անշուշտ, Թուրքիան էր, որը պատերազմի խայտառակ կապիտուլյացիայից հետո մեր հաշվին դարձավ Հարավային Կովկասի լիարժեք բաժնետեր։
Ադրբեջանի նախագահի դեմարշը նաեւ ԵԱՀԿ ՄԽ համանախագահների ձեւաչափի դե-ֆակտո ապալեգիտիմացման ուժեղ հարված էր։
Ի՞նչ է պետք Հայաստանին։
1. Նախեւառաջ, արագ ու վերջապես լուծել մեր ներքաղաքական թիվ մեկ խնդիրը եւ հեռացնել ազգային աղետի հեղինակին։ Ալիեւի կեցվածքը եւս մեկ անգամ ապացուցեց նաեւ, որ մեզ անհրաժեշտ է օր առաջ փոխել հիմնական բանակցողին, ով այլեւս չունի ոչ բարոյական իրավունք, ոչ էլ ներքին լեգիտիմություն խոսելու մեր ազգային շահերի մասին իրեն ամեն առիթով անպատասխան ստորացնող ու ծաղրող Ալիեւի հետ։
2. Արցախի ապագան այսօր մեծապես կախված է նրանից, թե ով կկարողանա Մոսկվայի հետ ապահովել սեփական շահերի առաջխաղացման արդյունավետ մեխանիզմ։ Ակնհայտ է, որ Հայաստանի գործող ղեկավարությունը դա, մեղմ ասած, անել ի վիճակի չէ։
3. Պահպանել աշխատանքային կապերը Ֆրանսիայի եւ ԱՄՆ-ի հետ՝ հստակ արձանագրելով, որ այդ հարաբերությունները, սակայն, Արցախյան համատեքստում որոշիչ չեն լինելու եւ ընդամենը բարենպաստ ֆոն կարող են ծառայել։ Գործող վարչակազմը ապացիւցեց, որ ունակ չէ նման նիւրբ քաղաքական աշխատանքի։
Արցախի մնացած հատվածի ցանկացած դեռ հնարավոր հայանպաստ ճակատագիր պահանջում է ազատվել կապիտուլյանտ ռեժիմից։
«Աթոռ՝ թուրք-ադրբեջանական տանդեմին տրվելու դիմաց» իշխանական հասունացող գործարքը պետք է կանխել օր առաջ։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել