Armsport.am-ը գրում է․

Նոյեմբերի 22-ին կայացած «Շիրակ»-«Ուրարտու» խաղում գյումրեցիների դարպասապահ Գևորգ Կասպարովը դաշտ էր դուրս եկել 40 տարեկան 120 օրական հասակում: Սա ռեկորդ է Հայաստանի առաջնությունների համար։ 

Խաղից առաջ ՀՖՖ մրցումների կազմակերպման և անցկացման բաժնի պետ Խորեն Զարգարյանը լեգենդար դարպասապահ Գևորգ Կասպարովին էր հանձնել հատուկ հուշանվեր։

ArmSport-ի հետ զրույցում ռեկորդակիր դարպասապահն իր ուրախությունը հայտնեց նման արդյունք գրանցելու համար․ «Քիչ ֆուտբոլիստների է հաջողվում տարիքային նման ռեկորդ գրանցել։ Շատ ուրախ եմ»։

ՀՖՖ-ի պատրաստած հուշանվերը Կասպարովի համար հաճելի անակնկալ էր։ «Շնորհակալ եմ նման վերաբերմունքի համար»,-ասում է Գևորգը՝ ավելացնելով, որ դեռևս մտածում է՝ տան որ հատվածում այն պետք է փակցվի։ «Տարբերակներ կան։ Վաղը արդեն կտեղադրվի»,-խոստացավ դարպասապահը։

Դեռ մրցաշրջանի մեկնարկին ArmSport-ի հետ զրույցում գյումրեցիների դարպասապահն ասել էր, որ կարիերան չի ավարտում հենց այս ռեկորդը գերազանցելու համար։ Արդյոք սա ենթադրո՞ւմ է, որ մյուս մրցաշրջանում նրան այլևս ֆուտբոլիստի կարգավիճակով խաղադաշտում չենք տեսնի․

«Առայժմ ոչինչ չեմ կարող ասել»։ Միայն ասում է, որ որոշումը կախված կլինի իր մարզավիճակից, իսկ եթե, այնուամենայնիվ, որոշի ավարտել կարիերան, մարզիչ դառնալու ցանկություն ունի․

«Ինձ առանց ֆուտբոլի չեմ պատկերացնում»,- անկեղծանում է Կասպարովը։

VBET Հայաստանի Պրեմիեր լիգայի մրցաշարային աղյուսակը եզրափակող «Շիրակն» այս մրցաշրջանում հաջող հանդես չի գալիս։ Պատճառը՝ «Երիտասարդ կազմ ունենք։ Շատերը անփորձ են Բարձրագույն խմբի համար։ Խաղեր են եղել մեր բախտը չի բերել։ Կարող էինք ավելի լավ արդյունքներ ունենալ»,- իր խոսքը եզրափակում է փորձառու դարպասապահը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել