News.am-ը գրում է․

Վարչապետի հրաժարականի հարցը պետք է որոշի ժողովուրդը, ոչ թե 16+ կուսակցությունները. Ժողովուրդն է որոշելու, թե ով է վարչապետ լինելու, իշխող ուժը որն է լինելու եւ ինչ հարաբերակցությամբ: Այս մասին, այսօր՝ դեկտեմբերի 2-ին, ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ նշեց ԱԺ «Իմ քայլը» խմբակցությանապատգամավոր Արմեն Խաչատրյանը:

«Հիմա պատերազմական իրավիճակ է, ես հիմա դեմ եմ ընդհանրապես ընտրական գործընթացներ սկսելուն: Բոլորս գիտենք, թե պատերազմից հետո ինչ իրավիճակներ են լինում, մեծ քանակությամբ զենք, զինամթերք է հայտնվում»,-ասաց նա:

Արմեն Խաչատրյանը նշեց, որ իհարկե, քաղաքական երկխոսություն պետք է, բայց այդպիսի երկխոսության նախաձեռնողը միշտ իշխանությունն է լինում եւ դրան արձագանք չի լինում:

Անդրադառնալով նրան, որ «Իմ քայլի» պատգամավորներից մի քանիսը լքել են խմբակցությունը, բայց պահել մանդատը, նա ասաց. «Դժվար պահին թողնես գնաս, որեւէ մեկը չի հարգի այդպիսի ընկերոջը: Պետության բեռը պետք է վերցնես ուսերիդ, ոչ թե փախչես: Դրանից հեշտ բան չկա գնանք, խմբակցությունից դուրս գանք, գնանք մի տեղ հով լռվենք ապահով ապրենք: Մի քանի բան էլ գցենք այս կամ այն նախարարի վրա, ոչ մի պատասխանատվություն չկրենք: Ոչ, ես կրելու եմ մինչեւ վերջ այդ պատասխանատվությունը: Ես դժվարին պահին իմ թիմին չեմ լքելու»:

Ինչ վերաբերում է նրան, որ Սյունիքի մարզպետ Հունան Պողոսյանը հրաժարական է տվել, նա ասաց. «Սյունիքի մարզպետն այս ծանր օրերին պատվով կրել է մեծ պատասխանատվություն, իր առջեւ դրված պարտականությունները կատարել է գերազանց: Ուղղակի Սյունիքի հետ կապված կա հետեւյալը. Սյունիքում սկսած սովորական քաղաքացուց մինչեւ մարզպետ, ուղղակի հերոսական աշխատանք են արել այդ օրերին:

Այս պահին անորոշություն չկա Սյունիքում, Սյունիքը պիտդ կանգնած է: Սյունիքի համայնքների ղեկավարները գերազանց տիրապետում են իրավիճակին: Սյունիքն ունի շատ լուրջ ինքնապաշտպանական ստորաբաժանում, որն օր օրի աճում, ուժեղանում է»:

Արմեն Խաչատրյնը հավելեց, որ Հայաստանը պարտավորվել է, որ թույլ է տալու իր տարածքով կապ լինի Ադրբեջանի եւ Նախիջեւանի միջեւ. դա լինելու է ՀՀ տարածքը, «ՀՀ ճանապարհը, ուղղակի Հայաստանը պարտավորվել է, որ թողնելու է, որ անվտանգ տրանսպորտային միջոցների շարժ լինի»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել