News.am-ը գրում է․

ԱՄՆ Կալիֆոռնիա նահանգում կանխատեսվում է լայնամասշտաբ բնական աղետ՝ «մեգափոթորիկ», որը կարող է բերել ավելի լուրջ հետեւանքների, քան երկրաշարժերն ու անտառային հրդեհները, որոնք բնորոշ են երկրի արեւմտյան ափին, հաղորդում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով ABC հեռուստաալիքին:

Գիտնականները վախենում են կատալիզմի կրկնությունից, որը տեղի է ունեցել Կալիֆոռնիայում 1861-1862 թվականների ձմռանը: Ինչպես հեռուստաընկերությանը հայտնել է Լոս Անջելեսում Կալիֆոռնիայի համալսարանի կլիմայագետ Դանիել Սուեյնը, այն ժամանակ մի քանի շաբաթ տեւած անձրեւների պատճառով նահանգի կենտրոնական մասում գտնվող հովտի մի զգալի մասը ողողվել էր ջրով: Ջրի հոսքերը մոտ 64 կմ լայնությամբ եւ 241 կմ երկարությամբ ներքին ծով էին կազմել: ԱՄՆ երկրաբանական ծառայության սեյսմոլոգ Լյուսի Ջոնսը նշել է, որ ջրհեղեղի հետեւանքով Կալիֆոռնիայի բոլոր տների քառորդ մասը հեղեղվել է: Հետեւանքներն այնքան աղետալի էին, որ իշխանությունները ստիպված էին Սակրամենտոյից ժամանակավորապես տեղափոխել նահանգի մայրաքաղաքը:

Տարեկան օղակները վերլուծելով՝ գիտնականները պարզել են, որ վերջին 1800 տարիների ընթացքում Կալիֆոռնիայում վեց «մեգափոթորիկ» է տեղի ունեցել՝ ավելի մեծ, քան 1861-1862 թվականների աղետը:

Սուեյնն ընդգծել է, որ, ըստ վերջին գիտական տվյալների, «մեգափոթորիկները» տեղի են ունենում մոտ 200 տարին մեկ անգամ: Սա նշանակում է, որ հաջորդ նման կատակլիզմը կարող է տեղի ունենալ առաջիկա 40 տարվա ցանկացած պահի:

Հետազոտողները ենթադրում են, որ նոր «մեգափոթորկի» հետեւանքով նահանգի բնակչության 1%-ը (395 հազար մարդ) կարող է մահանալ, իսկ Կալիֆոռնիայի մեկուկես միլիոն բնակիչներ ստիպված կլինեն տարհանվել:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել