«Ժողովուրդ» թերթը գրում է. «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ Երեւանում առաջիկայում հանրահավաքներ չեն լինի: 16 կուսակցություններն այս ընթացքում այլ մարտավարութուն են որդեգրել եւ հանրահավաքներ անելու փոխարեն մասնավոր հանդիպումներ են ունենում, ակտիվ են լրատվամիջոցներով, ինչպես նաեւ փոքրաթիվ կազմերով ճանապարհներ են փակում, որն էլ հանդիպում է ոստիկանների միջամտությանը:

Հիշեցնենք, որ 16 կուսակցությունների հավաքները մեկնարկեցին նոյեմբերի 9-ի հայտարարությունից հետո, երբ ՀՀ, ՌԴ եւ Ադրբեջանի ղեկավարները համատեղ հայտարարություն էին տարածել, որը ենթադրում էր հայկական կողմից տարածքների վերադարձ Ադրբեջանին: Հենց այդ հանգամանքն էր առաջացրել քաղաքական ուժերի վրդովմունքը, եւ համատեղ սկսել էին հանրահավաքներ անցկացնել, որը, սակայն, կարճ կյանք ունեցավ:

Նոյեմբերի 28-ին էլ առաջին հանրահավաքն իրականացրին մտավորականները, որոնք մինչեւ երեկ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երեք երկրների՝ Ռուսաստանի, Ֆրանսիայի եւ ԱՄՆ-ի դեսպանատներ են այցելել եւ նամակներ հանձնել: Նրանց պահանջը գերիների վերադարձն էր Հայաստանին: Սակայն նրանք եւս երեկ հայտարարեցին, թե դադարեցնում են հավաքները եւ կաշխատեն այլ ֆորմատով: Այսպիսով, կարող ենք արձանագրել, որ հանրահավաքային պայքարն ավարտված է. առաջիկայում թերեւս այլ քայլեր կլինեն»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել