Aysor.am-ը գրում է․

Արցախյան երկրորդ պատերազմն, իսկապես, տարբերվում էր իր մարտավարությամբ, զինատեսակներով ու պատերազմող կողմերի ներգրավվածությամբ: Ցավոք, այս անգամ մենք, որպես պետություն, պարտվեցինք: Բայց տղաները՝ արյան գնով սեփական հողը մինչև վերջին վայրկյանը պահած, այդ նույն հողի համար կյանքը տված տղաները հաղթանակած են: Նրանք մերօրյա Մոնթեներն են, Վարդանները, Վազգենները, նրանց անձնազոհության օրինակով սերունդներ են կրթվելու, գուցե, հենց վաղն Արցախը վերադարձնող սերունդը...

Տարիներ առաջ Մոսկվայում «Ահաբեկչության դեմ պայքարի» օլիմպիադային մասնակցած ու իր տեսական գիտելիքների շնորհիվ ոսկե մեդալ նվաճած 27 ամյա Անդրանիկ Խաչատրյանը զոհվեց Ադրբեջանի կողմից սանձազերծված 44 օրյա պատերազմում: Ճակատագրի թելադրանքով՝ ահաբեկիչների դեմ պայքարողն ընկավ հենց այդ նույն պայքարում:

Անդրանիկը զինվորականի ճանապարհը բռնել էր ուղիղ 10 տարի առաջ՝ դպրոցն ավարտելուց հետո. անվճար ընդունվելով Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի Գյումրու մասնաճյուղ՝ մտափոխվեց ու քայլերն ուղղեց Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտ: Դա նաև ընտանիքի որոշումն էր:

4-դ կուրսում մեկնեց Անգլիա: Թագավորական ռազմական ակադեմիայում 6 ամիս վերապատրաստվելուց հետո վերադարձավ ու իր զինվորական ուղին սկսեց Նոյեմբերյանից: Երեք տարի անց՝ 2018 թվականին, սեփական նախաձեռնությամբ դիմում գրեց ու մեկնեց Հադրութ: Aysor.am-ի հետ զրույցում ավագ լեյտենանտ Անդրանիկ Խաչատրյանի մայրն արտասվելով խոստովանում է՝ խնդրեցի, աղաչեցի, բայց չլսեց, Արցախ էր ուզում:

2020 թվական, սեպտեմբերի 25՝ Անդրանիկը դիրքերից նոր էր իջել: 27-ի լուսաբաց, տագնապ՝ պատերազմ է:

Անդրանիկի կրտսեր եղբայրը՝ 25-ամյա Արսենը, 2015 թվականին ժամկետային զինծառայության ընթացքում դիվերսիոն գործողության հետևանքով վիրավորվել էր ու զորացրվել: Հենց լսեց պատերազմի մասին, անմիջապես շտապեց սահման՝ եղբորն ու հայրենիքին օգնության: Մայրը չէր սպասում, որ տղան նման որոշում կկայացնի, առավել ևս, որ նրան սահման կտանեն:

«Երբ Արսենն ասաց, որ Անդրանիկի մոտ է գնալու, չհավատացի: Դե, քանի որ լուրջ վիրավորում ունի, մտածեցի՝ կմերժեն: Բայց ինքն ավելի խորամանկ գտնվեց: Նույնիսկ զինկոմիսարիատ չէր դիմել՝ խուսափելով մերժումից, սեպտեմբերի 28-ին նստել էր իր մեքենան ու ուղևորվել Արցախ: Ինձ Ստեփանակերտից զանգեց ու ասաց՝ մամ, ես արդեն էստեղ եմ: Այդտեղից իր նախաձեռնությամբ բարձրացել էր Հադրութ, բայց պարզվել էր Անդրանիկս արդեն այդտեղ չի: Մի քանի դիրք է անցել, մինչև 3-4 օր հետո եղբորը գտել է: Երկու եղբայր մեկ ամսից ավելի բոլոր թեժ կետերում եղել են, մահվան դեմ պայքարել են՝ Հադրութ, Ջաբրայիլ, վերջում էլ՝ Շուշի», - Aysor.am-ին պատմեց տղաների մայրը՝ Մարինե Խաչատրյանը:

Շուշիում եղբայրներն ու Անդրանիկի ղեկավարած զորքը տեղակայվել էին Քարին տակի դիմացի սարում: Նոյեմբերի 5-ին թե 6-ին Անդրանիկը հեռախոսով հրաման է ստանում՝ վերևից իջեք: Իջնելուց հետո կրկին բարձրանալու հրաման է գալիս: Բայց այս անգամ վեր բարձրացող տղաներն իրենց դիրքերը թշնամու կողմից գրավված են գտնում:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել