Shamshyan.com-ը գրում է․

Այսօր, դեկտեմբերի 9-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 08։30-ի սահմաններում Ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արաբկիր վարչական շրջանի Դավթյան փողոցի 1/4 շենքի բակում պայթյուն է տեղի ունեցել։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված վայր են ժամանել Ոստիկանության Արաբկիրի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Արմեն Վաթյանի գլխավորությամբ։ Ժամանել են նաև Ոստիկանության Երևան քաղաքի վարչության պետի օպեր գծով տեղակալ Արթուր Զաքարյանը, նույն վարչության քրեական հետախուզության բաժնի պետ Հովհաննես Արիստակեսյանը։

Ոստիկանները պարզել են, որ դեռևս անհայտ հանգամանքներում, պայթեցրել են Lexus մակնիշի 300 SL 01 համարանիշի ավտոմեքենան։ Դեպքի վայրում աշխատել են նաև Ոստիկանության փորձաքրեագետները։ Դեպքի վայր են ժամանել նաև ՀՀ ոստիկանապետի առաջին տեղակալ Արամ Հովհաննիսյանը, Ոստիկանության քրեական վարչության պետ Վարդան Վարդանյանը, Երևանի ոստիկանապետ Սևան Քոչարյանը և Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիրի քննչական բաժնի խումբը՝ բաժնի պետ Կարեն Թորոսյանի գլխավորությամբ։ Ըստ նախնական տեղեկությունների՝ պայթյունի հետևանքով տուժածներ չկան։

Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ պայթեցված ավտոմեքենան որպես տրանսպորտային միջոց շահագործվում է Հայէկոնոմբանկի գործադիր տնօրեն Արամ Խաչատրյանի կողմից, սակայն նա ավտոմեքենայում չի եղել։ Վարորդը աշխատանքի գնալիս շարժի է դրել ավտոմեքենան, և մի քանի մետր առաջ ընթանալով, պայթյուն է տեղի ունեցել։ Քննիչի հանձնարարականով՝ ավտոմեքենան տեղափոխվել է Ոստիկանության Արաբկիրի բաժնի պահանվող հատուկ տարածք։ Հաշվի առնելով հանցագործության վտանգավորության աստիճանը, դեպքի վայր է ժամանել նաև Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների դատախազի տեղակալ Կարեն Մելքոնյանը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել