Panorama.am-ը գրում է․

ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանը դեկտեմբերի 8-ին ԱԺ հայտարարությունների ժամին հայտնել էր, որ հայ ռազմագերիների խնդրի հետ կապված փակ քննարկման ժամանակ «Իմ քայլը» խմբակցության անդամ Մարիա Կարապետյանը, ով ամենաշատն է շահագրգռված եղել, որպեսզի հարցը քննարկվի փակ ռեժիմով, ասել էր, թե Ադրբեջանում հայ ռազմագերիների հետ լավ են վարվում:

Այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում Մարիա Կարապետյանը հերքեց, որ ինքը նման բան է  հայտարարել:

«Այն հոլովակներից հետո, որ պտտվում են մեր գերիների մասով, երևակայությունից դուրս է, որ Ազգային ժողովի որևէ պատգամավոր ասեր՝ մեր գերիներին լավ են վերաբերվում: Այս վերագրումը չի կարող հիմք ունենալ»,- նշեց իշխանական պատգամավորը:

Նա նաև ասաց, որ փակ են անցկացրել նիստը, քանի որ զգայուն հարցեր էին քննարկվելու, հաճախ հարկավոր է հաշվի առնել հարազատների զգացմունքներն այս հարցի վերաբերյալ:

Լրագրողների հետ ճեպազրույցում Անի Սամոսնյանը կրկնեց իր՝ երեկ արած հայտարարությունը:

«Մարիա Կարապետյանն այն պատգամավորներից էր, ով մինչև վերջ պնդում էր, հատուկ ելույթ էլ ունեցավ, որ մենք քաղաքական դիվիդենտներ ենք շահում ռազմագերիների հարցի քննարկումից: Ըստ էության, մենք փակ նիստի ժամանակ հասկացանք, թե ինչու էր նա պնդում, որ այդ հանդիպումը փակ լինի, քանի որ նա այդ փակ նիստի ժամանակ մեզ հետ կռիվ էր անում, մասնավորապես, Էդմոն Մարուքյանի հետ, թե ինչու ենք բարձրաձայնել Ադրբեջանի զորահանդեսում նախատեսվող այն մտայնության մասին, որ մեր ռազմագերիներին կարող են ցույց տալ: 

Նա բերում էր մի փաստարկ, որ ինքը չի կարծում՝ Ադրբեջանը նման բան կանի, քանի որ չի խախտում միջազգային կոնվենցիաները: Ի պատասախան նրան՝ արդյոք դուք չեք տեսնում ինչպես են վերաբերվում մեր ռազմագերինեին, ի՞նչ վատ վերաբերմունք են ցույց տալիս,  տիկին Կարապետյանը որևէ արձագանք չի տվել, թեև հնարավարություն ուներ: Ըստ էության, նրա ասածն այն էր, որ մեր գերիներին Ադրբեջանում վատ չեն վերաբերվում, քանի որ մեր պատասխանը նրան ուղղված ենթադրում էր, որ նա միգուցե կասի՝ այո, վատ են վերաբերվում, բայց չասաց: Ըստ էության պաշտպանում էր Ադրբեջանի շահերը:

Մենք նրան հարցրել ենք՝ եթե կասկածում եք, որ վատ են վերաբերվում, գնացեք ու նայեք տեսանյութերը: Տիկին Կարապետյանը շարունակում էր մեզ հետ կռիվ անել»,- փակ հանդիպումից մանրամասներ փոխանցեց Ա. Սամսոնյանը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել