168.am-ը գրում է․

Սեպտեմբերի 27-ից մինչ այսօր՝ արդեն 2 ամիս է, ինչ Հայաստանի կառավարության պաշտոնական էջում անհասանելի է Մեկ անձից գնումների էջը, ու հնարավոր չէ տեղեկանալ, թե ռազմական դրության երկամսյա ժամանակահատվածում մեկ անձից ի՞նչ գնումներ են իրականացվել։

Երկու ամիս շարունակ նիստ չգումարելուց հետո Կառավարությունը նոյեմբերի 26-ին վերջապես անցկացրեց հերթական նիստը, որի օրակարգում, որդեգրած ավանդույթով, հայտնվել էին մեկ անձից գնումներ իրականացնելու վերաբերյալ հերթական նախագծերը։

Մասնավորապես՝ նման մի նախագիծ ներկայացրել է վարչապետի աշխատակազմը։

Ըստ նախագծի՝ ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնին կառավարության որոշմամբ դեռևս այս տարվա օգոստոսի 13-ին ամրացվել են տարածքներ Սիսիանում, Վանաձորում, Արտաշատում։ Այդ տարածքներում գտնվող անշարժ գույքը գտնվում է ոչ բարեկարգ վիճակում` պատուհանները կոտրված են, հատակը և պատերը միայն բետոնապատ են, չկա սանհանգույց, ջեռուցման համար չկան անհրաժեշտ պայմաններ, մինչդեռ առջևում ձմեռ է։ Ուստի աշխատանքային բնականոն գործունեության համար նվազագույն պայմաններ ապահովելու նպատակով անհրաժեշտություն է առաջացել իրականացնել շենքերի, շինությունների ընթացիկ նորոգման աշխատանքներ։

Հենց այդ աշխատանքներն իրականացնելու նպատակով առաջարկվում է «աշխատողների աշխատավարձեր և հավելավճարներ» հոդվածով նախատեսված գումարից ընդհանուր՝ 8,000,000.00 (ութ միլիոն) ՀՀ դրամ նվազեցնել և ուղղել «շենքերի կառույցների ընթացիկ նորոգում և պահպանում» հոդվածին։

Ուշագրավ է, որ գնումն իրականացվում է մեկ անձից, և որպես հիմնավորում՝ նշված է շենք-շինությունները նորոգելու հրատապությունը, քանի որ առջևում ձմեռ է։

Այստեղ պետք է նկատել, որ այդ շենք շինությունները տեսչական մարմնին են հատկացվել ամռանը՝ օգոստոսի 13-ին, և մինչև ձմեռ կար բավարար ժամանակ գնման գործընթաց կազակերպելու, մրցույթ հայտարարելու համար, ինչը, սակայն, չի արվել։

Մեկ անձից հաջորդ գնումը կատարելու է Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը։

Ըստ Կառավարության ընդունած, բայց չզեկուցված նախագծի՝ անհետաձգելի է համարվել Մ-9, Մ-1-Թալին-Քարակերտ-Թուրքիայի սահմանի կմ 1+300-կմ 3+600 (Թալինի բնակավայր), Հ8, Երևան-Արտաշատ-Այգեվան կմ 26+400 – կմ 30+000 (Նոր Կյանք բնակավայր) և Հ8, Երևան-Արտաշատ-Այգեվան կմ 33+500 – կմ 42+600 (Արարատ բնակավայր) ճանապարհահատվածների վրա գտնվող ջրամատակարարման և ջրահեռացման ցանցերի վերակառուցման աշխատանքների գնման կարիքը։

Երևան-Արտաշատ-Այգեվան կմ 26+400 – կմ 30+000 (Նոր Կյանք բնակավայր) ճանապարհահատվածի վրա գտնվող ջրամատակարարման և ջրահեռացման ցանցերի վերակառուցման աշխատանքները ձեռք են բերվել «Արարատ-Ճանշին» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունից՝ մեկ անձից գնման ընթացակարգով:

Հ8, Երևան-Արտաշատ-Այգեվան կմ 33+500 – կմ 42+600 (Արարատ բնակավայր) ճանապարհահատվածի վրա գտնվող ջրամատակարարման և ջրահեռացման ցանցերի վերակառուցման աշխատանքները ձեռք են բերվել «Վահագն և Սամվել» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունից՝ մեկ անձից գնման ընթացակարգով:

Մ-9, Մ-1-Թալին-Քարակերտ-Թուրքիայի սահմանի կմ 1+300-կմ 3+600 (Թալինի բնակավայր) ճանապարհահատվածի վրա գտնվող ջրամատակարարման և ջրահեռացման ցանցերի վերակառուցման աշխատանքները ձեռք են բերվել «Էն Շին» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունից՝ մեկ անձից գնման ընթացակարգով:

Մ-9, Մ-1-Թալին-Քարակերտ-Թուրքիայի սահմանի կմ 1+300-կմ 3+600 (Թալինի բնակավայր) և Հ8, Երևան-Արտաշատ-Այգեվան կմ 33+500 – կմ 42+600 (Արարատ բնակավայր) ճանապարհահատվածների վրա գտնվող ջրամատակարարման և ջրահեռացման ցանցերի վերակառուցման աշխատանքների նկատմամբ որակի տեխնիկական հսկողության ծառայությունները ձեռք են բերվել «Էգիս Ինթերնեյշնլ» ընկերությունից, մեկ անձից գնման ընթացակարգով։

Հ8, Երևան-Արտաշատ-Այգեվան կմ 26+400 – կմ 30+000 (Նոր Կյանք բնակավայր) ճանապարհահատվածի վրա գտնվող ջրամատակարարման և ջրահեռացման ցանցերի վերակառուցման աշխատանքների նկատմամբ որակի տեխնիկական հսկողության ծառայությունները ձեռք են բերվել «ԿՈՔՍ ՔՆՍԱԼԹ ԳՄԲՀ» ընկերությունից, մեկ անձից գնման ընթացակարգով։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել