Արցախի Մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանն ընդունել է Բելգիայից ժամանած Արցախի բարեկամ ֆրանկոֆոն օրենսդիրների պատվիրակությանը

«Արցախի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանն ընդունել է Բելգիայի ֆրանկոֆոն օրենսդիրների, գիտական ու հասարակական ոլորտների ներկայացուցիչների՝ Արցախի Հանրապետության հետ բարեկամության շրջանակի պատվիրակությանը:

Պաշպանը ողջունել է հյուրերին և նշել, որ Արցախի համար դժվարին ժամանակներում Արցախի բարեկամների այցերն ու նրանց հետ հանդիպումները կարևոր են տեղում առկա հումանիտար իրավիճակի վերաբերյալ բարձրաձայնելու և անհրաժեշտ քայլեր ձեռնարկելու տեսանկյուններից:

Արտակ Բեգլարյանը ներկայացրել է սեպտեմբերի 27-ից նոյեմբերի 9-ը ադրբեջանական ագրեսիայի հետևանքով Արցախում քաղաքացիական բնակչությանն ու ենթակառուցվածքներին հասցված վնասների, ադրբեջանական վայրագությունների վերաբերյալ Արցախի մարդու իրավունքների պաշտպանի կողմից իրականացված փաստահավաք առաքելության արդյունքներն ու դրանց վերաբեյալ հրապարակված զեկույցները: Պաշտպանը կարևորել է միջազգային հանրության պատշաճ արձագանքը Ադրբեջանի ու Թուրքիայի կողմից կատարված մարդկության դեմ հանցագործությանը: Նա հատուկ ընդգծել է գերեվարված ու անհայտ կորած անձանց առնչվող հարցերի հրատապ կարգավորման գործում ադրբեջանական կողմի վրա միջազգային գործնական ճնշման անհրաժեշտությունը:

Հարցուպատասխանի ձևաչափով անդրադարձ է կատարվել հայ ռազմագերիների և գերեվարված քաղաքացիական անձանց հանդեպ վերաբերմունքին, հայ զինծառայողների մարմինների խեղման դեպքերին և դիակների փոխանակման գործընթացին, Ադրբեջանում պետական մակարդակով խրախուսվող հայատյացության քաղաքականությանը, Արցախում տեղահանված անձանց վերադարձի և անհրաժեշտ պայմանների ապահովման ուղղությամբ իրականացվող աշխատանքներին և մի շարք այլ հարցերի:

Բարեկամության շրջանակի անդամները վերահաստատել են Արցախի ժողովրդի իրավունքների պաշտպանության հարցը Բելգիայում և եվրոպական հարթակներում լսելի դարձնելու ուղղությամբ աշխատանքներ տանելու իրենց պատրաստակամությունը:

Հյուրերին ուղեկցում էին Եվրոպայի Հայ դատի հանձնախմբի գրասենյակի ղեկավար Գասպար Կարապետյանը, գործադիր տնօրեն Հեղինե Էվինյանը»,- ասվում է Արցախի մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի տարածած հաղորդագրության մեջ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել