«Հրապարակ» թերթը գրում է. «Նիկոլ Փաշինյանը գնում է իր դիրքերն ամրապնդելու ճանապարհով։ Մասնավորապես, ուզում է զինվորական անցյալով մարդկանց մարզպետներ նշանակել, որ ապագա ընտրություններում խնդիրներ չունենա։

Երեկ Սյունիքում մարզպետ նշանակվեց Սյունիքի ԵԿՄ ղեկավար Մելիքսեթ Պողոսյանը։ Լոռիում կնշանակվի իմքայլական պատգամավոր Արամ Խաչատրյանը, ով 1999թ. ավարտել է ՀՀ ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտը, 1999-2004թթ. ծառայել է ՀՀ զինված ուժերում:

Իսկ 2018-ից Լոռու փոխմարզպետն էր եւ այսօրվա մարզպետի հետ սուր տարաձայնությունների պատճառով մտավ ԱԺ։ Խաչատրյանը երեկ մեզ հետ զրույցում ո՛չ հերքեց, ո՛չ հաստատեց իր մարզպետ նշանակվելու լուրը։ «Որ նշանակվեմ, կիմանաք»,- ասաց նա։

Այսինքն՝ նշանակվելու եք։ «Չեմ կարող ասել, թիմն ինչպես որոշի, այնպես էլ կանեմ»։ Հնարավո՞ր է, որ մերժեք՝ այսօր հայտնի չէ իշխանությունների ճակատագիրը։ «Համաձայն չեմ, թե մեր իշխանությունը ժամանակավոր է, մենք մնալու ենք մինչեւ վերջ, մինչեւ հերթական ընտրությունները»։ Իսկ գործող մարզպետ Անդրեյ Ղուկասյանը ո՞ր հարցերում է թերացել, որ ուզում են փոխել։ «Աշխատող մարդը միշտ էլ թերանում է, չաշխատողն է, որ չի թերանում»,- փիլիսոփայեց մարզպետի հետ շփվող թեկնածուն»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել