168.am-ը գրում է․

Ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը նախաձեռնել է խորհրդարանական լսումներ՝ քննարկելու երկրում ստեղծված իրավիճակից ելքերը և ներկայացնելու անհրաժեշտ գործողությունների ճանապարհային քարտեզը։ 168 TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանը, անդրադառնալով այդ լսումներին, նշեց, որ սա շատ լավ հնավորություն է քննարկելու մարդկանց տեսակետներն ու առաջարկները, ինչպես նաև ստեղծված իրավիճակը փրկելուն միտված լուծումները՝ հատկապես հասարակության այն շերտերի համար, որոնք փողոցային պայքարի տարբերակի կողմնակից չեն։

Հարցին՝ բացի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջից, այլ ի՞նչ օրակարգ կարող է այժմ քննարկելի լինել, Սամսոնյանը նշեց, որ օրակարգն այն գործողությունների պլանն է, որը պետք է հաջորդի Փաշինյանի հրաժարականին։

«Մենք ասում ենք, որ այս մարդը՝ վարչապետը, չի վերահսկում պետական համակարգը, որպեսզի կարողանա պատերազմի հետևանքները վերացնել, դրա համար է նաև, որ ասում ենք՝ նա պետք է հեռանա։ Մյուս կողմից՝ եթե հեռացավ, ի՞նչ ենք առաջարկում, ի՞նչ պետք է անենք»,- ասաց Սամսոնյանը՝ շեշտելով, որ հենց այդ՝ «ինչ պետք է անենք» հարցի պատասխանը գտնելու համար էլ կազմակերպվելու է այդ հանրային լսումը։

Դիտարկմանը, իսկ եթե չի հեռանում, այդ դեպքում ո՞ւմ են պետք լինելու քննարկված և գտնված լուծումներն ու ճանապարհային քարտեզները, Սամսոնյանը պատասխանեց.

«Չեմ կարծում, որ Փաշինյանն այսպես մնալու է, որովհետև այսօր և՛ օրենսդիրում, և՛ գործադիրում նրա դիրքերը թուլացած են։ Պետական համակարգը պարալիզացված է, իսկ խորհրդարանում նրա թիմակիցները՝ իր խմբակցության անդամները, հերթով լքում են խմբակցությունը՝ ցույց տալով, որ համատեղ ճանապարհ չունեն Փաշինյանի հետ։ Սա գործընթաց է, որը օր օրի ինտենսիվանալու է, որովհետև այդ մարդիկ հասկանում են, որ Փաշինյանի յուրաքանչյուր օր մնալը կորուստ է Հայաստանի համար»,- ասաց Անի Սամսոնյանը։

Հարցին՝ իսկ դա հասկանո՞ւմ է արդյոք Փաշինյանը, Անի Սամսոնյանը պատասխանեց, որ Փաշինյանն ինչպես որ չհասկացավ, որ սադրել է այս պատերազմը, այնպես էլ ստեղծված իրավիճակի լրջությունն ի վիճակի չի հասկանալ։

Հարցին՝ թե ինչո՞ւ այսքանով հանդերձ՝ «Լուսավոր Հայաստանը» շարունակում է մաս չկազմել և չաջակցել հանրային ճնշմամբ Փաշինյանի հրաժարականին հասնելուն միտված բողոքի ակցիաներին, Անի Սամսոնյանը պատասխանեց, որ գուցե ինչ-որ պահի միանան դրանց, սակայն առայժմ նախընտրում են սահմանադրական ճանապարհով հարցի լուծմանը հասնելու ճանապարհը, որովհետև մտահոգություն ունեն նաև, որ կարող են լինել քաղաքացիական բախումներ։

«Մենք ասում ենք՝ մարդ չմեռնի փողոցում, որովհետև Նիկոլ Փաշինյանը պատրաստ է այդ գնով պահել իր իշխանությունը,- ասաց Սամսոնյանը՝ շարունակելով,-

Մենք Նիկոլ Փաշինյանը չենք, որ, երբ գնում էր հեղափոխության, ասում էր՝ ինձ չի հետաքրքրում որևէ մեկի ասկոլըչնիով վիրավորվելը։ Մենք պատասխանատվություն ենք զգում յուրաքանչյուրի համար, որը կհայտնվի փողոցում, իսկ մենք գիտեք, որ հիմա չի հաջողվում հավաքել այն զենքերը, որոնք բերել են պատերազմից, դրանք մի տեղ օգտագործվելու են, երկրում այդ խմբերը կան։ Մենք ասում ենք, որ լինելու են բախումներ ու երկիրը տանելու են քաղաքացիական բախումների»,- ընդգծեց պատգամավորը։

Հարցազրույցի մանրամասները՝ տեսանյութում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել