168.am-ը գրում է․

Մարտունու շրջանի Շեխեր գյուղի բնակիչ Անուշ Ամիրջանյանի ընտանիքը, որը ժամանակավոր բնակվում է Երևան քաղաքի Էրեբունի վարչական շրջանում, անհամբեր սպասում է այն օրվան, երբ վտանգները կհասցվեն մինիմալի, ու իրենք կկարողանան վերադառնալ Արցախ՝ բնակվելու:

«Այստեղ 4 հոգով ենք. ես, մայրս, 4 տարեկան աղջիկս և 8-ամյա տղաս: Թաղապետարանից որպես օգնություն՝ մեկ անգամ սնունդ ենք ստացել: Ուզում ենք վերադառնալ Արցախ, բնակվել Ստեփանակերտում, սակայն դեռևս վախենում ենք»,- 168.am-ի հետ զրույցում ասաց տիկին Անուշը:

Նա ցավով է խոսում մեր հայրենի հողի կորսված տարածքների մասին, բայց հավատացած է՝ վաղ թե ուշ դրանք վերադարձնելու ենք:

«Մարտունի 6 գյուղ թշնամու ձեռքում է: Ես քանի որ փոքր երեխաներ ունեմ, գյուղից դուրս եմ եկել սեպտեմբերի 28-ի երեկոյան, իսկ մայրս, տատիկներս՝ ավելի ուշ, երբ Հադրութից սկսել է առաջ գալ թշնամին, ու ստիպված սկսել են գյուղը տարհանել: Չգիտեմ, միգուցե կարողանայինք պահել տարածքները, կին թե տղամարդ պայքարում էին մեր մի բուռ հողի համար: Թշնամու տեխնիկան ահավոր էր, բայց գյուղերի տարհանումը շատ բան փոխեց. եթե չտարհանեին՝ ինձ թվում է, այդքան առաջ չէին գա: Այս տարհանումը շատ բան փոխեց: Ոչ մի բան չենք հասցրել վերցնել, մեր հագի շորերով դուրս ենք եկել տնից: Լիքը անասուն ունեինք, դրանք էլ մնացին: Հիմա ամեն ինչը կորցրած մարդիկ ենք: Երեխաներին վախենում եմ տանել, զանգել եմ ամուսնուս, թե՝ գանք, ասում է՝ անհնար է դեռ ապրելը, 4 կողմը թուրք է, ցանկացած պահի խմած մտնում են գյուղ: Բայց դե, մեկ է, գոնե Ստեփանակերտ կգնամ, կմնամ: Մեր գյուղից երկու հոգի չէին համաձայնել գյուղից դուրս գալ, մի 2 օր առաջ Կարմիր խաչը մտել տեսել է՝ մեկին մորթել են բակում, մյուսին էլ՝ կախել ծառից: Բարբարոսներն ամբողջ գերեզմանները քանդել են, իսկ միջազգային հանրությանը հետաքրքիր չէ, թե ինչ է կատարվում: Եթե միջազգային խաղերը չլինեին՝ մերոնք հաստատ հաղթելու էին: Այսօր տղաս ասում է՝ մամ, գնում եմ մեր գյուղ, պատասխանում եմ՝ բալես, մեր գյուղն էլ չկա, ասում է՝ ես ավտոմատս կվերցնեմ, կգնամ կազատագրեմ…»,- նշեց տկին Անուշը:

Ընտանիքն ունի նաև հայրենակիցների աջակցության կարիքը: Հագուստից, սնունդից բացի, անհրաժեշտ են նաև տաք ծածկոցներ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել