Ադրբեջանը Ադրբեջանական ԽՍՀ իրավահաջորդը չէ: Մուսավաթական Ադրբեջանի իրավահաջորդն է: ԽՍՀՄ-ը վաղուց չկա: Արցախը ԽՍՀՄ օրենքներով դուրս էր եկել Ադրբեջանական ԽՍՀ-ից և մտել Հայկական ԽՍՀ կազմ: Իսկ Մուսավաթական Ադրբեջանի կազմում և անգամ Ադրբեջանական ԽՍՀ սկզբնական շրջանում այն Ադրբեջանի մաս ընդհանրապես չի եղել:

Ազատագրված, իսկ հիմա արդեն կորսված շրջաններն էլ Հայաստանի Հանրապետության տարածք էին, ինչպես Արցախը: Դրանք առաջին հանրապետության անբաժան և միջազգայնորեն ճանաչված մաս են եղել մինչ բոլշևիկյան օկուպացիան: Իսկ օկուպացիան ամենուր ապօրինի է: Եվ այդ օկուպացիան միայն մենք` հայերս ենք Ստալինի կողմից Արցախի հանձնումն Ադրբեջանին ԼՏՊ կողմի ճանաչելով փաստացիորեն ընդունել: Ընդունել ենք, որովհետև չենք խոսել Մեծ Արցախի մեզ պատկանելու մասին, Արցախի և տարածքների իրավական կարգավիճակի սկիզբ համարել ենք հենց ստալինյան բռնակցումն Ադրբեջանին:

Մենք` մի խումբ ազգային թևի ներկայացուցիչներս, տարիներ շարունակ բղավում ենք այս մեր երրորդ անիծված հանրապետության` Հայաստանի առաջին Հանրապետության իրավահաջորդ հռչակելու և Արցախի նկատմամբ սուվերենության վերաբերյալ պաշտոնական դիրքորոշում որդեգրելու անհրաժեշտության մասին: Հղումներ ենք արել այն կարևոր միջազգային փաստաթղթերին, որով Արցախը միջազգայնորեն Հայաստանի անբաժան մաս է ճանաչված:

Փոխանակ գոնե այս պատմական աղետից հետո կամ դրա ընթացքում խոսվի այս մասին, ժողովուրդը, լուռումունջ նստած, հետևում է, թե ինչպես է դավաճանը միայնակ վաճառել երկիրը, իսկ հիմա գոյություն չունեցող ԽՍՀՄ քարտեզներով սահմաններ են մոգոնում և GPS-ով հայրենիք գրավում:

Ավելի ապուշ իրավիճակ, ավելի մեծ խարան ժողովրդի և երկրի վրա պատմության կտրվածքով դժվար է գտնելը:

Մենք իրոք առաջինն ենք աշխարհում բազում հարցերում: Բայց ամենից առաջ` մեր խելագարությամբ, մեր ստրկամտությամբ, մեր հանդուրժողականությամբ և ինքնասպանության գնալու մեր բացառիկ մոլուցքով և տաղանդով:

Եվ առաջինն ենք ողջ մարդկության պատմության մեջ, որ մի անուս և անգրագետ հոգեգարի թույլ տվեցինք միայնակ վաճառվել թշնամուն և մեր հինավուրց երկիրն ապօրինի մեկ և ոչինչ չարժեցող ստորագրությամբ նրան նվիրել:

Եվ մենք մեր անգործությամբ նպաստում ենք դրան: Հետևում ենք դրան: Մասնակից ենք դրան:

Մենք արժանի ենք սրան:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել