Hraparak.am-ը գրում է․

Բերձորից, որի ռազմավարական նշանակությունը Հայաստանի համար ահռելի է, վերջին օրերին հակասական եւ տագնապալի լուրեր են ստացվում: Դեռ 10 օր առաջ Ռուսաստանի խաղաղապահ ուժերի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Ռուստամ Մուրադովն Արցախի նախագահի հետ անցել է Ստեփանակերտ-Բերձոր մայրուղով՝ համոզվելու համար, որ այն անվտանգ է, իսկ բերձորցիներին ասվել է, որ մնալու են իրենց տներում: Նրանք զենքերն են հանձնել, քաղաքում սկսել է վերականգնվել գազի եւ էլեկտրաէներգիայի մատակարարումը: Իսկ երեկ, ահա, Բերձորի բնակիչներին կոչ են արել լքել տները, քանի որ դեկտեմբերի 1-ին քաղաքը հանձնելու են: Մարդկանց տեղեկացրել են, որ իրենց համայնքը, Աղավնո գյուղը, որը ձորի միջի գեղեցիկ գույնզգույն տներով համայնք է, ինչպես նաեւ Լիսագորը, անցնում են ադրբեջանցիներին: Հիշեցնենք, որ, ըստ հայտնի եռակողմ հայտարարության, Հայաստանն Արցախին կապող 5 կիլոմետր լայնությամբ ճանապարհ է լինելու, որը, որքան կարելի է հասկանալ անորոշ այս փաստաթղթից, անցնելու է Գորիս եւ Բերձոր քաղաքներով, հասնելու է Ստեփանակերտ: 

Բերձորում մարդիկ մեքենաներ են փնտրում, զանգում են ծանոթներին: Կացարան են փնտրում, որ տեղափոխվեն: Վերջնաժամկետը դեկտեմբերի 1-ն է: Շատերը գնալու տեղ չունեն: «Մարդիկ տները վառում են, բայց ոչ բոլորը։ Մեքենաների պակաս կա, որ բնակիչներն իրենց տան իրերը տեղափոխեն։ Բնակիչներին որեւէ կերպ չեն աջակցում։ Ամեն մարդ իր ուժերի չափով ինչ կարողանում, անում է»,- ասում է արցախցի փախստականներից Կարեն Շ․-ն: 

Քաշաթաղի վարչակազմի ղեկավարի պաշտոնակատար Մուշեղ Ալավերդյանը, սակայն, վստահեցնում է, որ Բերձորում այս պահին մեծ աժիոտաժ չկա: «Նախնական կացարանների հարցն այս պահին լուծվում է: Մարդկանց տեղավորում ենք Գորիսում: Ովքեր կարող են, տեղակայվում են ինքնուրույն, ովքեր ոչ՝ փորձում ենք Գորիսում նախնական կացարան տրամադրել, մինչեւ հասկանանք, թե ինչը ոնց է լինելու»,- ասում է Ալավերդյանը: Նրան լրացուցիչ հարցեր տվեցինք:  

- Գորիսի բնակիչների մո՞տ եք տեղակայում, թե՞ դատարկ վարչական շենքեր կան: 

- Համագործակցում ենք Սյունիքի մարզի շրջվարչակազմի հետ: 

- Ի՞նչ վիճակ է, շատ խա՞ռն է, ինչպե՞ս են տեղափոխվում մարդիկ, մեքենաներ ունե՞ն, տեղափոխման հարցում օգնո՞ւմ են մարդկանց: 

- Կամավորներ կան, բայց քիչ թվով: Վարչակազմն իրենց տրամադրում է վառելիք՝ մեքենայի առկայության դեպքում, եթե չունեն, նաեւ՝ մեքենա: Խառն է, թե խառը չէ․ եթե հաշվի առնենք, որ տարհանում է, ապա այնպիսի վիճակ է, ինչպիսին ենթադրում է տարհանումը: Իսկ եթե համեմատենք խաղաղ կյանքի հետ, ապա, իհարկե, մի քիչ խառն է: 

- Իրենց ասում էին, որ գազամատակարարում, հոսանք են վերականգնում, կոչ էին անում մնալ տներում, իսկ հետո ասվեց, որ գնան: Ինչպե՞ս կմեկնաբանեք այս հակասությունները: 

- Ես՝ որպես շրջվարչակազմի ղեկավար, ունենալով հարավային թեւում դժկամ փորձ, ընդամենը Բերձորի բնակչությանը խորհուրդ եմ տալիս, որ լքեն Բերձորը՝ սեփական պատասխանատվությամբ, անվտանգության նկատառումներից ելնելով: 

- Այսինքն, կան այնպիսիք, որ մնո՞ւմ են: 

- Ոչ, շատ փոքրաթիվ աշխատակիցներ կմնան՝ որոշ գերատեսչությունների աշխատանքը պահպանելու համար: 

- Բայց, որպես Բերձորի համայնքապետ, ինչպե՞ս եք բացատրում այդ հակասությունը՝ որ սկզբում մարդկանց ասացին, որ մնան, հետո՝ որ հանձնում են Բերձորը: 

- Դուք իրավիճակը պատկերացնում եք, եկեք ես չբացատրեմ դա: Մենք թե՛ Հայաստանում, թե՛ Արցախում ունենք բանակցային խումբ, դիվանագիտական կորպուս, որոնք այդ հարցերին հստակ ու կոմպետենտ պետք է պատասխանեն, եթե առհասարակ որեւէ հստակություն այս պահին գոյություն ունի մեր բանակցային պրոցեսում:  

ՀԳ․ Քաշաթաղի շրջանում, ընդհանուր առմամբ, հանձնվելու է 52 բնակավայր: Քաշաթաղի վարչակազմը ֆեյսբուքյան էջում գրել է, որ անհրաժեշտ են կամավորներ՝ բնակիչների գույքը Հայաստան տեղափոխելու համար։ Բերդաձորը, որը Լաչինի միջանցքի վերջին գյուղն է, մնում է հայկական կողմին:

«Փաստաթղթում հստակեցում չեն արել, թե այդ երկու համայնքների վարչական կառավարումն ով պետք է իրականացնի: Թերի կազմված, չդետալիզացված փաստաթուղթ է: Արդյունքում ներկայիս իշխանությունները, մասնավորապես՝ Արցախի նախագահի մամլո խոսնակը, որը կոչ էր անում հետ վերադառնալ, բանից պարզվում է՝ լիարժեք ու կոմպետենտ չէր: Ոչ կոմպետենտ կառավարիչներն ինչպես ՀՀ-ում, այնպես էլ Արցախում փաստացի ժողովրդին կանգնեցնում են մի իրավիճակի առաջ, որ մարդիկ իրենք պետք է իրավիճակին համարժեք քայլեր ձեռնարկեն»,- ասում է Արցախի պատգամավոր, «Արդարության» անդամ Կարեն Հովհաննիսյանը: Որտե՞ղ են տեղավորվելու փախստականները: «Կազմակերպված ոչինչ չկա»,- ասաց պատգամավորը: Արցախում կա՞ որեւէ պաշտոնյա, որեւէ մեկը, որն ունի Արցախի քարտեզ, որի վրա նշված լինեն բոլոր գյուղերը, որոնք հանձնվում են Ադրբեջանին կամ մնում են Հայաստանին: «Բացի հողատուից, կա մեկը, ով հասկացել է, թե իր առաջ ինչ փաստաթուղթ է դրված: Ո՛չ Հայաստանի ԱԳ նախարարն է մի հոդաբաշխ միտք արտահայտել, ո՛չ Արցախի ԱԳ նախարարը: Նա բոլոր տեղահանվածների համար պատասխան է տալու, պատասխան է տալու նաեւ գենշտաբը, նաեւ՝ Դավիթ Տոնոյանը եւ բոլոր նրանք, ովքեր այս ժողովրդին մոլորեցրել են ու հասցրել այս ողբերգությանը»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել