The Washington Post պարբերականը գրում է.

«Հազարավոր ցուցարարներ չորեքշաբթի երթեր են կազմակերպել Հայաստանի մայրաքաղաքում՝ շարունակելով պահանջել պետության վարչապետից հրաժարական տալ հարևան Ադրբեջանի հետ կնքած խաղաղության համաձայնության կապակցությամբ։ Ժողովուրդն այն համարում է ազգային շահերի դավաճանություն։

Ռուսաստանի միջնորդությամբ համաձայնությունը ձեռք է բերվել նոյեմբերի 10-ին՝ Լեռնային Ղարաբաղում 44 օր տևած պատերազմից հետո, որի ընթացքում ադրբեջանական զորքերը հաղթեցին հայկական ուժերին և տարածքներ գրավեցին։

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը համաձայնությունը համարել է ցավոտ, սակայն անհրաժեշտ քայլ՝ կանխելու համար Ադրբեջանի կողմից ողջ Լեռնային Ղարաբաղի գրավումը։

4000 ցուցարար Երևանի փողոցներում երթ է կազմակերպել՝ բղավելով՝ «Նիկո՛լ, դավաճա՛ն», «Նիկո՛լ, հեռացի՛ր»։ Երեքշաբթի ցույցերի ընթացքում ոստիկաները բերման են ենթարկել մի քանի ցուցարարների, սակայն ծավալուն գործողություներ չեն իրականացրել։

Խաղաղության համաձայնագիրը, որը Փաշինյանը ստորագրել է, թույլ է տվել Ադրբեջանին վերցնել Լեռնային Ղարաբաղի նշանակալի հատվածը։ Երեքշաբթի Ադրբեջանը նաև իր վերահսկողության տակ է առել Լաչինի շրջանը, որը գտնվում է Լեռնային Ղարաբաղի և Հայաստանի միջև։

Ռուսաստանը մոտ 2,000 խաղաղապահ է առնվազն հինգ տարով տեղակայել շրջանում, որոնք կվերահսկեն խաղաղությունն ու կհեշտացնեն անձանց դուրսբերումը տարածքից, կապահովեն Լաչինի շրջանով Լեռնային Ղարաբաղի և Հայաստանի կապը։

Չորեքշաբթի Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության անդամ պետությունների այն ղեկավարների հետ տեսազանգի ընթացքում, որոնք համաձայնության կողմեր են հանդիսանում, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը նշել է, որ Փաշինյանը կայացրել է «ցավոտ, սակայն անհրաժեշտ որոշում» հակամարտությունն ավարտելու համար։

Փաշինյանն իր հերթին շնորհակալություն է հայտնել Պուտինին խաղաղության հաստատմանը միջնորդելու համար։

Հայաստանում ընդդիմադիր ուժերի ղեկավարները Փաշինյանին են պատասխանատու համարում բանակցությունները տապալելու համար։

Խաղաղության համաձայնությունն Ադրբեջանն իր հաղթանակն է համարոմ։ Նախագահ Իլհամ Ալիևը չորեքշաբթի հայտարարել է նոր ազգային տոնի՝ հաղթանակի օրվա մասին։

Հայաստանի առողջապահության նախարարը հայտնել է, որ առնվազն 2718 հայ մարտիկ է զոհվել 44-օրա պատերազմում։ Ադրբեջանի կառավարությունը հայտնում է, որ 94 ադրբեջանցի քաղաքացի է սպանվել և ավելի քան 400-ը վիրավորվել է, սակայն, միաժամանակ, հրաժարվում է հայտնել զինվորականների կորուստների մասին»։

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել