«Հայրենիքի փրկության շարժում» իրավական հանձնախմբի ղեկավար Արթուր Ղազինյանի՝ օրերս պետական դավաճանության վերաբերյալ  հանցագործության մասին հաղորդմանը Գլխավոր դատախազությունից արձագանքել են ու տեղեկացրել, որ նրա ներկայացրած հանցագործության մասին հաղորդման 1-ին, 2-րդ, 3-րդ, 5-րդ եւ 6-րդ կետերում նշված առանձին հանգամանքների վերաբերյալ Հատուկ քննչական ծառայությունում արդեն իսկ հարուցված է քրեական գործ։ Այս մասին ֆեյսբուքյան  ուղիղ եթերում ասաց Ղազինյանը՝ մանրամասնելով, թե  հանցագործության մասին հաղորդման 3-րդ կետը ինչին էր վերաբերում։

«Դա վերաբերում է ՀՀ ՊՆ Ռազմական վերահսկողության նախկին պետ Մովսես Հակոբյանի կողմից նոյեմբերի 19-ին «Հայելի» ակումբում ասուլիսի ընթացքում հրապարակված մի տեղեկության, որ 2020թ․-ի սեպտեմբերի  27-ին սանձազերծված պատերազմի 3-րդ օրը վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրահանգով կանգնեցվել է Զինված ուժերի լրահամալրումը, փոխարենն առաջնագիծ են ուղարկվել կամավորականները, ինչի հետեւանքով մարտական գործողությունների ընթացքում զոհված եւ վիրավորված անձնակազմի  լրահամալրում լիարժեք չի իրականացվել, քանի որ  կամավորականները շատ դեպքերում հրաժարվել են կատարել մարտական առաջադրանքները։ Գեներալը նաեւ ասաց նրա մասին, որ զինվորականները, որոնք պետք է կատարեին Նիկոլ Փաշինյանի հրամանը, հասկացել են, որ դա հանցագործություն է, բայց դա արել են, եւ այդ մասին կա ձայնագրություն»,- պատմեց Արթուր Ղազինյանը։

Ըստ նրա՝ Նիկոլ Փաշինյանը չի հանդիսացել ՀՀ Զինված ուժերի գլխավոր հրամանատար, սակայն իրեն կարգելով այդ պաշտոնում, ԶՈՒ-երին հրահանգներ է տվել։

«Մենք այստեղ գործ ունենք լիազորությունների չարաշահման, իշխանության յուրացման եւ ապօրինի տրված հրամանների հետ»,- ընդգծեց Ղազինյանը, ապա հավելեց, որ Մովսես Հակոբյանի հայտարարության հիման վրա ՀՔԾ-ում քրեական գործ է հարուցել։ Ըստ նրա՝ ՀՔԾ-ն անհապաղ պետք է Փաշինյանին ներգրավվեր որպես մեղադրյալ, ապա նրան առաջադրեր մեղադրանք, ու կասեցներ նրա լիազորությունները եւ կիրառեր  կալանքը որպես խափանման միջոց։

Թե ինչո՞ւ պետք է վարչապետի լիազորությունները դադարեցվեին եւ խափանման միջոցը կալանքն ընտրվեր, Ղազինյանըդ բացատրեց նրանով, որ ՀՔԾ-ն  վարչապետին ենթակա մարմին է, եւ ինքը վստահ է, որ այն գտնվում է Փաշինյանի կառավարման ներքո, եւ նա կարող է վարույթն իրականացնողի գործերին միջամտել, նախաքննությանը խոչընդոտել, ցուցումներ եւ հրահանգներ տալ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել