News.am-ը գրում է․

Կարծում եմ՝ այն աշխատանքը, որը նախարարի պաշտոնում իրականացնում եմ եւ կիրականացնեմ, այդ հարցերի պատասխանները կտան։  Այս մասին, այսօր՝ դեկտեմբերի 3-ին, կառավարության հերթական նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նորանշանակ նախարար Մեսրոպ Առաքելյանը՝ անդրադառնալով դիտարկմանը, որ երբ ինքը նշանակվեց նախարար, քաղաքացիները նշում էին, որ ինքը նախկինում ղեկավարում էր «Մոգո» ընկերությունը, որը թալանում էր քաղաքացիներին, ինչպես է այս դեպքում պաշտպանելու քաղաքացիներին։

«Արդեն աշխատում ենք եւ որոշակի արդյունքներ արձանագրված են արդեն»,-նշեց նա։ 

Նախարարը նշեց, որ ինքը տեղեկություն չունի, թե այդ ընկերությունը 400 տոկոսով վարկեր է տալիս: «Բոլոր բանկերն ու վարկային կազմակերպությունները նշում են, թե քանի տոկոսով են վարկեր տալիս։ Ես այնտեղ տնօրեն եմ աշխատել, ինչպես աշխատել եմ դրանից առաջ բազմաթիվ այլ բանկերում»։

Անդրադառնալով պատերազմին եւ դրա արդյունքում ստեղծված վիճակին, Մեսրոպ Առաքելյանը նշեց, որ տեղի ունեցածն ազգային ողբերգություն է. «Բազմաթիվ քաղաքացիներ ունեն անձնական, ընտանեկան ողբերգություն, մենք ունենք հազարավոր քաղաքացիներ, որոնք չունեն այս պահին մշտական բնակության վայր, մեր արցախցի հայրենակիցների զգալի մասը դեռ ՀՀ-ում է ապրում, կան բազմաթիվ վիրավոր զինծառայողներ, որոնց մասով նույնպես կան անելիքներ, հետեւաբար յուրաքանչյուր օր իմ պատասխանատվությունն է հնարավոինս մեղմել այդ մարդկանց խնդիրները: Պատերազմի հետեւանքները համարում եմ ողբերգություն։ Տարածքների հանձնումը տեղի է ունեցել պատերազմի ավարտի հետեւանքով արված հայտարարության հիման վրա։ Այդ պահին իրականացվել է առավելագույն լուծումը»։

Հարցին, թե վարչապետի հրաժարականի անհրաժեշտություն տեսնում եք, նախարարը նշեց.«Իհարկե, ոչ։ Վարչապետը պարզաբանել է տեղի ունեցածը եւ նաեւ այն անելիքները, որ առաջիկա ամիսներին շեշտադրված է հրապարակված ճանապարհային քարտեզով։ Այս պահին կառավարությունն իր բոլոր ջանքերը գործադրում է այդ ճանապարհային քարտեզում նշված բոլոր խնդիրները լուծելու համար»։

Ինչ վերաբերում է իշխանության պատասխանատվություն կրելուն, նա ասաց, որ իհարկե տեղի ունեցած իրադարձությունների համար պատասխանատվությունը ստանձնել է իշխանությունը եւ հետագա գործողութունների պատասխանատվությունը շարունակում է կրել իշխանությունը:

Իրենց բնակարանները կորցրած քաղաքացիների առումով, նախարարն ասաց, որ կառավարության առաջնահերթությունն է նրանց վերադարձը Արցախի Հանրապետութունում նոր կացարաններում ապրելու, բայց կարճաժամկետ արդյունքում դա հնարավոր չէ կազմակերպել:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել