Այսօր Ազգային ժողովում, երբ քննարկվում էր ռազմագերիների հարցով քննարկում կազմակերպելու հարցը, վարման կարգով հանդես եկավ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը և նշեց, որ, մեր ռազմագերիների անվտանգությունից և գործընթացը չխաթարելու տեսանկյունից ելնելով,  «Իմ քայլը» խմբակցության պատգամավորները գրությամբ դիմել են ԱԺ նախագահին, որ քննարկումը դառնա փակ:

«Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը նշեց, որ իրենք նախաձեռնել են ռազմագերիների հարցով քննարկում, ինչպես նաև վերջում ուղերձի քննարկում, և  ուղերձը քաղաքական նկատառում, շահարկում, որևէ բան չունի: «Երեկ «Իմ քայլը» դաշինքի ԱԺ խորհրդի անդամները փորձել են տապալել այս քննարկումը, ԱԺ խորհրդի նիստում պարզվել է, որ չեն կարող տապալել, և երբ որ հասկացել են, որ անհնարին է տապալելը, որոշում է ընդունվել փակ անել: Մենք գտնում ենք, որ փակ անելն անիմաստ է»,- ասաց նա և նշեց, որ իր գործընկերներին կոչ է անում ձեռնպահ մնալ այդ քննարկումը փակ անելուց և վստահություն հայտնեց, որ այդ քննարկմանը չի վտանգվի ռազմագերիների խնդիրը:

ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը նշեց, որ նշված թեման կարող է մեծագույն խնդիրներ առաջացնել, ինչպես նաև սպառնալ ռազմագերիների անվտանգությանը, կարող է ազդեցություն ունենալ ժամանակի վրա և բազմաթիվ բացասական հետևանքներ թողնել այդ գործընթացի վրա: «Ես կարծում եմ, որ յուրաքանչյուր քաղաքացի, այդ թվում՝ պատգամավորները, գիտակցում են, որ ի լուր աշխարհի ԱԺ ձայնը լսեցնելու համար պարտադիր չէ՝ այդ լսումները ի լուր նաև մեր թշնամու լինեն»,- ասաց նա:

Լիլիթ Մակունցն ավելացրեց, որ եթե ցանկանային տապալել քննարկումը, բավարար էր քվորումը չապահովել, սակայն նման ցանկություն չունեն:

«Լուսավոր Հայաստան» խմբակցության քարտուղար Գևորգ Գորգիսյանն ամփոփելով նշեց, որ այս քննարկումը նրա համար է, որ տեսնեն, թե ինչ են արել պատկան մարմինները: «Փորձում եք վախեցնել քաղաքացիներին, նույն միֆերն եք տարածում, հարգելիներս, հերիք խաբեք քաղաքացիներին, վախեցնեք մեր քաղաքացիներին ձեր ստերով»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել