Այս պահին ես կարծում եմ՝ միայն մենք կարող ենք դա անցկացնել։ Բացի մեզնից՝ ոչ մեկին չենք վստահում։ Այս մասին խորհրդարանական ճեպազրույցների ընթացքում հայտարարեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը՝ անդրադառնալով հարցին, թե գործող կառավարությունը՝ վարչապետի գլխավորությամբ, կարո՞ղ է ընտրություններն անցկացնել օրենքի շրջանակում, բոլորի համար հավասար պայմաններով։

«Ես գիտեմ՝ մենք ինչ կարող ենք անել, չգիտեմ՝ ուրիշներն ինչ կարող են անել։ Պետք է լինեն երաշխիքներ, ով էլ կլինի դրա կազմակերպիչը»,- ասաց նա։

Դիտարկմանը՝ նա նշում է, որ վստահում է միայն իրենց, դա արդյո՞ք նշանակում է, որ չեն վստահում նաև «Հայրենիքի փրկության շարժման» կողմից անցկացվող ընտրությունների արդար լինելուն, Մարուքյանն արձագանքեց․ «Ոչ թե չենք վստահում ինչ-որ մեկին, ասում ենք՝ առաջինը մեզ ենք վստահում»։

Հարցին՝ բացառո՞ւմ է, որ ինչ-որ իրավիճակում ամեն դեպքում կքվեարկի Վազգեն Մանուկյանի օգտին, Մարուքյանն արձագանքեց․ «Ես քաղաքականության մեջ չեմ կարող բացառել նման հանգամանքներ, բնականաբար, նաև իրենք չպետք է բացառեն, որ ինչ-որ պահի կաջակցեն մեր թեկնածությանը։ Եթե իրենք բացառեն այդ հանգամանքը, բնականաբար, կարող է մենք էլ բացառենք իրենց հանգամանքը»,- ասաց նա։

Պատգամավորից հետաքրքրվեցին նաև՝ Արցախի ճանաչման հարց կբարձրացվի՞ և ի՞նչ սահմաններով, Մարուքյանն ասաց, որ իրենք նման գործընթաց սկսել են, բայց այդ գործընթացը այս պահին նպատակահարմար չէ իրականացնել։

Անդրադառնալով Թուրքիայի և Ադրբեջանի ղեկավարների հայտարարություններին՝ Մարուքյանն ասաց, թե դրանք այն մասին են, որ դեռ երկար այս տարածաշրջանում խաղաղության մասին խոսելը վաղ է լինելու․ «Պետք է ակնհայտ երաշխիքներ լինեն, որ այլևս որևէ նպատակ չկա որևէ ձևով ոտնձգություն իրականացնել ՀՀ սուվերեն տարածքի կամ Արցախի մնացած տարածքի նկատմամբ»,- ասաց նա։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել