Armenpress.am-ը գրում է.

Ֆրանսիական հումանիտար օգնության երկրորդ ինքնաթիռը նոյեմբերի 27-ին ժամանել է Երևան:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Ժոնաթան Լաքոտը:

«Ինքնաթիռով ժամանել է Հայաստանի հետ համերաշխ ՀԿ-ների կողմից ուղարկված մարդասիրական օգնություն»,- «Արմենպրես»-ի հետ զրույցում ասացին Ֆրանսիայում ՀՀ դեսպանատնից:

Ինքնաթիռով ժամանել են նաև Ֆրանսիայի ԱԳՆ-ի ներկայացուցիչներ, մասնավորապես, Ֆրանսիայի ԱԳՆ-ի Ճգնաժամային կենտրոնի տնօրեն Էրիկ Շըվալյեն, ինչպես նաև ՀԿ ներկայացուցիչներ, մասնավորապես ֆրանսահայ հանրահայտ ֆուտբոլիստ, ֆուտբոլի աշխարհի 1998թ. չեմպիոն Յուրի Ջորկաեֆը:

Մարդասիրական ուղեբեռի հանձման արարողությունը տեղի կունենա նոյեմբերի 27-ին: Նոյեմբերի 28-ին «Էրեբունի» բժշկական կենտրոնին և Այրվածքաբանության ազգային կենտրոնին կհանձնվեն բժշկական օգնությունները: Դրանից հետո Ֆրանսիայի դեսպանությունում ասուլիսով կամփոփվի աշխատանքը, կներկայացվեն նաև ապագա ծրագրերը:

Ֆրանսիայից մարդասիրական օգնությունը տեղափոխող առաջին ինքնաթիռը Երևան էր ժամանել նոյեմբերի 22-ին: Ֆրանսիայի ԱԳՆ-ի ճգնաժամային կենտրոնի վարձակալած ինքնաթիռը բերել էր բժշկական սարքավորումներ և դեղեր Հայաստանի առողջապահական համակարգի կարողությունները ուժեղացնելու նպատակով, ինչպես նաև առաջին անհրաժեշտության պարագաներ Հայաստանում գտնվող Լեռնային Ղարաբաղի տեղահանված անձանց համար:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել