Tert.am-ը գրում է.

Պատերազմը Լեռնային Ղարաբաղի համար ավարտվել է, հրադադար է հաստատվել, իսկ ռուս խաղաղապահներն ապահովում են կարգուկանոնը, սակայն հայ զինվորների մի մասը դեռևս գերության մեջ է գտնվում: Այս մասին ասվում է Human Rights Watch (HRW)-ի զեկույցում, որը մեջբերելով՝ գերմանական Der Spiegel պարբերականը ներկայացնում է իրավապաշտպան կազմակերպության աշխատակից Տատյանա Լոկշինայի տեսակետը, որը տարածաշրջանում հակամարտության սեփական հետաքննությունն է իրականացրել:

Լոկշինայի խոսքով՝ հստակ տվյալներ չկան, թե քանի մարդ է գերության մեջ գտնվում: «Երևանում իշխանությունների ներկայացուցիչները մեզ հայտնել են, որ «տասնյակ» հայեր կան գերության մեջ գտնվում: ԶԼՄ-ներում խոսվում է Ադրբեջանում հարյուրավոր հայ գերիների և Հայաստանում մի քանի ադրբեջանցի գերիների մասին»,- նշել է իրավապաշտպանը՝ հավելելով, որ մինչ հայկական կողմը ցանկանում է հնարավորինս շուտ փոխանակել գերիներին, ադրբեջանական կողմը ցանկանում է նախ փոխանակել զոհերի մարմինները, «իսկ այդ գործընթացը դեռ շարունակվում է»:

Լոկշինան ընդգծել է, որ սոցցանցերում և այլ ինտերնետ հարթակներում տասնյակ տեսանյութեր և լուսանկարներ են պտտվում, որոնք ցույց են տալիս, թե ինչպես են ադրբեջանցիները նվաստացնում հայ գերիներին: «Մենք մանրամասն ուսումնասիրել ենք 14 նման տեսանյութ, կարողացել ենք զրուցել հինգ գերիների հարազատների հետ: Հարազատները ճանաչել են նրանց տեսանյութում և մեզ լուսանկարներ ու փաստաթղթեր են տրամադրել, որոնց օգնությամբ կարելի է նույնականացնել նրանց»,- նշել է մասնագետը:

Վերջինս հավելել է, որ տեսանյութերում երևում է, թե ինչպես են ոտքերով հարվածում հայերին, ծակում սուր առարկաներով, ստիպում են համբուրել ադրբեջանական դրոշը: «Նրանք ստիպված են լինում ասել՝ «Ղարաբաղն Ադրբեջան է»: Տեսանյութերից մեկում 8 զինվորի ենք տեսել, որոնք կապված ձեռքերով և կապված աչքերով նստած էին գետնին: Նրանց ծեծում էին, քայլում նրանց վրայով: Զինվորներից մեկը ռուսերեն հառաչում էր. «Ես ամեն ինչ կասեմ, ամեն ինչ կասեմ» (Я все скажу! Я все скажу): Միևնույն ժամանակ նրան ծեծում էին և ծակում շամփուրներով»,- ասել է իրավապաշտպանը գործակալության հետ զրույցում:   

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել