«Հրապարակը» զրուցել է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, արտաքին հարաբերությունների հանձնաժողովի փոխնախագահ Հովհաննես Իգիթյանի հետ

- Ընդդիմադիր ուժերը մինչև այսօր՝ ժամը 12-ը, ժամանակ են տվել Նիկոլ Փաշինյանին, որ նա հեռանա։ Ի՞նչ եք կարծում, կգնա՞ այդ քայլին։

- Դուք մտածում եք, որ ես հիմա պետք է մեկնաբանեմ նախ այս վերջնագիրը, ես այն վերջնագիր եմ համարում, և կռահեմ, թե Նիկոլ Փաշինյանն ինչպես է պատասխանո՞ւմ։ Ես եթե լրագրող լինեի, կմոտենայի այն մարդուն, որն այս վերջնագիրը հնչեցրել է, և կհարցնեի՝ իսկ եթե 12։01-ին՝ ձեր տված ժամկետից մեկ րոպե անց, չտա հրաժարական, ապա ի՞նչ։

- Իրենք ասում են՝ դրանից հետո սկսելու են զանգվածային անհնազանդության ակցիաներ իրականացնել։

- Դրանից հետո իրենք պետք է մի պատասխան տան՝ մենք կանենք ամեն ինչ օրենքների շրջանակներում։

- Հակառակը չեն էլ ասել՝ որ օրենքի շրջանակում չեն գործելու։

- Դե, այդ դեպքում դա արդեն վերջնագիր չէ, որովհետև վերջնագիրը նշանակում է՝ եթե այդպես չանես, ապա ես կանեմ սա, սա, սա։

- Նիկոլ Փաշինյանի հեռացման պահանջի մեջ Դուք հիմնավոր պատճառ տեսնո՞ւմ եք, թե՞ ոչ, ինչո՞ւ պետք է նա գնա կամ, Ձեր կարծիքով, ինչո՞ւ պետք է չգնա։

- Չէ, հարցը դա չէ, և Նիկոլ Փաշինյանն էլ չի հիմնավորում՝ ինչու ինքը պետք է մնա կամ ինչու ինքը չպետք է գնա։ Ես իմ մասին եմ ասում, օրինակ՝ ես, որպես պատգամավոր, փորձում եմ գտնել այն կոնցեպտը, որտեղ կարող եմ օգտակար լինել այս իրավիճակում։ Եթե տեսնեմ, որ ես չեմ կարող այս իրավիճակին որևէ ձևով օգտակար լինել, ես, իհարկե, կգնամ։ Ու կգնամ ոչ թե նրա համար, որ ասում են՝ հեռացիր, այլ կգնամ, որ կարող է ես իմ հին մտածելակերպով այս իրավիճակում օգտակար չլինեմ։

- Դրա՞ համար Ձեր որոշ գործընկերների օրինակով չեք դնում մանդատն ու հեռանում։

- Ամեն մեկը թող մտածի՝ այս իրավիճակում ինքը կարո՞ղ է աշխատել։ Մեկը մտածում է, որ չի կարող, մեկը կարծում է, որ ճնշումը շատ մեծ է, և ինքը չի կարող դիմանալ, մեկը գտնում է, որ ինքը չի կարող օգտակար լինել։

- Հիմա Դուք ի՞նչ եք մտածում՝ կարո՞ղ եք օգտակար լինել այս իրավիճակում և ո՞ւմ կամ ինչի՞ն պետք է օգտակար լինեք ու ինչպե՞ս։

- Տեսեք, ես՝ որպես արտաքին հարաբերությունների հանձնաժողովի անդամ, փորձում եմ այն բոլոր բանաձևերը, որ նախկինում մենք ունեցել ենք, նայել՝ արդյոք դրանք արդիակա՞ն են, թե՞ ոչ, որովհետև, ի վերջո, Լեռնային Ղարաբաղի հետ կապված Ադրբեջանի մոտեցումը եղել է գերիշխող, որ Հայաստանը հարձակվել է իր վրա, 20 տոկոս հող է գրավել, և մի միլիոն փախստական ունեն իրենք։ Հիմա հակառակ պրոցեսն է՝ Ադրբեջանն օկուպացրել է Լեռնային Ղարաբաղը։ Ով ինչպես ուզում է հաշվարկի՝ բոլոր հաշվարկներով, Ադրբեջանն օկուպացրել է Լեռնային Ղարաբաղը, խախտել է Մինսկի խմբի բոլոր բանաձևերը։

- Դիվանագիտական ճակատում մենք հիմա ի՞նչ անելիք ունենք, և այսօր հնարավո՞ր է վերսկսել բանակցային գործընթացը։

- Նախ, առաջինը մենք պետք է մեր անհամաձայնությունը հայտնենք իրականացվածի հետ կապված։ Իհարկե, պետք է սկսվի բանակցային գործընթաց, բայց մինչև սկսելը ե՛ւ մենք, ե՛ւ Արցախը պետք է մեր կոնցեպտը ներկայացնենք։ Եվ ես գտնում եմ, որ այստեղ Արցախը պիտի իր սուբյեկտությունը բարձրացնի։

- Պարտված կամ կապիտուլյացիայի, հողերը հանձնելու փաստաթուղթը ստորագրած ղեկավարը, ըստ Ձեզ, կարո՞ղ է գնալ և արժանապատվորեն բանակցել։

- Դուք անհատի հարց եք բարձրացնում, ես չեմ կարծում, որ այստեղ մենք անհատական մոտեցումներով պետք է փորձենք իրավիճակից դուրս գալ։

- Բայց այդ անհատն է, չէ՞, ստորագրել փաստաթուղթը։

- Կապ չունի, Պուտինն էլ է ստորագրել այդ փաստաթուղթը, պետք է հրաժարակա՞նը պահանջենք։

- Բայց Պուտինին չեն ծաղրում Ալիևն ու նրա ապարատը, նրան չեն վիրավորում, հումորային հոլովակներ չեն պատրաստում նրա վրա։

- Համաձայնեք, որ տարբեր մոտեցումներ կան, չէ՞։ Մեկն ասում է՝ Փաշինյա՛ն, հեռացիր, մեկը չի ասում՝ Փաշինյա՛ն, հեռացիր, մեկն էլ գտնում է, որ Փաշինյանը պետք է մնա։ Այսինքն՝ ստացվում է, որ այս բանաձևի շուրջ, որը մի նախադասության մեջ է՝ Փաշինյա՛ն, հեռացիր, ազգային համաձայնությունը չի ստացվում։

- Բայց այսօր փաստացի չկա մի քաղաքական ուժ, որը կողմ է Փաշինյանի մնալուն՝ բացի ՔՊ-ից, իհարկե։

- Այսինքն՝ Դուք գտնում եք, որ եթե «Քաղաքացիական պայմանագիրը» համաձայն չէ, ապա կոնսենսուս մինուս մե՞կ է։ Գտեք մի կոնցեպտ, որը միավորում է ազգին։ Այս կամ այն մեկին դավաճան համարելն ազգին չի միավորում։ Ազգին միավորում են այս վիշտը և այս ողբերգությունից դուրս գալու ճանապարհը։ Այդ ճանապարհը կարող է միավորել, պետք է կոնսենսուս լինի, որովհետև, եթե մեկն ասում է, որ նա դավաճան է, կհայտնվի մեկը, որ կասի՝ ինքը դավաճան չէ, այս դավաճան ասողն է դավաճան։ Տեսեք, ես չեմ ուզում իմ գնահատականները տալ Վազգեն Մանուկյանին, ես իրեն շատ լավ եմ ճանաչում, նաև ճանապարհ եմ անցել իր հետ, ինքը համարվում է ազգային միասնության թեկնածուն։ Ես հարց եմ տալիս՝ առանց պատասխան ակնկալելու․ արդյոք տեղի ունեցա՞վ մեր ազգի միասնությունը Վազգեն Մանուկյանի՝ միասնական թեկնածու հայտարարելուց հետո։ Արդյոք դա ավելի չխորացրե՞ց քաղաքական դաշտը։

- Իսկ ի՞նչ եք առաջարկում։ Վազգեն Մանուկյանը կարող է մի մասի համար ընդունելի չլինել, բայց այսօր խնդիր կա, որ Նիկոլ Փաշինյանը չի կարող նստել բանակցային սեղանին, ասում են՝ «հողերը հանձնած» ղեկավարը չի կարող նստել-բանակցել Ալիևի հետ, ով ծաղրում է Փաշինյանին։

- Ես չգիտեմ՝ կարող է նստել, թե չի կարող նստել, բայց հիմա բանակցություններ չկան, հիմա հետպատերազմյան վիճակի վերականգնման խնդիր կա։ Եվ մենք հիմա մեր քաղաքականությունը կապենք Ալիևի կամ Էրդողանի՝ մեզ ծաղրելու կամ մեզ չսիրելու, մեզ ատելու, մեզ շուն անվանելու հիման վրա՞։ Հիմա, եթե ես դեմագոգիա անեմ, ապա կարող եմ ասել, որ այսօր ոչ թե 17 կուսակցություններն են պահանջում Նիկոլի հրաժարականը, այլ 17+2՝ դա Ալիևն է և Էրդողանը։ Այսինքն՝ այս հարցում եղավ կոնսենսուս։ Ես դեմագոգիա եմ հատուկ անում, որ սարկազմի վերածեմ։

- Առանց դեմագոգիայի կարող եմ ասել, որ Ալիևն ու Էրդողանը Փաշինյանի հրաժարականը չեն պահանջում, հակառակը՝ ընդամենը ծաղրում են նրան ու չարախնդում նրա ստորագրած փաստաթղթի առնչությամբ։

- Տեսեք, Դուք իմ կարծիքն եք հարցնում՝ ես ոչ թե կարծիքս պետք է ասեմ, պետք է ասեմ՝ ինչպե՞ս են պատրաստվում իրականացնել իրենց պահանջը»։

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել