Արցախյան այս պատերազմի մեկնարկից 4 օր առաջ Ղազախստանում ձերբակալվել է պանթուրքիզմի տարածմանը ընդդիմացող Երմեկ Տայչիբեկովը: Նրան, որքան էլ զարմանալի է, մեղադրում են ազգամիջյան ատելություն հրահրելու մեջ, մինչդեռ նա ընդամենը հայտարարել է, որ Ղազախստանի իշխանությունը տապալել է ազգային քաղաքականությունը: Ի թիվս բազմաթիվ այլ դրվագների, օրինակ, Թուրքիայում ցմահ դատապարտված «Գորշ գայլերի» հիմնադրին ազատ արձակելը, սա ևս մի ազդակ էր, որ ինձ հուշում էր գալիք պրոցեսների մասին: Բոլոր նրանց, ովքեր ինձ Նոստրադամուսի տեղն են դնում, պետք է հիասթափեցնեմ: Ինձ պարզապես բախտ է վիճակվել տեղեկատվական հոսքից ստանալ առավել կարևոր կտորները և զոհ չգնալ բազմաթիվ ուղղորդված մասսայական ապատեղեկատվությանը:

Այս երիտասարդի մասին հիմա եմ գրում, որ ձեր բոլորի ուշադրությունը հրավիրեմ այս և բազմաթիվ նմանատիպ փաստերի վրա, որոնք իրենց ուրույն տեղը պետք է զբաղեցնեն մեր արտաքին գերատեսչության և հետախուզական մարմինների օրակարգում: Երմեկ Տայչիբեկովի ազատ արձակումը, օրինակ, մեր և ձեր ազգային անվտանգության փոքրիկ մասնիկն է, քանի որ մեր ազգային անվտանգությունը բազմաթիվ նմանատիպ մասնիկներից է բաղկացած` Կարակասից մինչև Դամասկոս, Մինսկից մինչև Աստանա ու վերջում նոր՝ Անկարայից մինչև Բաքու:

Հույս չունեմ, որ պետական ատյանները սրան կարձագանքեն, քանի որ պետությունը, ըստ էության, գոյություն չունի: Սակայն անկեղծ հույս ունեմ, որ պետականամետ այլ շրջանակներ սա և նմանատիպ դրվագները հաշվի կառնեն ու կլծվեն գործի:

Մեր ռազմաճակատն ամբողջ աշխարհն է: Այլ ճանապարհ չկա:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել